Ասում
է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանը Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների
առաջին ատյանի դատարանում, դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց,
Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նրանք մեղադրվում են ԱԺ նախկին պատգամավորի դեմ մահափորձի պատվիրման եւ իրականացման
համար: Մելիք Գասպարյանը դատարան էր ներկայացել կարմիր վերնաշապիկով եւ զվարթ տրամադրությամբ:
Նույնքան պայծառ տրամադրությամբ, բայց սպիտակ վերնաշապիկով էր նրա դիմաց նստած ամբաստանյալ
Սիլվա Ասատրյանը: ԱԺ նախկին պատգամավորը Վոլֆսոնին չճանաչեց եւ ասաց, որ նրան առաջին
անգամ տեսել է դատական նիստերի դահլիճում: «Պատվիրատուին»՝ Ասատրյանին նա ճանաչել
է 1998-ից, նրա ամուսնու՝ Արթուր Գյուրջինյանի հետ գործարար հարաբերությունների արդյունքում:
Տուժող ճանաչված նախկին պատգամավորը հայտարարեց, թե «դատաքննությունից հետո կորոշվի՝
իրենց մեջ թշնամություն կա, թե ոչ», համենայնդեպս հայտարարեց, որ մինչեւ «մեքենայի
տրաքացնելը թշնամություն չի եղել»: Մ. Գասպարյանը ցուցմունք տվեց՝ հայտնելով,
որ դեկտեմբերի 27-ի երեկոյան Վարդենիսից վերադարձել է Երեւան, մեքենան չի տեղավորել
ավտոտնակում, այլ կանգնեցրել է բակում, երբ հաջորդ օրը առավոտյան տնից դուրս է եկել,
նստել է մեքենան, միացրել շարժիչը, այդ ժամանակ աջ է թեքվել, քանի որ բարութի հոտ
է զգացել: «Լսեցի տրաքվելը, հզոր էր, շենքի ապակիները ջարդվեցին: Զարմացա, թե ես
ոնց եմ կենդանի պրծել: Այդ պահին մտածեցի, որ գործ ունեմ այս ընտանիքի հետ: Աստված
ինձ պահեց»,- ասաց տուժողը: Նախկին պատգամավորը դատարանին տեղեկացրեց նաեւ, որ զբաղվել
է շինարարական գործունեությամբ եւ որ դեկտեմբերի 27-ին տնտեսական դատարան էր դիմել
Արթուր Գյուրջինյանից՝ Ս. Ասատրյանի ամուսնուց գումարի պահանջի մասին հայցով: Դատական
նիստը այդ օրը հետաձգվել էր իր խնդրանքով, քանի որ գնացել էր Վարդենիս՝ հորեղբոր
որդու թաղմանը: Գյուրջինյաններից հայցով նա պահանջել էր 210 հազար դոլար: Երեկ դատարանում
Մ. Գասպարյանը հայտնեց, որ Ամիրյան 4/20 հասցում շինարարություն պետք է իրականացներ
եւ այդ առիթով ծանոթանալով նախկին սպորտդպրոցի տնօրեն Ա. Գյուրջինյանի հետ, պայմանագիր
է կնքել: Նախահաշվից հետո իրենց մեջ վեճ է ծագել: Ըստ պրն Գասպարյանի, ինքը վճարել
է որոշ գումար եւ վերջնական պետք է վճարեր Գյուրջինյանին 68.000 դոլար: ԱԺ նախկին
պատգամավորը գտնում էր, որ ինքը գումարները տվել է, սակայն Ա. Գյուրջինյանն էլ հակառակն
է պնդում, թե պատգամավորը փորձել է «քցել» իրեն եւ սարքել է քրեական այս գործը, որպեսզի
իր գումարը չտա: Պայթյունից հետո մեքենան մինչ օրս տուժողը չի տեսել եւ տեղեկացրեց,
որ այն գտնվում է «սովետականի միլիցիայում»: Իսկ երբ մեղադրող Ժաննա Կոտիկյանը հարցրեց,
թե ինչ պատիժ է պահանջում դատարանից, նա ասաց, որ եթե խոստովանեն, ավելի մեղմ պատիժ
կուզի, իսկ եթե ոչ՝ ամենախիստ պատիժը: Մեղադրողին հետաքրքրում էր նաեւ, որ
Մելիք Գասպարյանը խնդիրներ ունի վարորդների հետ (ըստ մեր տեղեկությունների՝ գծատերերի)
եւ «ընտանեկան» վարկածը ինչքանով է հավաստի, նա պատասխանեց այսպես. «Առհասարակ, վարորդների
հետ երբեք չեմ շփվում, նրանց տերերի հետ եմ գործ ունենում՝ որպես տնտեսվարող սուբյեկտ»:
Ամփոփելով իր ցուցմունքը, նա հայտարարեց. «Մահափորձը շատ դաժան բան ա, ով մեղավոր
ա՝ թող ասի»: Տեղեկացնենք, որ վիճարկվող Ամիրյան 4/20 հասցեն դատարանի վճռով
դարձյալ Գյուրջինյաններինն է: Մեր տեղեկություններով, Սիլվա Ասատրյանի ամուսինը դիմել
է ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանին. «Մելիք Գասպարյանը իր ավտոմեքենայի պայթյունը
ամեն գնով փորձում է կապել մեր ընտանիքի հետ, դա օգտագործելով մեր միջեւ առկա տնտեսական
վեճերի համար ֆոն ստեղծելու եւ տնտեսական գործերը հօգուտ Մ. Գասպարյանի ընկերության
լուծելու համար»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ