Եվ
խախտումները փորձում սքողել մանր խորամանկություններով «Հեռուստատեսության
եւ ռադիոյի մասին» օրենքի 50-րդ հոդվածում 2003-ի դեկտեմբերին կատարվեց լրացում,
ըստ որի՝ «Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն
ընտրելու, արտոնագիր տալը մերժելու» մասին որոշումները։ «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքի
67 հոդվածի համաձայն՝ այդ որոշման պատճենն ուղարկվում է դիմողին որոշումն ընդունելուց
հետո՝ տասնօրյա ժամկետում: Մայիսի 25-ին մրցութային առաջարկների ամփոփումից
հետո, ուր հերթական անգամ հեռարձակման հնարավորություն չստացավ «Ա1+»-ը՝ 12 օր անց՝
հունիսի 6-ին, «Ա1+»-ի կայքէջում հրապարակվեց հաղորդագրություն, թե ՀՌԱՀ-ը դեռեւս
ոչ մի հիմնավորում չի տրամադրել «Ա1+»-ին: Երեկ հրավիրված ասուլիսում ՀՌԱՀ
նախագահ Գրիգոր Ամալյանը պնդեց, թե իրեն զրպարտել են: Ըստ նրա՝ մայիսի 25-ից հետո
10-օրյա ժամկետը լրանում է… հունիսի 5-ին (ի գիտություն ՀՌԱՀ-ի՝ մայիսը 31 օր ունի),
եւ իրենք օրենքով սահմանված ժամկետի ավարտին՝ հունիսի 5-ին հատուկ փոստով ուղարկել
են որոշման պատճենը: Սակայն հունիսի 8-ին ծրարը վերադարձվել է ՀՌԱՀ-ին. «Եթե երկու
անգամ առաքումը իրականացնելուց հետո հասցեատերը չի ստանում պատվիրված նամակը, վերադարձվում
է հասցեատիրոջը՝ այդ մասին նրան ծանուցելով»: Գրիգոր Ամալյանը նաեւ հայտնեց, որ փոստատարը
դիմել է հարեւաններին. «Ասել են՝ տանը չեն լինում»: Խնդիրն այն է, որ նամակն ուղարկվել
է «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի բնակարան, ուր գրանցված է «Մելտեքս» ընկերությունը:
ՀՌԱՀ նախագահը նշեց, թե հենց այս հասցեն է նշվել արտոնագրման մրցույթին մասնակցելու
դիմումի մեջ: «Այս պահին դուք դեռ Գրիգոր Լուսավորչի-15 հասցեո՞ւմ եք,- ասուլիսին
ներկա «Ա1+»-ի թղթակցին հարցրեց պրն Ամալյանը:- Բարի լինեիք, ձեր դիմումի տակ այն
գրեիք գոնե որպես այլընտրանքային հասցե»: Սակայն «Ա1+»-ի մրցութային առաջարկի
հենց առաջին էջում որպես ընկերության գտնվելու վայր նշված է Լուսավորչի-15 հասցեն,
եւ ենթադրվում է, որ ՀՌԱՀ անդամները գոնե փաթեթի այդ առաջին էջը պիտի տեսած լինեին:
Առավել ուշագրավ է, որ արտոնագրման մրցույթին մասնակցելու դիմումում գտնվելու վայրի
փոխարեն «Մելտեքսի» զուտ իրավաբանական հասցեն գրվել է ՀՌԱՀ լիցենզավորման եւ մեթոդական
վարչության պետ Իշխան Վարդանյանի պահանջով: «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանն
«Առավոտին» պատմեց. «Դիմումը գրում էի ՀՌԱՀ-ի աշխատակազմում եւ «գտնվելու վայրը»
տողի դիմաց գրեցի Լուսավորչի-15: Իշխան Վարդանյանն ասաց, որ գրեմ իրավաբանական հասցեն:
Ես ասացի, որ եթե ինչ-որ նամակագրություն ունենաք՝ մենք դեռ Լուսավորչի-15 հասցեում
ենք: Պատասխանեց, թե գիտենք ձեր տեղը: Նա պատռել տվեց այդ թուղթը, եւ ես նորից գրեցի»:
Ի դեպ, Մեսրոպ Մովսեսյանի հարեւանը Բադեյանների ընտանիքն է, որոնցից տեղեկացանք,
թե միակ նամակը, որն իրենց առաջարկել է ստանալ աշխատանքային օրվա ընթացքում տանը
«Ա1+»-ի ղեկավարին փնտրող փոստատարը՝ բերվել է հունիսի 8-ին, այսինքն՝ օրենքով նախատեսված
ժամկետը լրանալուց 4 օր անց: Հատուկ փոստի առաքողը պահանջել է, որ հարեւանները ստորագրեն
ու կնքեն, թե ստացել են այդ ծրարը: Բավական սրամիտ ենթադրություն է, թե հարեւանները
պիտի կնիք ունենան տանը: Այս ամբողջ պատմությունն էական է նաեւ հետեւյալ առումով.
Սուսաննա Օհանջանյանը մայիսի 25-ին «Առավոտին» հայտնել էր, թե չի բացառվում, որ ՀՌԱՀ
որոշման պատճենը ստանալուց հետո իրենք դատարան դիմեն հետեւյալ օրինախախտման համար.
«ՀՌԱՀ-ն օրենքի համաձայն պարտավոր էր հրապարակել մրցույթի պայմանները՝ այն նվազագույն
պահանջները, որոնք պարտավոր են ապահովել մասնակիցները: Հանձնաժողովն այս անգամ դա
չէր արել»: Գրիգոր Ամալյանն այս մեղադրանքն էլ ասուլիսում անվանեց «ակնհայտ կեղծիք»
եւ զրպարտություն. «Եղել է բաց, հրապարակային նիստ, եւ մրցույթի բոլոր պայմանները
հրապարակվել են: Եթե պայմաններ չեն հրապարակվել՝ ո՞նց է եղել այդ մրցույթը»: Սակայն
ասուլիսից հետո «Առավոտին» տրված հարցազրույցում ՀՌԱՀ նախագահն ընդունեց. «Հանձնաժողովը
պայմաններ չի առաջադրել սեփական եւ հայրենական հաղորդումների ծավալի վերաբերյալ,
որը բոլորովին այլ մեղադրանք է: Մի դեպքում՝ օրենքի խախտում է, իսկ այս դեպքում՝
մեր հայեցողականությունն է: Գտել ենք, որ ընկերությունները թող օրենքի նվազագույն
պահանջները բավարարեն եւ իրենց նախաձեռնությամբ առաջարկեն իրենց սեփական հաղորդումների
ծավալը: Նրանք ազատ էին ցանկացած բան առաջարկելու»: Նշենք, որ սեփական եւ
հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը օրենքով արտոնագրատիրոջ ընտրության
ժամանակ հաշվի առնվելիք 4 չափանիշներից 2-ն է: Եվ կարող է միայն միտումնավորության
մասին վկայել, թե ինչու ՀՌԱՀ-ը որեւէ նվազագույն պայման չէր սահմանել այդ կարեւորագույն
չափորոշիչների վերաբերյալ: Հայրենական հաղորդումների նվազագույն շեմը՝ 65 տոկոսից
ոչ պակաս, դեռ սահմանված է օրենքով, սակայն սեփական հաղորդումների նվազագույն ծավալի
մասին օրենքում չկա եւ ոչ մի խոսք: Քանի որ ՀՌԱՀ-ն այս անգամ չէր հրապարակել այդ
պայմանները, ու նաեւ այն, թե ինչպես են հաշվարկվելու սեփական հաղորդումները, ինչպես
արդեն հրապարակել ենք, ըստ «Ա1+»-ի պրոդյուսերի՝ իրենք առաջնորդվել էին նախկին հրապարակումներով:
Իսկ հանձնաժողովը միշտ սեփական հաղորդումները հաշվարկել է հայրենականի ծավալից, այլ
ոչ թե ընդհանուր եթերաժամանակից: Եվ պարզվել էր, որ հատկապես այս չափորոշիչով նրանք
այս անգամ զիջել էին մրցույթում իրենց մրցակիցներին: «Բայց իրենք գիտեի՞ն, չէ՞, որ
պետք է համեմատվեին այդ չափանիշները,- հարցրեց պրն Ամալյանը, եւ մեր նկատառմանը,
թե ՀՌԱՀ-ը փոխել է սեփական հաղորդումների հաշվարկի սկզբունքը՝ առարկեց.- Հաշվարկի
սկզբունք գոյություն չունի՛: Կա համեմատություն ընկերությունների ներկայացված տեղեկատվության
մեջ»: Ուշագրավ է, որ պրն Ամալյանը համարում է, թե սեփական եւ հայրենական
արտադրության հաղորդումների նվազագույն ծավալը չնշելը ՀՌԱՀ-ի կողմից խախտում չէ,
երբ հանձնաժողովի հաստատած արտոնագրման մրցույթի կարգում իսկ նշված է, թե հանձնաժողովը
պիտի սահմանի մրցույթի պայմաններ՝ այն նվազագույն պահանջները, որոնք առաջադրվում
են մասնակիցներին հեռարձակման արտոնագիր ստանալու համար: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ