Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋԵԼ ԵՆ

Հունիս 10,2006 00:00

Փոխարենը նրանց տեղը գրավել են «տիգրանները, սուրիկ-հովիկները, մառա-ռաֆայելներն ու չորս ընկերները»

300 խոշոր հարկատուների ցանկը նախորդ տարվա համեմատ զգալի փոփոխություններ է կրել: Առաջին հայացքից՝ Հայաստանում խոշոր հարկատուները չեն փոխվել, ցանկում նույն անուններն են, առաջին 5 խոշոր հարկատուները մնացել են նույնը, բայց երբ ընկերությունների գրաված դիրքերն ուսումնասիրում ես իրենց ոլորտների համապատասխան, գալիս ես այն եզրակացության, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներն անկում են ապրել: Օրինակ, 2005-ի առաջին եռամսյակի համեմատ բոլոր բուհերն իրենց դիրքերը զիջել են նվազագույնը 10 նիշով: Բայց սա չի նշանակում, թե բուհերը տարեցտարի սկսել են ավելի քիչ հարկ վճարել: Բոլորս էլ գիտենք, որ կրթություն ստանալն ավելի ու ավելի թանկ է դառնում, քանի որ վարձավճարները ամեն տարի ավելանում են, ուստի բուհերի վճարած հարկերը պետք է որ ավելանային: Խնդիրն այն է, որ այս տարվա հարկատուների ցանկում բավականին մեծ տեղ են գրավում «Չորս ընկեր», «Մառա-Ռաֆայել», «Անուշ եւ Հայկ», «Սուրիկ-Հովիկ», «Քաջիկ», «Տիգրան», «Կլարա», «Նարեկ», «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունները, որոնց անունները հասարակությանը ոչինչ չեն ասում: Այն, որ այս ընկերությունների մեծ մասը ոչ թե 300, այլ նույնիսկ 100 խոշոր հարկատուների ցանկում է, վկայում է այն մասին, որ այդ ընկերությունները բավականին խոշոր բիզնես ունեն: Ավելին՝ դրանք մի շարք հայտնի ընկերությունների, այսպես ասած, «դուստր ձեռնարկություններն» են, որոնց մասին որպես առանձին ընկերություններ տեղեկատուներում գաղափար անգամ չունեն, հետեւաբար որեւէ կոորդինատ էլ չունեն: Ուստի ցանկը հասարակ քաղաքացու համար բացարձակապես նշանակություն չունի, որովհետեւ եթե ուզենա էլ գտնել, ասենք, «Չորս ընկեր»-ներից գոնե մեկին՝ իմանալու, թե ինչ են արտադրում, ինչ բիզնեսով են զբաղվում՝ չի կարող:

300 խոշոր հարկատուների ցանկում Երեւանի պետական համալսարանը անցյալ տարի առաջին եռամսյակում 80-րդ տեղում է եղել, այս տարի՝ 111-րդ, չնայած դրան, համալսարանի վճարած հարկերը կրկնապատկվել են: Նույնն է նաեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեպքում. անցյալ տարի այն գրավել է 67-րդ, այս տարի՝ 139-րդ հորիզոնականը, թեեւ վճարած հարկերն ավելացել են: Ընդ որում, անցյալ տարի Բժշկական համալսարանը բոլոր բուհերից ամենաշատ հարկ վճարողն է եղել: Սա նաեւ պայմանավորված է վարձավճարների ավելացմամբ: Ընդհանրապես այս տարի խոշոր հարկատուների ցանկում մասնավոր բուհեր չկան: Անցյալ տարի ցանկի վերջին հորիզոնականներում ընդգրկված էին Հրաչյա Աճառյանի եւ Ռուս-հայկական համալսարանները, որոնք այս տարի արդեն 300 հարկատուների մեջ չեն մտնում: Ցանկից դուրս են մնացել նաեւ Գյուղատնտեսական ակադեմիան եւ Երեւանի ճարտարապետոթյան եւ շինարարության պետական համալսարանը: Վերջինս անցյալ տարի էլ հազիվ է տեղավորվել 300 հարկատուների շարքում՝ գրավելով 293-րդ տեղը:

«Նարեկի», «Կլարայի» ու «Տիգրանի» հաշվին իրենց դիրքերն այս տարի զիջել են նաեւ հյուրանոցները: Օրինակ, «Երեւան» հյուրանոցն անցյալ տարի 124-րդ տեղում է եղել, այս տարի՝ ընդամենը 135, բայց վճարած հարկերը գրեթե եռապատկվել են: Ավելի պարզ պատկերացնելու համար, թե հարկատուների ցանկը որքան է ընդլայնվել ու ինչ փոփոխություններ են կատարվել՝ բավական է ուշադրություն դարձնել Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնի վճարած հարկերին ու գրաված դիրքերին. կենտրոնը գրեթե նույն չափով հարկ է վճարել թե՛ 2005-ին, թե՛ 2006-ին՝ շատ չնչին տարբերությամբ, բայց նախորդ տարվա 78-րդ տեղի փոխարեն այս տարի այն արդեն հայտնվել է 267-րդ հորիզոնականում: Նույն պատկերն է նաեւ թռչնաբուծական ֆաբրիկաների դեպքում. «Լուսակերտը» 2005-ին եղել է 127-րդ տեղում, այս տարի գրավել է երկակի ցածր դիրքեր՝ 296, թեեւ մի քանի միլիոն դրամ ավելի շատ է հարկ վճարել:

Տոնավաճառ-առեւտրի կենտրոններից «Սուրմալուն» այս տարի ցանկում ընդհանրապես ընդգրկված չէ, իսկ անցյալ տարի 163-րդ տեղում է եղել: «Տաշիրն» ու «Փեթակը» թեեւ մոտ 100 նիշով զիջել են տեղերը, բայց հարկերը տարեցտարի մոտ երկու տասնյակ միլիոնով ավելացրել են:

Իհարկե, կան նաեւ ընկերությո
ւններ, որոնք հարկատուների ցանկում 2006-ին ավելի համեստ տեղեր են գրավել, բայց դա ոչնչով կապ չունի «տիգրանների ու մառաների» հետ. պարզապես ավելի քիչ են հարկ վճարել: Օրինակ, «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» 2005-ին եղել է 35-րդ, իսկ այս տարվա տվյալներով՝ 162-րդ հորիզոնականում, բայց հնդիկների վճարած հարկերը ոչ թե ավելացել են, այլ շուրջ 30 մլն դրամով պակասել:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել