Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԻՔԻՆ ՇԱՏ ԷՐ ԿԱՐՈՏԵԼ

Հունիս 09,2006 00:00

Հայաստանի
շախմատիստների ներկայիս առաջատար Լեւոն Արոնյանը Թուրինից թիմակիցների հետ միասին
չժամանեց Երեւան, այլ մեկնեց Բեռլին, որտեղ բնակվում է ընտանիքի հետ: Դա տարաբնույթ
մեկնաբանությունների տեղիք է տվել: Իրական պատճառները ճշտեցինք նրա մտերիմ ընկերոջից՝
Գաբրիել Սարգսյանից: «Լեւոնը շատ էր ուզում գալ,- ասաց նա,- բայց երկու-երեք
ամիս հարազատներին չէր տեսել: Շատ էր կարոտել: Բացի դա, վերջերս նրանց ընտանիքում
ինչ-ինչ նշանակալի իրադարձություններ էին կատարվել, որոնք պատրաստվում էին միասին
նշել: Օրինակ, քրոջ երեխան, որի հետ շատ է կապված, սկսել էր առաջին քայլերն անել:
Վատ էր զգում, որ այնտեղ չէ: Հավաքականի հետ միասին օլիմպիադային նախապատրաստվելու
համար երկար ժամանակ Հայաստանում էր: Օլիմպիադան էլ մեկ ամիս տեւեց: Գիտեր, որ գա՝
երկար է մնալու: Դրա համար էլ որոշեց անմիջապես տուն գնալ»: – Ասում են, որ
իր ակումբի հետ էլ պայմանագրային պարտավորություններ ուներ կատարելու: – Չէ,
նման բան չկա: Հիմա Լեւոնը կոնկրետ ակումբ էլ չունի: Ստորագրված նոր պայմանագիր չկա:
– Ե՞րբ կգա Երեւան: – Դեռ չենք որոշել: Հունիսի 27-ին մեկնարկում է
Դորտմունդի միջազգային գերմրցաշարը, որտեղ ես նրա օգնականն եմ լինելու: Հայաստանից
միայն Լեւոնն է հրավիրվել: Հնարավոր է՝ ինքը գա ու այստեղ նախապատրաստվենք: Բացառված
չէ, որ օրերս ես մեկնեմ Գերմանիա: Դեռ պիտի պայմանավորվենք: Լրացուցիչ 5-ական
միլիոն դրամ Պետությունից հայ շախմատիստներին դրամական լրացուցիչ խոշոր խրախուսանք
հատկացնելու մասին «Առավոտի» տեղեկատվությունը հաստատվեց: ՀՀ կառավարությունը երեկվա
նիստում «Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր
ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին եւ մարզական կազմակերպություններին
դրամական մրցանակներ շնորհելու մասին» ՀՀ կառավարության 2001 թ. N462 որոշման համաձայն,
որոշեց շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադային մասնակցած Հայաստանի հավաքականի
անդամներին, մարզիչներին շնորհել դրամական մրցանակներ՝ յուրաքանչյուրին 2,5 մլն դրամի
չափով, հավելելով եւս 5-ական միլիոն դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել