Գառնիի բնակչի ասելով՝ ՊՆ պաշտոնյան իր ջուրը կտրում է եւ հետն էլ երեք մատ ցույց տալիս
Օրերս «Առավոտ» էր եկել Գառնիի բնակիչ Շմավոն Համբարձումյանը: Նրա պատմելով՝ Գառնիում իր հողամասի հարեւանությամբ հողատարածք է գնել պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչության պետ Վաղարշակ Ավետիսյանը, չնայած նրա հողամասը տնօրինում են բարեկամները: «Երեք տարի է տնկիներս չորանում են, ջրի ճանապարհը փակել է՝ չի թողնում այգիս ջրեմ: Ամեն տարի 200-300 դոլարի տնկի եմ առնում, ես տնկում եմ՝ ինքը չորացնում է: Երբ ջուր եմ ուզում, ինձ երեք մատ է ցույց տալիս, անընդհատ սադրում է, դրդում վիճաբանության, որ կռիվ անեմ եւ ինքն էլ իր ուզած ձեւով հարցերս լուծի, բայց ի՞նչ անեմ, երեք անչափահաս երեխա ունեմ, խփեմ գնամ նստե՞մ»,- բողոքեց Շ. Համբարձումյանը: Վերջինիս խոսքերով՝ պաշտոնյայի բացակայության ժամանակ էլ նույն «օյինն» իր գլխին բերում են նրա բարեկամները. «Նախարարության պաշտոնյան հեռահար նպատակներ ունի, ինձ էնքան ա զզվացնում, մտածում ա ստիպված հողամասը կվաճառեմ, ինքն էլ կառնի, բայց թող հույս չունենա: Հայրս Հայրենական պատերազմում երեք եղբայր է կորցրել այս հողերի համար, որ այսօր իր զավակները խաղաղ ապրեն»:
Շ. Համբարձումյանը հարեւանի չկամության պատճառով արդեն մեծ կորուստներ է ունեցել: Ըստ նրա, խնամք չպահանջող, ամենահեշտ աճեցվող բույսը՝ առվույտը, ջուր չլինելու պատճառով չորանում է. «Սեզոնին ամենաքիչը երկու-երեք անգամ առվույտ պետք է հավաքեի, բայց հարեւանիս երեսից մի անգամ էլ չեմ հավաքում, հողով, քարերով առուն փակում է եւ թույլ չի տալիս, որ ջուրն ինձ հասնի, պահանջելիս էլ պայման է դնում՝ 500 մետր հող տուր, որ ջուր տամ»:
Շ. Համբարձումյանը պատմեց, որ ՊՆ-ի պաշտոնյան փակել է նաեւ իր հողամասին հարակից այն ճանապարհը, որով գյուղացիները դաշտ են գնում-գալիս, եւ վերջիններս ստիպված են ճանապարհը երկարացնել:
Երբ այս ամենի շուրջ պարզաբանում խնդրեցինք ՊՆ-ի ֆինանսիստ Վաղարշակ Ավետիսյանից, նա սկզբում կտրականապես հրաժարվեց, որ Գառնիում հողամաս ունի, ասելով, որ ինքը Գառնիում տարին մեկ-երկու անգամ է լինում եւ հավաստիացրեց, որ բողոքավորի անունն առաջին անգամ է լսում: Հետո պարոն Ավետիսյանը կամաց-կամաց մտաբերեց, որ Շ. Համբարձումյանն անցյալ տարի իրեն «մի-երկու անգամ զանգել է ու ջրի հետ կապված հարցով բողոքել, ես էլ ասել եմ, որ խնդրի հետ ընդհանրապես կապ չունեմ եւ չեմ կարող ազդել հարցի լուծման վրա»: Եթե հողի հետ կապ չունի, ինչո՞ւ է գյուղացին զանգել նախարարության պաշտոնյային. մեր այս դիտարկմանը վերջինս պատասխանեց. «Հողը իմը չի, հորս հորեղբոր թոռներինն է, դրա համար էլ ինձ է զանգել: Կադաստր կա, բան կա, կարող եք հանգիստ ճշտել, թե հողն իրականում ում անունով է»: Եթե նույնիսկ հողը պարոն Ավետիսյանի հոր հորեղբոր թոռներինն է, նշանակում է՝ վերջիններս, այնուամենայնիվ, «վեր-վեր են թռնում» պաշտոնյա բարեկամով՝ իրենց ձեռքը վերցնելով գյուղացիներին ջուր տալ-չտալու հարցը: Ինչ վերաբերում է կադաստրին, ապա այսօր ո՞ր մի պաշտոնյան իր անունով քիչ թե շատ աչքի ընկնող սեփական շարժվող կամ անշարժ գույք ունի: Սովորաբար չինովնիկները դրանք գրանցում են կնոջ, բաջանաղի, զոքանչի կամ հոր հորեղբոր թոռների անունով:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ