Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՆԴԻՏՍԿԻ ՎԱՆԱՁՈՐ»

Հունիս 09,2006 00:00

Որպես
դետեկտիվ ժանրի ֆիլմի բնաբան վատ չէր հնչի, եթե միայն իրականությանն այդքան մոտ չլիներ
Հունիսի 3-ին, ժ. 21:00-21:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան
եւ Շահումյան փողոցների խաչմերուկի վրա գտնվող «Վիլոի մոտ» ինտերնետ ակումբ-սրճարանի
մոտ ավելի քան երկու տասնյակ հոգու մասնակցությամբ զինված ընդհարում է տեղի ունեցել
երկու խումբ երիտասարդների միջեւ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի
եւ լրատվության վարչությունից «Առավոտին» փոխանցված տվյալների համաձայն, երեկվա դրությամբ
դեպքի հետ կապված ընդամենը մեկ հոգի է ձերբակալվել՝ Կարեն Էդարյան, որի մոտից հայտնաբերվել
եւ առգրավվել է «Բրաունինգ» տիպի ատրճանակ: Սա ՀՀ ոստիկանության տված պաշտոնական
տեղեկատվությունն էր, որը չի մանրամասնում, թե կա՞ն արդյոք գործի հետ առնչություն
ունեցող եւ առայժմ չհայտնաբերված, հետախուզվող անձինք, կամ թե որն է եղել զինված
բախման պատճառը: Իսկ ոչ պաշտոնական աղբյուրները «Առավոտին» փոխանցեցին Վանաձորում
շրջող եւ բախման նախապատմության ու շարժառիթների մասին իրենց սեփական վարկածը: Ըստ
այդմ, անցած հինգշաբթի օրը՝ հունիսի 1-ին, Վանաձորի Բազում թաղամասում գտնվող հարսանյաց
սրահում, որն, ի դեպ, պատկանում է քաղաքի էլցանցի տնօրենին, մեծ հարսանիք է եղել,
որին, վանաձորցիների ասելով, մասնակցել է մոտ 600 մարդ: Ամուսնացողը եղել է ՀՀԿ անդամ,
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր տղան: Հարսանիքին ներկաներից մեկի՝ նորապսակներից
մեկին ուղղված տհաճ ռեպլիկն էլ դարձել էր վեճ ու կռվի նյութ եւ շարունակվել ամսի
3-ին՝ արդեն զինված բախման տեսքով: Այդ օրը ռեպլիկի հեղինակն ու նրա ընկերները եղել
են հիշյալ սրճարանում: Եկել են քաղաքապետի մարդիկ ու տղաներին հրավիրել են դուրս՝
«խոսելու»: Դրսում արդեն նրանց սպասելիս են եղել քաղաքապետ Ս. Դարբինյանի տղան՝ Աղասի
Դարբինյանը, ով, մեր տեղեկություններով, աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության
համակարգում (նա եղել է սպիտակ «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայով), քաղաքապետի եղբայրը՝
Սեյրան Դարբինյանը՝ «Սելո» մականունով, ու վերջինիս 25-ամյա տղան՝ «Քաղցրիկ» մականունով
Արման Դարբինյանը: Երկու կողմերի մոտ էլ զենք է եղել: Ըստ մեր աղբյուրների,
կրակել են երկու կողմերն էլ՝ «Կալաշնիկով» ավտոմատից, ՀՀ ոստիկանության մատնանշած
«Բրաունինգ» մակնիշի հրազենից: Առաջին կրակոցներն արձակվել են հատկապես քաղաքապետի
հարազատների կողմից: Բախման արդյունքում միայն մեկն է վնասվածքներ ստացել, բայց նրան
էլ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն տուն են տարել: Զոհեր, բարեբախտաբար, չեն եղել:
Վանաձորում, սակայն, այդ միջադեպը հակված են համեմել նաեւ քաղաքականությամբ:
Բանն այն է, որ Վանաձորում ընդունված է համարել, որ քաղաքի Խնձորուտ թաղամասը (նախկին
Վարդանլու) ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի, այսպես ասած, «կլանի թաղամասն»
է: Կա նաեւ Տավրոս թաղամաս՝ նախկինում Ղշլաղ, որը քաղաքապետի «կլանի թաղամաս» է համարվում:
Ահավասիկ, մարտի 3-ին տեղի ունեցած զինված բախումը, ըստ մեր աղբյուրների, եղել է
հենց այս թաղամասերի բնակիչների միջեւ նաեւ այն պատճառով, որ նրանց ջուրը վաղուց
մի առվով չէր գնում: Իսկ այդ հանգամանքը կատարված միջադեպի հետ անուղղակիորեն կապող
օղակն, ըստ վանաձորցիների, Վ. Բաղդասարյանի մտերիմներից մեկն է՝ Վանաձորում հայտնի
«Խլղաթանց Էդո»-ն: Հարսանիքում ռեպլիկ արած տղաները հենց Էդուարդ Խլղաթյանի՝ 90-ականների
սկզբներին անձի առեւանգման համար դատապարտված, իսկ այսօր «Հայփոստի» Լոռու մասնաճյուղի
տնօրենի մարդիկ են եղել: Իհարկե, երեկ մեր զրույցի ժամանակ Վ. Բաղդասարյանն
առաջին անգամ մեզնից լսեց, որ այս դեպքի առնչությամբ իր անունն էլ է շոշափվում, ու
ասաց, թե ինքը միայն նախօրեին թերթից է իմացել կատարվածի մասին: Նա վստահեցրեց, թե
ինքը ոչ այդ դեպքի, ոչ դրանում ներգրավված մարդկանց հետ ոչ մի առնչություն չունի:
Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանության Լոռու ռեգիոնալ վարչության աշխատակիցները նախօրեին
նախանձելի օբյեկտիվություն էին ցուցաբերել ու խուզարկության էին ենթարկել ե՛ւ քաղաքապետի,
ե՛ւ Էդ. Խլղաթյանի կողմնակիցների՝ թվով 20-25 հոգու տները: Ավելին, զինված բախմանը
մասնակից ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կողմից 7-8 հոգի, մեր տվյալներով, գտնվում են հետախուզման
մեջ, թեեւ երկու կողմերն էլ աշխատում են կատարվածը որքան հնարավոր է գաղտնի պահել
ու չհրապարակայնացնել: Վանաձորի մեր աղբյուրները, սակայն, առանձնապես մեծ հույսեր
չունեն, թե քաղաքապետի հարազատներն ու կողմնակիցները կատարվածի համար պատասխան կտան
օրենքի առջեւ՝ ասելով, որ նրանք լավ շրջապատ ունեն՝ ի դեմս ՀՀ վարչապետ ու ՀՀԿ նախագահ
Անդրանիկ Մարգարյանի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱ Հ.
Գ. Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Խլղաթանց Էդոյի» կողմնակիցներից
երեքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել