Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ագոյի խումբն էլի եկել է

Հունիս 10,2006 00:00

Հայաստանում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախումբը՝ ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ: Այսօր նրանք կհանդիպեն Ռոբերտ Քոչարյանին եւ Վարդան Օսկանյանին: ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հանդես կգան ասուլիսով:

Երեկ նրանք արդեն իսկ խորհրդարանում հանդիպել են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ: Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության, Ռոլանդ Վեգեները նշել է, թե այցի նպատակն է մոնիտորինգի ենթարկել բարեփոխված Սահմանադրությունից բխող 67 նոր օրենքների ընդունման գործընթացը եւ կարեւորել Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացություն ունենալը՝ նախքան դրանք Ազգային ժողովի հանձնաժողովներում եւ լիագումար նիստում քննարկումը եւ առաջին ընթերցմամբ ընդունումը:

Ռոլանդ Վեգեները կարեւորել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի բարեփոխման հարցը, նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախության խնդիրը: Ընդգծել է նաեւ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների կարեւորությունը՝ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար անցկացման առումով, ինչն, ըստ նրա՝ կամրապնդի խորհրդարանի նկատմամբ վստահությունը: Կարեւորվել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացումը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել է, որ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերն այն համոզման են, թե անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով բոլոր հնարավորությունները ստեղծել 2007թ. ընտրությունները եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:

«Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւ «Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը, սակայն, կարեւորել են ոչ միայն եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրություն ունենալը, այլ նաեւ այն կիրառելը:

ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի ղեկավարը երեկ հանդիպել է նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Սահմանադրությանը օրենսդրության համապատասխանեցման շրջանակներում՝ պարոն Վեգեներն անդրադարձել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններին՝ ընդդիմության ձայնը լսելի դարձնելու նկատառումով, նաեւ՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունավետությանը լուծված հարցերի տեսանկյունից:

ԱԺ նախագահն ի պատասխան հայտնել է, թե զգալի բարելավվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը: Մամուլի ազատությանն անդրադառնալով՝ Տիգրան Թորոսյանը կարեւորել է զանգվածային լրատվամիջոցներում բազմակարծության ապահովումը, որը հնարավոր կլինի խորացնել Սահմանադրությամբ ամրագրված դրույթների կիրառումն օրենսդրության մեջ: Նաեւ հայտնել է, թե «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներին, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, ԱԺ-ն կանդրադառնա աշնանը:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել