Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հունիս 10,2006 00:00

ՑՈՒՑՄՈՒՆՔ
ՏՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ Կոտայքի մարզի առաջին ատյանի
դատարանում երեկ ցուցմունքներ տվեց Արզնիի էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանի սպանության
գործով ամբաստանյալ, Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը: Նա հրաժարվեց
իր նախաքննական ցուցմունքներից՝ դատարանից խնդրելով որպես հիմք ընդունել իր դատաքննական
ցուցմունքները: Ըստ ամբաստանյալի, իր մանկության ընկեր Աշոտ Մխիթարյանի հետ
հարաբերությունների վատացումը երկար ճանապարհ է անցել: Մխիթարյանի հետ քաղաքական
հարաբերությունները անկում են ապրել 2003թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում,
իսկ 2004թ. ԱԺ լրացուցիչ ընտրություններում հակասություններն ավելի են խորացել. Մխիթարյանը
չէր կատարում այս կամ այն թեկնածուին պաշտպանելու վերաբերյալ իրենց միջեւ եղած պայմանավորվածությունը
եւ դրանով իսկ վնասում քաղաքապետի՝ Քեշիշյանի հեղինակությանը: Հարաբերությունները
վերջնականապես փչացան 2005 թ., երբ Քեշիշյանը փորձում էր 3-րդ անգամ ընտրվել Նոր
Հաճընի քաղաքապետի պաշտոնում: Մխիթարյանը պնդում էր, որ Քեշիշյանը հանի իր թեկնածությունը,
անգամ դեպք է եղել, որ նա սպառնացել է զենքով եւ հարվածել իրեն: Որպես հանգուցյալի
բնորոշող գիծ ամբաստանյալը նշեց, որ նա հարբած վիճակում ուղղակի անտանելի էր դառնում,
ուռճացնում էր Քեշիշյանի քաղաքապետ ընտրվելու հարցում իր ունեցած դերը: Ամբաստանյալը
որպես Մխիթարյանի կենսագրության բիծ նշեց, որ նա ժամանակին սպանություն է կատարել
եւ դատապարտվել դրա համար: Ըստ ամբաստանյալի, Մխիթարյանը փաստորեն իր գործողություններով
է մղել իրեն սպանության, որը տեղի է ունեցել ինքնաբուխ. «Չեմ հիշում՝ ինչ եմ արել»:
Մխիթարյանը չէր ենթարկվում ապօրինի շինարարություն իրականացնելու քաղաքապետի արգելքին,
իսկ երբ վերջինս ոստիկանների ուղեկցությամբ եկել է նշված տեղամաս, Մխիթարյանը Քեշիշյանին
ուղղված հայհոյանքներով՝ վերջիններիս ծնողների, քրոջ եւ նրա երեխաների ներկայությամբ
շարժվել է Քեշիշյանի կողմը, ձեռքը տարել դեպի գրպանը. «Ես էլ հանեցի»,- նշեց Քեշիշյանը՝
նկատի ունենալով ատրճանակը: «ՆՏ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել