Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ ԲԱՐՁՐԱՐՎԵՍՏ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ»

Հունիս 09,2006 00:00

Դրա
համար, ըստ ամերիկաբնակ ճանաչված դաշնակահար Սերգեյ Բաբայանի, նախ պետք է համախմբվել:
Միջազգային ամենալայն ճանաչման արժանացած դաշնակահարը ընդամենը մի քանի ամիս
հետո դարձյալ փայլուն մենահամերգ ունեցավ դասական արվեստի հայ ունկնդիրների առջեւ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին նա մենահամերգով եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ
ելույթով պատվել էր իր ուսուցչին՝ անվանի մանկավարժ, պրոֆեսոր Գեորգի Սարաջյանին:
«Առավոտի» հետ զրույցի սկզբում Ս. Բաբայանը նշեց, որ սիրով է ընդունել «Ազգային
պատկերասրահ» երաժշտական փառատոնի կազմակերպիչներ Մարիամ Շահինյանի եւ Գարիկ Ղազարյանի
հրավերը: Նրանցից տեղեկացել, որ 2005թ. գարնանը կայացած առաջին այս փառատոնը, որին
մասնակցել են տասնյակ արվեստագետներ ու ավելի քան 2000 հանդիսատես, վերածվել է դասական
երաժշտության յուրօրինակ հանդիսության: «Մենահամերգներով հանդես եմ եկել ԱՄՆ-ի, Անգլիայի,
Գերմանիայի ու այլ երկրների թանգարաններում ու գիտեմ, թե դա ինչ անբացատրելի հաճույք
է թե՛ կատարողի եւ թե՛ ունկնդրի համար: Ազգային պատկերասրահում արդեն երկրորդ տարին
անցկացվող այս փառատոնը խոսուն վկան է մշակութային կյանքի վերելքի: Իսկ Որմնանկարների
սրահում կայացած ելույթս անձամբ իմ՝ հայ երաժշտիս համար նոր շերտ բացեց հայկական
արվեստի իմացության մեջ»,- հավաստիացրեց անվանի երաժիշտը: Տաղանդաշատ մեր հայրենակցին
ուրախացրել էր փառատոնին աջակցողների պատրաստակամությունը. «Հովանավորներ բոլոր դարերում
եղել են: Օրինակ, եթե ժամանակին չլիներ ոմն Էստերհազին, այսօր համաշխարհային երաժշտական
գրականությունը, կատարողական արվեստը չէին ունենա Հայդնի բոլոր սիմֆոնիաները: Ճիշտ
է, այն ժամանակ հովանավորներ չեն կոչվել, բայց գտնվել են մարդիկ, որոնք հոժարակամ
տրամադրել են ֆինանսներ, գիտակցել բարձրակարգ երաժշտության արժեքը, որ դա ոչ միայն
տվյալ պահին կամ ժամանակին է պետք, այլ ճիշտ այնքան ժամանակ, ինչքան գոյություն կունենա
մարդկությունը»: Ս. Բաբայանը հիշեց՝ երբ մեծանուն դաշնակահար Ռիխտերը Մոսկվայի Պուշկինի
անվան թանգարանում ժամանակին կազմակերպել էր Բրիտենի անվան փառատոնը, որտեղ նույնիսկ
բեմադրվել էին կամերային օպերաներ, այդ օրերին ավելի դժվար էր ներկա գտնվել փառատոնային
երեկոներին, քան Մեծ թատրոնի ներկայացումներին: Անդրադառնալով երեւանյան փառատոնի
կազմակերպիչներին, դաշնակահարը տեղեկացրեց, որ ինքը ժամանակին հանդիսացել է Մեքսիկայում
անցկացվող դասական փառատոնի արտ-տնօրենը. «Անբացատրելի մեծ ջանքեր ու ժամանակ են
խլում փառատոնի կազմակերպչական աշխատանքները: Ես սիրով եմ արել տնօրենի գործը, բայց
ստիպված էի թողնել պարզ պատճառով՝ այն խանգարում էր իմ բեմական գործունեությանը»:
Մեր հետաքրքրությանը՝ ճի՞շտ են կարծիքներն այն մասին, թե անվանի երաժիշտները հաճախ
եսասիրությունից դրդված հրաժարվում են երաժիշտներ կրթելուց ու սահմանափակվում են
մեկ-երկու վարպետության դասերով՝ պատճառ բռնելով ժամանակի սղությունը: Ս. Բաբայանն
այս առիթով խոստովանեց. «Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա: Անձամբ ես չեմ ընդունում
վարպետության դասեր անցկացնելը: Ինչ է նշանակում հավաքել մի ամբողջ լսարան ու իբր
դասավանդել: Այո, շատ համբավավոր երաժիշտներ մոռանում են, որ արվեստ ուսուցանելը
անհատական աշխատանք է պահանջում: Համոզված եմ, թեկուզեւ հայտնի երաժիշտները դա կատարում
են ցուցամոլությունից դրդված: Չեմ ընդունում այն պրոֆեսորներին, ովքեր իրենց դասարանում
ունեն, օրինակ, 12 ուսանող: Ես այսօր պարապում եմ 6 դաշնակահարի հետ եւ համոզված
եմ, որ սա այն թիվն է, ում կարող եմ անմնացորդ տալ իմ գիտելիքները»: Զրույցի
ավարտին հետաքրքրվեցինք նաեւ, թե աշխարհում ընդհանրապես մեր մեծերից ո՞ւմ անունն
է շատ հոլովվում: Ս. Բաբայանը տվեց երկու անուն՝ Փարաջանով, Մանսուրյան. «Իսկ Կոմիտասի
արվեստը այսօր դրսում միայն երաժշտական էլիտային է հասու»: Արվեստագետը հորդորեց
մտավորականներին համախմբվել ու աշխարհին ներկայանալ հայկական դասական բարձրարվեստ
երաժշտությամբ. «Չեմ ուզում այնպես լինի, որ արտերկրի լայն հասարակությունը հայերին
ճանաչի ընդամենը Խաչատրյանի «Սուսերով պարով» կամ Բաբաջանյանի՝ «Նոկտյուրնով»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել