Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՔԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԼՂՈԶՈՒՄՆԵՐ»

Հունիս 09,2006 00:00

ԱՐՏԱՔԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԼՂՈԶՈՒՄՆԵՐ» Թեեւ Վարդան Օսկանյանի մատուցած երեկվա մամլո
ասուլիսը նվիրված էր Հայաստան-Սփյուռք առաջիկա համաժողովին, վերջին օրերին խիստ ակտիվացած
մի շարք արտաքին քաղաքական թեմաներ, հասկանալիորեն, չէին կարող շրջանցվել: Թերեւս
անդրադառնանք հենց այդ թեմաներին: Դրանցից կարեւորագույնը, բնականաբար, Քոչարյան-Ալիեւ
բուխարեստյան հանդիպումն էր, որի արդյունքների մասին խոսելիս ՀՀ արտգործնախարարը
նշեց. «Բուխարեստում, ինչպես եւ Ռամբույեում, կողմերին չհաջողվեց համաձայնության
գալ մի շատ բարդ հարցի շուրջ»: Այդուհանդերձ, Օսկանյանն անդառնալիորեն կորսված չհամարեց
խաղաղ կարգավորման հնարավորությունը՝ փիլիսոփայորեն արձանագրելով, թե «հույսը վերջինն
է մեռնում», ուստի եւ՝ հարկ է «կրկին փորձել»: Նախագահների նոր հանդիպման մասին,
ըստ արտգործնախարարի, պայմանավորվածություն չկա: Օրակարգում չէ նաեւ ԱԳ նախարարների
հանդիպումը: Սակայն կողմերը համաձայնության են եկել ՄԽ համանախագահների խորհրդակցություններից
հետո, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել Օսկանյան-Մամեդյարով նոր հանդիպում:
«Ամեն ինչ կախված է միջնորդների որոշումից»,- թեման ամփոփեց բանախոսը: Լրագրողներին
հետաքրքրող հաջորդ «կողմնակի» թեման վերաբերում էր Հայաստան-Թուրքիա «նորագույն»
շփումներին: Այս կապակցությամբ Օսկանյանը նշեց. «Երկու երկրների միջեւ միշտ էլ կապեր
եղել են, եւ պարբերաբար տեղի են ունեցել տարբեր մակարդակների հանդիպումներ, ընդհուպ՝
փոխարտգործնախարարների մակարդակով, դրանում ոչ մի գաղտնիք չկա»: Վերջինիս պարզաբանումից
հասկանալի դարձավ, որ, ցավոք, չկա նաեւ արդյունք: «Տվյալ պահին հայ-թուրքական հարաբերությունների
վերաբերյալ ոչ մի նորություն չկա»,-ասաց արտգործնախարարը: Ռուսաստանում հայերի
հաճախակի դարձած սպանությունների մասին: Ինչպես եւ սպասվում էր, Օսկանյանը հնարավորինս
մեղմացրեց այդ երեւույթի ենթադրյալ քաղաքական ենթատեքստը՝ ասելով. «Ցանկանում եմ
հավատալ, որ այդ իրադարձությունները զանգվածային բնույթ չեն կրում եւ ուղղված չեն
հատկապես հայ բնակչության դեմ», այնուամենայնիվ, հավելելով. «Հայկական կողմը մտահոգված
է այդ դեպքերով, եւ մենք միշտ կոնտակտի մեջ ենք ռուսական համապատասխան մարմինների
հետ»: Ինչ վերաբերում է ԱՄՆ հրապարակած «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցի՝
Հայաստանին վերաբերող հատվածին, որն այս անգամ աննախադեպ կոշտ է, ապա Օսկանյանը դարձյալ
մեղմացնում է պրոբլեմի լրջությունը՝ ասելով միայն, թե «խնդիրը կա», եւ «փաստը մնում
է փաստ, որ կառավարության կողմից լուրջ քայլեր են արվում այս խնդրին լուծում տալու
ուղղությամբ»: Հիշյալ զեկույցում շեշտը դրված էր հատկապես այն հանգամանքի վրա, որ
ՀՀ կառավարությունը ոչ միայն ոչինչ չի անում, այլեւ անցած տարվա համեմատ ավելի է
վատացրել, եթե չասենք՝ ընդհանրապես զրոյի է հավասարեցրել թրաֆիքինգի դեմ պայքարը,
չնայած լիուլի գրանտներ է ստացել դրա համար: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել