Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցին Հայաստան չհասավ

Հունիս 09,2006 00:00

Երեկ Լուսակերտում մեկնարկեց «3+3. Բալթիկա-Կովկաս. համագործակցությունը երիտասարդական քաղաքականության ոլորտում» խորագրով սեմինարը:

Ի սկզբանե սեմինարին պետք է մասնակցեին 30 երիտասարդներ՝ Մերձբալթիկայի եւ Հարավային Կովկասի 6 երկրներից, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչ Համլետ Իսմաիլովն իջեւանել էր Թբիլիսիում եւ տեղեկացրել սեմինարի կազմակերպիչներին, որ ինքը չի կարող գալ Հայաստան: Ի դեպ, Համլետը նախկինում Հայաստան եկել է եւ 2 անգամ այստեղ մասնակցել է միջազգային սեմինարների: Ըստ մեր տեղեկությունների, գնալով Ադրբեջան՝ նա բավական լավ է արտահայտվել հայերի մասին, ինչի հետեւանքով նրան ազգի դավաճան էին համարել:

Միջոցառումը կազմակերպել էր Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ)՝ Եվրախորհրդի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ԵԱԴ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանից տեղեկացանք, որ հունիսի 7-12-ը անցկացվող այս սեմինարին մասնակցելու համար ներկայացվել է 100 հայտ, որից միայն մեկն է Ադրբեջանից: Մասնակիցների մեջ կային մարդիկ, ովքեր տեղյակ չէին ղարաբաղյան հակամարտությունից, սակայն նրանք ասում էին, որ այս օրերի ընթացքում կկարողանան լրացնել բացը հայ մասնակիցների եւ կազմակերպիչների միջոցով: Լատվիայի ներկայացուցիչ Զաիգա Լասսմանեն ժամանակ չկորցնելով տեղեկություններ էր հավաքում նաեւ լրագրողներից: Ի տարբերություն Զաիգայի, Լիտվայի ներկայացուցիչ Յուլյա Լիսովսկայան, մինչ սեմինարին գալը, արդեն ծանոթացել էր ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրներին: Այս առիթով նա նշեց. «Յուրաքանչյուր ազգ ինքնաճանաչման իրավունք ունի: Հատկապես հիմա, երբ կառավարություն եւ դատարաններ ունի: Այս դեպքում միջազգային իրավունքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այս պետությանը ինքնաճանաչման իրավունք տան»: Յուլյան համոզված էր, որ մեր հարեւանները պարզապես սպասում են, թե ՌԴ-ն, ԱՄՆ-ը ինչ կասեն եւ ով սկզբում կճանաչի այդ պետությունը, իսկ եթե հզոր պետություններից մեկը ճանաչի, ապա մյուսները կհետեւեն նրան, եւ միգուցե այս դեպքում Լեռնային Ղարաբաղը կմիանա Հայաստանին:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ միջոցառումը անցկացվում է «բոլորը հավասար են եւ բոլորը տարբեր են» հայտնի կարգախոսով, ինչը դուր էր եկել սեմինարի բոլոր մասնակիցներին: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել Բալթիկայի եւ Կովկասի նմանություններն ու տարբերությունները, եվրոպական ինտեգրման փորձը, սահմանել երիտասարդների առջեւ ծառացած ու դեռեւս համատեղ լուծման կարիք ունեցող մարտահրավերներն ու խնդիրները, մշակել լուծումներ, ստեղծել նոր կապեր երկու տարածաշրջանների երիտասարդական կազմակերպությունների միջեւ, ինչպես նաեւ կարեւորել եւ մեկ անգամ եւս ընդգծել Հայաստանի դերը Կովկասի երիտասարդական ոլորտում: Հինգ օրերի ընթացքում երիտասարդները կծանոթանան ՀՀ-ում իրականացվող երիտասարդական քաղաքականությանը եւ կունկնդրեն այդ ոլորտում գործունեություն ծավալող հայ պաշտոնյաների եւ փորձագետների: Սեմինարի կազմակերպիչներից Զարա Լավչյանը նշեց, որ սեմինարին հատուկ դասախոսներ չեն մասնակցելու, քանի որ երիտասարդներն արդեն ունեն իրենց մշակած նախագծերը, որոնք կքննարկեն այս օրերի ընթացքում:

Զրուցելով մասնակիցների հետ՝ պարզեցինք, որ երիտասարդներին ավելի շատ հետաքրքրում են կրթական խնդիրները: Ջավախքից ժամանած Կարեն Էլչյանը նշեց. «Շատ կարեւոր է, որ այս ընթացքում մենք կարողանանք ծանոթանալ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի՝ Եվրամիությանը անդամագրվելու փորձին: Մենք էլ շատ բաներ ունենք, որ նրանք կարող են մեզանից սովորել, չէ՞ որ մեր ժողովուրդները տարբեր մենթալիտետ եւ սովորույթներ ունեն»: Յուլյա Լիսովսկայան էլ հույս ուներ, որ սեմինարի ընթացքում իրենց կհաջողվի մի ընդհանուր ինտեգրացիոն նախագիծ մշակել եւ հարկ եղած դեպքում Եվրամիության այլ անդամների նույնպես ներգրավել: Սեմինարից հետո կստեղծվի մի խումբ, որը հետագայում կշարունակի համագործակցությունը:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել