Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՎԵԴԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ Է 1766 ԹՎԱԿԱՆԻՑ

Հունիս 10,2006 00:00

Շվեդիան համարվում է աշխարհում ամենահին դեմոկրատական ավանդույթներ ունեցող երկիրը: Շվեդ լրագրող Մաթս Անդերսենը Շվեդիայում տեղեկատվություն ստանալու ազատության, իր ասած՝
«գլասնոստի» նախահայր է համարում… Պետրոս Առաջինին: Երբ Պետրոս Առաջինը Կառլ 12-րդ շվեդական թագավորին պարտության մատնեց, Շվեդիայի դիրքերը թուլացան, եւ 18-րդ դարում այդ երկրում ստեղծվեց երկու կուսակցություն, որոնք հերթով միմյանց փոխարինելով
կանգնում էին պառլամենտի գլուխ: Նման կուսակցական ակտիվությունը դրական ազդեցություն թողեց՝ մեկը մյուսի հետեւից առաջադեմ օրենքներ էին ընդունվում: Կուսակցություններից մեկի նախաձեռնությամբ օրենք ընդունվեց պետական կառավարման թափանցիկության մասին, այլ խոսքերով՝ օրենք տեղեկատվության ազատության մասին: Դա 1766 թիվն էր, եւ այդ ժամանակվանից պետական փաստաթղթերի հետ ծանոթանալու՝ քաղաքացիների իրավունքը մտավ շվեդական կուլտուրայի մեջ: Սակայն պաշտոնապես դեմոկրատիան այս երկրում հաստատվեց 1921-ից, երբ կանանց իրավունք տրվեց ընտրելու: Իսկ Շվեդիայում մարդիկ լուրջ են վերաբերվում իրենց ընտրական իրավունքին. մինչեւ 7-8 տարի առաջ պառլամենտական կամ մունիցիպալ ընտրություններին մասնակցում էր բնակչության 90%-ից ավելին: Այժմ ընտրողների քանակը հասնում է հազիվ 80%-ի, քանի որ մարդիկ վստահ չեն, որ իրենց ձայնը որոշիչ է: Հարցը կեղծիքները չեն՝ դրանք ուղղակի չկան, այլ այն, որ երկրին վերաբերվող շատ հարցեր լուծվում են Եվրոպառլամենտում, իսկ շվեդներին դա այնքան էլ դուր չի գալիս: Ըստ տեղեկատվության թափանցիկությանը վերաբերվող օրենքի՝ Շվեդիայի պետական, հասարակական, մունիցիպալ սեկտորի չինովնիկները կարող են առանց վախենալու ինֆորմացիա փոխանցել, եւ «ոչ ոք իրավունք չունի փնտրելու», թե ո՞վ է տվել այդ ինֆորմացիան: Եթե նույնիսկ առանց փնտրելու գիտեն, թե որտեղից է եղել ինֆորմացիայի արտահոսքը, իրավունք չունեն այդ աղբյուրին քննադատելու, ուր մնաց թե՝ պատժելու:

Երբ Շվեդիայի Կալմար քաղաքում կայացած լրագրողական սեմինարի ընթացքում
մեզ ասացին դա, ես հիշեցի, թե ինչ պատահեց, երբ «Առավոտում» մոտ մեկ տարի առաջ հրապարակվեց, թե վարչապետն ում եւ ինչ զենքեր է նվիրել. կառավարությունում անցկացվեց ծառայողական քննություն, եւ «մեղավորին» հայտնաբերելուց հետո նրան հեռացրեցին աշխատանքից: Շվեդիայում նման բան ուղղակի չէր կարող լինել: Եթե հանկարծ պատահեր, հաջորդ օրը վարչապետը ստիպված կլիներ հրաժարական տալ: Շվեդիայում հասարակական նշանակության փաստաթղթերը բաց են բոլորի համար: Ընդ որում, շարքային մահկանացուները տեղեկատվության ազատության իրենց իրավունքից օգտվում են շատ ավելի, քան լրագրողները: Ըստ վիճտվյալների, պետական եւ մունիցիպալ փաստաթղթերի հետ ծանոթանալու ցանկություն ունեցողների միայն 18%-ն է լրագրող: Սահմանադրությամբ ամրագրված է, որ բաց են բոլոր թղթերը, թեեւ կան շատ չնչին բացառություններ, օրինակ՝ մարդկանց անձնական բժշկական թերթիկները, երեխաներին ընտանիքներից վերցնելու որոշումները եւ այլն:

Ի դեպ՝ երեխաներին ընտանիքներից վերցնելու մասին: Այս ցավոտ թեմային «Առավոտն» անդրադարձել էր դեռ մարտի 11-ի համարում տեղ գտած եւ մեծ արձագանքներ ստացած «Արեւմուտքի ստվերոտ կողմերը» հոդվածում, որում վերապատմվում էր լեհ լրագրողների ֆիլմը, մասնավորապես, Շվեդիայում մեծ տարածում գտած այդ երեւույթի մասին: Շվեդիայում հայտնվելուն պես առաջին հարցը, որով դիմում էի ինձ հանդիպած բոլոր չինովնիկներին եւ լրագրողներին՝ առնչվում էր հենց այս թեմային: Պարզվեց, որ դա այլեւս ցավոտ չի ընկալվում: 20-30 տարի առաջ երեխաներին ընտանիքներից վերցնելու եւ ֆոստերային (խնամակալ) ընտանիքների հանձնելու հարցը ԶԼՄ-ների մշտական թեմա էր: Սակայն մի քանի դեպքից հետո, երբ հարազատ ընտանիքներում կատարված ընտանեկան բռնությունների արդյունքում երեխաները հայտնվում էին հիվանդանոցում, ԶԼՄ-ները որոշեցին, որ ավելի լավ է վստահել սոցծառայություններին եւ աղմուկ չբարձրացնել: Պետք է նկատել, որ Շվեդիայում «ծնողական իրավունքներից զրկել» ասվածը գոյություն չունի: Բայց բավական է, որ հարեւանները, ուսուցիչները, անձամբ երեխան կամ որ ավելի տարօրինակ է՝ հենց ծնողը դիմի սոցծառայությանը, ասելով, որ երեխայի համար շատ ավելի լավ կլինի, եթե նրան ժամանակավորապես կամ ընդմիշտ հանձնեն ֆոստերային ընտանիքին, սոցծառայություններն անմիջապես գործի կանցնեն՝ արագ կքննեն գործն ու որոշում կընդունեն: Քանի որ, ինչպես նկատեց շվեդ չինովնիկներից մեկը՝ «երեխայի իրավունքները մեզ մոտ գերակա են ծնողների իրավունքների համեմատ»:
Սակայն ներքոբերյալ թվերն, այնուամենայնիվ, խոսուն են: Եվ այսպես, 8,8 մլն բնակչություն
ունեցող Շվեդիայում 2000 թ.-ին ընտանիքներից վերցվել են 0-ից մինչեւ 20 տարեկան 27 835
երեխա, 2002թ.-ին՝ 28.626 երեխա, իսկ 2004-ին՝ 28 611: Չնայած այս ամենին,
շվեդները շարունակում են հաճույքով երեխա ունենալ: Դա այս երկրում խրախուսվում է:
Այսօր շվեդները Եվրոպայի մասշտաբով ամենաշատ երեխաներ ունեցողներն են: Յուրաքանչյուր ընտանիքին բաժին է ընկնում 2,1 երեխա, երբ ողջ Եվրոպայում ծնելիության ցուցանիշը բավականին պակաս է՝ 1,7: Պետությունը խրախուսում է ծնելիությունը, եւ յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքին հատկացնում է նպաստ՝ ամիսը մոտավորապես $140-ի չափով: Բացի դրանից, հատկացվում է 16 ամսվա վճարվող արձակուրդ, որը կարող է վերցնել ինչպես մայրը, այնպես էլ հայրը: Ավելին, շվեդներն արդեն օրենքի ուժով 16 ամիսներից 1-ը տվել են հորը: Նպաստը տրվում է մինչեւ երեխայի 16 տարին լրանալը, որից հետո էլ, եթե երեխան գնում է գիմնազիա (իսկ գիմնազիա գրեթե բոլորը գնում են, որովհետեւ 9-ամյա միջնակարգն ավարտելուց հետո երեխան, եթե ուզում է շարունակել ուսումը, ապա պետք է նաեւ եռամյա գիմնազիա ավարտի), այս դեպքում ամսավճարը տրվում է ոչ թե ծնողին, այլ երեխային՝ ուսման համար վճարելու համար: Բայց բարձրագույն կրթությունն անվճար է:

Շվեդիան աշխարհի թիվ 1 երկիրն է՝ գենդերային հավասարության առումով: Այստեղ կանանց զբաղվածությունը ամենաբարձրն է աշխարհում՝ 74%: Երկրի պառլամենտի (ռիգստագ) 45%-ը եւ կառավարության ու համայնքային ղեկավարության առնվազն կեսը կանայք են: Կանանց հավասարության ամենախոսուն վկայություններից մեկը հյուրանոցներում եւ տուրիստական ձեռնարկություններում տեղակայված եւ այլազգիներին (հատկապես կանանց) հասցեագրված բրոշյուրներում տեղ գտած հետեւյալ միտքն էր. «Եթե ձեզ շվեդ տղամարդը հրավիրել է ռեստորան, կինո կամ համերգ, դա ամենեւին չի նշանակում, որ դուք ինքներդ չեք վճարելու տաքսու, տոմսի կամ ընթրիքի համար: Այլապես ձեզ կդնեն ոչ այնքան դաստիարակված մարդու տեղ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930