Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրաունը չի ծախվել»

Հունիս 09,2006 00:00

Ըստ գիտնական Գնել Դուրյանի, Քրիստոնեության հիմքը խարխլելու՝ ամերիկացի գրող Դեն Բրաունի փորձը միայն «Դա Վինչիի ծածկագիրը» գրքով չի սահմանափակվում:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտահետազոտական աշխատանքների փոխնախագահ, ֆիզիկոս, աստղագետ Գնել Դուրյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ նախկինում Դ. Բրաունի հրատարակած «Հրեշտակները եւ սատանաները», «Խաբեության կետ» եւ «Թվային ամրոց» աղմկահարույց գրքերում նրա «տեսությունը» դարձյալ փորձել է ստվերել քրիստոնեական ճշմարտությունը:

Քրիստոնեական մտածողությամբ գիտնական Գնել Դուրյանը Բրաունի գրքի բովանդակությունը համարում է զուտ երեւակայության արդյունք: «Որպես գեղարվեստական երկ՝ վեպը չափազանց ուշագրավ է: Ընթերցողը վարպետորեն շարադրված դեպքերի ընթացքից անկարող է կտրվել եւ գնում է մինչեւ գայթակղիչ հանգուցալուծում: Սակայն մի քանի էջից հետո, երբ վկայակոչվում է Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» կտավը, այստեղ արդեն հեղինակի հայացքներին քաջատեղյակ մարդը համոզվում է, որ գնոստիկ ուսմունքի հետեւորդ Բրաունը հերքում է քրիստոնեական ճշմարտությունը՝ այն, որ Հիսուսը Աստծո որդին է եւ դեռ անհիմն ձեւով փորձում է հորինված պատմությունը շաղախել մեծագույն մեղքով, թե իբր Մարիամ Մագթաղենացին Քրիստոսից ունեցել է ժառանգներ, որոնց շառավիղը ձգվում է մինչեւ մեր օրերը: Այնինչ, 4 Ավետարաններում եւ հետագայում ստեղծված 60 ավետարաններում հիմնավորված է Քրիստոսի՝ Աստծո որդի համարվելու փաստը: Իսկ Մագթաղենացին Հիսուսին օգնող կանանցից մեկն էր, որոնց թվում էր նաեւ Հիսուսի մայրը՝ Մարիամը»:

Այն, որ հեղինակը կատարել է որեւէ հզոր աղանդի պատվեր, Գնել Դուրյանը հերքում է, ասելով, որ Դեն Բրաունը Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանցից մեկն է, նրա 40 միլիոն տպաքանակով եւ 12 ԱՄՆ դոլար արժողությամբ «Դա Վինչիի ծածկագիրը» գիրքը լիովին սպառվել է, ինչը քիչ գումար չի բերել հեղինակին: Կաթոլիկ եկեղեցու նախատինքին արժանացած հեղինակը բնավ գումարի կարիք չունի:

Ժամանակ առ ժամանակ Վատիկանի հանդեպ խայթոցներով արտահայտված Բրաունի հակակրանքն ակնհայտ է, ինչից չեն խորշի օգտվել Քրիստոսին մարգարե, բայց ոչ Աստծո որդի համարող աղանդները: Բրաունի տեսությունը անկարող է հեղաշրջում առաջացնել, քանի որ նա «բարձր մշակույթի կրող չէ: Եթե լիներ հայտնի պատմաբան կամ հնագետ, թերեւս ունենար ազդեցություն»,- ասում է Գնել Դուրյանը, ով գրքի ընթերցումից հետո համանուն ֆիլմի դիտումը համարում է ժամանակի անտեղի վատնում:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել