Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայուն առաջընթաց»

Հունիս 10,2006 00:00

Այսպես են գնահատում «Հայէկոնոմբանկի» (ՀԷԲ) գործունեությունը բանկի բաժնետերերը

Երեկ կայացավ ՀԷԲ տարեկան ժողովը, որի ընթացքում բաժնետերերին 2005թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց, ապա լրագրողների հարցերին պատասխանեց բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: 2005թ.-ին ՀԷԲ շահույթը կազմել է 1.204.6 մլն դրամ, որից 257 մլն-ը կհատկացվի բանկի մոտ 1500 բաժնետերերին՝ որպես շահաբաժինների վճարում: ՀԷԲ բաժնետոմսերը 2005թ.-ին կբերեն տարեկան 11%-ի եկամտաբերությամբ շահաբաժին: Դա գերազանցում է ժամկետային ավանդների համար վճարվող մոտ 6% ունեցող տարեկան շահաբաժինը:

2005-ի վերջին «Հայէկոնոմբանկը» հայկական ֆինանսական շուկայում ներդրեց նոր ֆինանսական գործիք՝ կարճաժամկետ կորպորատիվ պարտատոմսեր: Դրանք թողարկվեցին պիլոտային՝ 200 մլն դրամ ծավալով եւ տարեկան 6% եկամտաբերությամբ: Վեց ամսվա ընթացքում գրանցվել է 257 մլն դրամի շրջանառություն, ինչը վատ տվյալ չէ, սակայն ՀԷԲ-ն ավելի մեծ ակտիվություն էր սպասում: Մեր կողմից նկատենք, որ Հայաստանում արժեթղթերի շուկայի ըստ էության չգոյության պայմաններում ավելի ակտիվ շուկա ակնկալելը չհիմնավորված լավատեսություն էր: Այդուհանդերձ, կառավարությունը գնահատել է ՀԷԲ գործունեությունն այդ ոլորտում եւ «արժեթղթերի շուկայում ակտիվ գործունեության համար 2005թ. արդյունքներով բանկը ճանաչվել է ներքին պարտքի կառավարման ՀՀ կառավարության լավագույն գործակալ»: Նոր ֆինանսական գործիքների ներդրումը «Հայէկոնոմբանկին» կարծես թե դուր է գալիս: Եվ ահա 2005-ին բանկը, հաղթելով ՀՀ մաքսային կոմիտեի բանկային սպասարկման համար հայտարարված մրցույթը, ոչ միայն մաքսատների ու մաքսակետերի տարածքում նոր մասնաճյուղեր բացեց, այլեւ ներդրեց նոր վճարային պլաստիկ քարտ՝ «Մաքսային քարտ», ինչը նույնպես նորություն է հայկական բանկային ծառայությունների շուկայում:

Մինչ այժմ ՀԷԲ-ն այնքան էլ ակտիվ չի եղել հիպոթեքային շուկայում, սակայն ըստ պարոն Օսիպյանի, 2006-ին նախատեսվում է 500 մլն դրամի հիպոթեքային վարկավորում՝ 7 տարի ժամկետով՝ 12-14% տոկոսադրույքով: ՀԷԲ-ը պահպանում է իր առաջատար դիրքերը նաեւ պլաստիկ քարտերի շուկայում եւ այսօր փակում է հայաստանյան պլաստիկ քարտերի շուկայի 51,9%-ը:

Պարոն Օսիպյանը, պատասխանելով հասարակությանն այսօր թերեւս ամենաշատը հուզող՝ դոլարի անկման մասին հարցերին, նկատեց, որ ողջ աշխարհում է նկատվում դոլարի թուլացում, եւ միայն մի քանի երկրներում՝ Չիլիում, Արգենտինայում, Մեքսիկայում եւ Հունգարիայում է դոլարը 4,2%-ով ուժեղացել: Բացի համաշխարհային միտումներից, կան նաեւ տեղական բնույթի հանգամանքներ, այսպես կոչված՝ «սեզոնայնությունը», որի պատճառով այսօր հայաստանյան շուկայում դոլարի առաջարկը մեծացել է, իսկ պահանջարկ չկա: ՀԷԲ ավանդատուների 20%-ը արդեն իր խնայողությունները դոլարից փոխարինել է դրամով: Պարոն Օսիպյանը «բարձր գնահատեց» նաեւ ԿԲ-ի աշխատանքը՝ դոլարիզացիայի դեմ պայքարում: Իսկ երբ լրագրողները խնդրեցին ավելի խոր կանխատեսում անել, թե մինչեւ ե՞րբ եւ ո՞ւր է իջնելու դոլարը, նա ասաց. «Եթե կարողանայի մինչեւ վերջ գնահատել, ամենաերջանիկ մարդը կդառնայի: Սորոսից հետո»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել