Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏՈՒԿԱՉՈՒԹՅՈՒՆ»՝ «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ» ՀՈՂԻ ՎՐԱ

Հունիս 10,2006 00:00

Երեկ
Հայաստանի Երիտասարդական կուսակցության գրասենյակում ասուլիս էր հրավիրել «Ժառանգություն»
կուսակցության նախկին անդամ Էդգար Հակոբյանը, որին հարազատ կուսակցությունից հեռացրել
էին, պոպուլյար լեզվով ասած՝ «ստուկաչության» համար: Մամուլում եղած մի հրապարակման
համաձայն, նա «Ժառանգություն» կուսակցությունում իշխանությունների օգտին լրտեսությամբ
է զբաղված եղել: Է. Հակոբյանը երեկ իր ասուլիսում մի քանի կարեւոր հայտարարություններ
էր արել, որոնց առնչությամբ մեկնաբանություններ ստանալու համար մենք դիմեցինք կուսակցության
կանոնադրական հանձնաժողովի նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Այսպես, Է. Հակոբյանը
հայտարարել էր, թե ինքը մայիսի 19-ին հայտարարությամբ դիմել է «Ժառանգություն» կուսակցությանը՝
դրանով իր հարցը փակված համարելով, եւ խզել էր կապը կուսակցության հետ: Է. Հակոբյանն
ասել կուզեր, որ ոչ թե իրեն են հեռացրել կուսակցությունից, այլ ինքն է հեռացել: Թե
ինչու՝ Է. Հակոբյանը մանրամասնել էր, որ այն ժամանակ, երբ ինքն անդամակցել էր կուսակցությանը,
«Ժառանգությունը» չափավոր, կառուցողական դիրքորոշումներ ուներ, իսկ կուսակցության
համագումարում էլ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել էր ոչ թե հեղափոխությունների կամ ծայրահեղ
քայլերի մասին, այլ տրանսֆորմացիոն զարգացումների: «Սակայն գնալով նրանց գործելաոճը
մղվեց դեպի ծայրահեղ դաշտ: Նա միացավ այն ծայրահեղ քաղաքական ուժերին, որոնք գործում
են ընդդիմության դաշտում: Նման գործելաոճը մեզ համար ընդունելի չէ»,- հայտարարել
է երիտասարդը՝ հավելելով, թե կուսակցության հետ գաղափարական տարաձայնությունները
սկսել են ծագել սահմանադրական հանրաքվեից հետո, որ դրանք եղել են նաեւ ԼՂ խնդրի շուրջ.
«Ես այն կարծիքին էի, որ ԼՂ հարցով հասարակությունը պետք է հանդես գա միասնական դիրքորոշումով՝
առանց ընդդիմություն-դիմություն, եւ պաշտպանի այն տեսակետը, որն այսօր փորձում է
կիրառել Հայաստանը»: Է. Հակոբյանը նաեւ մեղադրել էր Ր. Հովհաննիսյանին իր կուսակիցներին
հեռացնելու, «փակ գործունեության» մեջ: Նա նաեւ սպառնացել էր, որ իր հետ միասին
կուսակցությունը լքելու են նաեւ իր 50-60 ընկերները: Ի պատասխան այս հայտարարությունների՝
Հ. Խուրշուդյանն ասաց, որ Է. Հակոբյանը դեռեւս մայիսի 19-ին է հեռացվել ե՛ւ «Ժառանգություն»
կուսակցությունից, ե՛ւ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ-ից: Ավելին, նա
արդեն 4-5 ամիս առաջ այլեւս այդ հ/կ-ի կանոնադրական հանձնաժողովի քարտուղար չի եղել,
ինչպես ներկայացել էր ասուլիսում: Իսկ ազատել էին նրան այն պատճառով, որ արդեն
այն ժամանակ որոշակի կասկածներ էին եղել նրա «ստուկաչության» վերաբերյալ, եւ որոշվել
էր նրան այլեւս ոչ մի ծրագիր չփոխանցել: «Մենք պարզապես չէինք ուզում դա հրապարակել
եւ մեկնաբանել, որովհետեւ դա մեզ համար էլ էր տհաճ պատմություն: Մենք ուզում էինք
այդ խոսակցությունը փակված համարել. Աստված իր հետ, ինչ եղել է՝ եղել է: Բայց քանի
որ նրան սկսել են քաղաքական նկատառումներով օգտագործել մեր դեմ՝ շահարկելով այդ հարցը,
մենք չենք բացառում նաեւ, որ նրա «ստուկաչության» գլուխգործոց նամակագրությունը փոխանցենք
մամուլին, իհարկե, եթե կուսակցությունն այդպիսի որոշում կայացնի»,- ասաց պարոն Խուրշուդյանը:
Ինչ վերաբերում է «գաղափարական տարաձայնություններին», ապա վերջինիս ասելով,
դա արդեն լրիվ անհեթեթություն է, «որովհետեւ ինքը մեզ հետ միասին մասնակցել է այդ
ամենին, էլ չեմ ասում, որ նա իր արարքը՝ լրտեսությամբ զբաղվելու մասով, խոստովանել
է, անգամ իր էլեկտրոնային փոստի հասցեն է մեզ տվել, որով իրականացվել են իր նամակագրությունները:
Միակ բանը, որ մենք նրան խոստացել էինք, այն է եղել, որ այդ ամենը մենք չենք հրապարակի:
Կուսակցությունից ոչ թե ինքն է հեռացել, այլ իրեն են հեռացրել, ընդ որում՝ միայն
իրեն, ու ոչ մեկն էլ իր հետ կուսակցությունից դուրս չի եկել: Նույն հաջողությամբ
նա կարող էր 50-60-ի փոխարեն 1000 անուն տալ: Պետք էր, թերեւս, պահանջել, որ նա հրապարակեր
այդ 50-60 հոգուց գոնե մեկ-երկուսի անունները»: Հ. Խուրշուդյանի փոխանցմամբ,
Է. Հակոբյանը կուսակցությունում այսօր անգամ ընկեր չունի. «Մանավանդ այս դեպքից հետո,
երբ մարդիկ իմացան, թե ինքն ինչ է արել, նրան անգամ իր ընկերները չեն բարեւում, որովհետեւ
նրանց վերաբերյալ էլ էր «ստուկաչություն» արել»: Մեր զրուցակիցը նաեւ անհեթեթություն
համարեց Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված՝ կուսակցությունից մարդկանց հեռացնելու մասին
մեղադրանքը. «Լրիվ անհեթեթություն է, հերյուրանք: Դրանք իր ստեղծագործությունն են:
Ես կարող եմ միայն հատուկենտ դեպքեր հիշել, որ ինչ-որ մեկը կուսակցությունից հեռացված
լինի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930