Երեկ Մամուլի ազգային ակումբում ներքաղաքական թեմաներով թեժ բանավեճ էր ծավալվել
Մամուլի ազգային ակումբում երեկ քննարկվում էին ներքաղաքական խնդիրներ: Հրավիրված էին նաեւ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներ, սակայն նրանք, չգիտես ինչու, հրավերը չէին ընդունել, եկածները հիմնականում ընդդիմադիր գործիչներ էին, նաեւ՝ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Վերջինս երեկ հայտարարեց, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները կարող են լուրջ բեկում առաջացնել՝ Հայաստանի հանրային կյանքի ակտիվացման տեսանկյունից: Ըստ Խոսրով Հարությունյանի, քանի դեռ հասարակությունն իր բոլոր խնդիրները պայմանավորում է մեկ անձով, խորհրդարանը միշտ լինելու է երկրորդական դերակատարման մարմին, եւ հանրությունն էլ դուրս է մնալու քաղաքական գործընթացների մասնակցությունից, ինչպես այժմ: Ըստ պարոն Հարությունյանի, սա է պատճառը, որ 62 հազարանոց կուսակցության դուրս գալը կոալիցիայից համարժեք արձագանք չառաջացրեց. «Հետեւաբար, ամենից շատ մենք պետք է խոսենք ոչ թե քաղաքական այս կամ այն ուժի թվային միավորումների մասին՝ 100 հազար կուսակցությունը միացավ 62 հազար կուսակցության հետ, այլ ավելի շատ խոսենք, թե ինչ որակ են բերում կուսակցությունները քաղաքական գործընթացներին»: Ըստ նրա, այսօր որեւէ կուսակցություն պատրաստ չէ միայնակ իրականացնել արդյունավետ իշխանություն, քանի որ համապատասխան ռեսուրս չունի:
ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը դարձյալ իրենն էր ասում. «Զարմանալիորեն մենք դարձել ենք հոռետես, վատատես այն ժամանակ, երբ պետք է ուժերը լարել, ոչ թե սպասել, որ իշխանությունը, որը պարտադրանքով գնաց այդ կիսաքայլին՝ Սահմանադրության փոփոխությանը, օրենքները համապատասխանեցնի այդ փոփոխություններին»: Նրա խոսքով, հասարակությունը, հասարակական կազմակերպություններն ու ընդդիմությունը պետք է աշխատեն ստեղծված հնարավորությունն օգտագործել: Շավարշ Քոչարյանն այդ հնարավորության արտահայտություն է համարում այն, որ երկրի գործադիր իշխանության լծակների վրա մեծանում է վարչապետի պաշտոնի ազդեցությունը: Պատգամավորը կարծում է, որ ավելի լավ է լծակների մեծամասնությանը տիրապետի վարչապետը, քան նախագահը: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը Շավարշ Քոչարյանի այս պահվածքը որակեց հայացք դեպի Եվրոպա եւ մտավախություն հայտնեց, որ դա կարող է հասարակությանը պասիվության մղել:
ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի կարծիքով. «Այս երկրում, այս պայմաններում չի կարող դերակատարություն ունենալ որեւէ քաղաքական ուժ: ՕԵԿ-ը քանդեցին, կոալիցիան լուծարվեց, բայց երկրում ճգնաժամ չկա, որովհետեւ երկրում քաղաքականությունը քաղաքական կուսակցությունները չեն որոշում, երկրում քաղաքականությունը որոշում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված կլանը: Սրա մասին խոսեք, խոսեք՝ ով ինչքան է պաշտպանել այդ կլանին, ով է նրանց համար հող ստեղծել, ով է այդ ծառը ջրել, այն 18 հազարը ովքեր են, որ նրանց համար «լցրել» են, սրա մասին պիտի խոսվի, իսկ ինչ վերաբերում է 1999 թվականի խորհրդարանին, համաձայն չեմ դրա հետ, չեմ կարող համաձայնել»,- հակադարձելով Խոսրով Հարությունյանի այն պնդմանը, որ խորհրդարանի պատկերը շատ ավելի վատացավ 99 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նաեւ հավելեց. «Եթե 99 թվականի խորհրդարանը վատը լիներ, «Հոկտեմբերի 27» չէր լինի»: Սրան ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանը հավելեց. «Միանգամայն ճիշտ եք, ժողովրդի վստահությունը պայմանավորված էր երկու անհատներով, լիդերներով, բայց ցուցակ, քաղաքական թիմ, որ այդ անհատներից հետո կարող էր այդ քաղաքականությունը իրականացնել, չկար»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ