Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանական մեղայական

Հունիս 09,2006 00:00

Միլլի
մեջլիսի պատգամավորներն այնքան էլ ռազմատենչ չեն Ադրբեջանական պատվիրակության
անդամները երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձում էին մեղմել իրենց գործընկերոջ հայտարարությունն
այն մասին, որ եթե առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում ղարաբաղյան հարցը չլուծվի՝
Ադրբեջանը պատրաստ է պատերազմի: «Ադրբեջանը կարծում է, որ դեռ հարցի խաղաղ կարգավորման
բոլոր հնարավորությունները սպառված չեն: Երբ սպառված լինեն՝ նոր իրավիճակ կստեղծվի
եւ հարկ կլինի հակամարտության լուծման նոր մեթոդներ փնտրել, իսկ այս բառերը մեկնաբանել
այնպես, թե պատերազմ կսկսվի, կարծում եմ՝ այնքան էլ կոռեկտ չէ»,- ՍԾՏՀԿ ԽՎ լիագումար
նիստի ավարտին տված ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ
Հաջիեւը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ իր հերթին հավելեց. «Մենք հիանալի
գիտենք՝ ինչ է պատերազմը: Կարծում եմ՝ ոչ ոք լրջորեն չի մտածում, որ նման հարցերը
կարող են լուծվել պատերազմի միջոցով: Մենք միջազգային հանրության անդամ ենք. չկա
որեւէ միջազգային կազմակերպություն, որն ասի՝ պատերազմը հակամարտությունների կամ
ինչ-ինչ խնդիրների լուծման հնարավորություն է: Հակառակը՝ բոլորը բազմիցս հայտարարել
են, եւ վստահ եմ՝ հայտարարելու են, որ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն այլընտրանք
չկա, ուստի կարծում եմ՝ եթե որեւէ տեղ ինչ-որ մեկը խոսում է ապագա պատերազմի մասին,
դա քարոզչական նշանակություն ունի»: Տիգրան Թորոսյանը նաեւ հույս հայտնեց,
որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ երբեք պատերազմ չի լինի, որ բոլոր կողմերը հիշում
են դասերը, որ ստացել են ղարաբաղյան պատերազմից: Իսկ ադրբեջանական պատվիրակության
ղեկավարը այս կարծիքին էր. «Կա հակամարտություն, եւ մենք նախեւառաջ պետք է մտածենք՝
ինչպես կարգավորել այն: Երբ կլուծվի հակամարտությունը, իսկ ես վստահ եմ, որ կլուծվի,
մեր երկրներում խաղաղություն կլինի: Խաղաղություն պետք է լինի, որովհետեւ դրան այլընտրանք
չկա: Կարծում եմ՝ այդ ժամանակ մենք համատեղ նախագծեր էլ կունենանք».- ասաց Ասաֆ Հաջիեւը:
Երեկ արդեն նա այլ շեշտադրմամբ էր խոսում՝ ասելով, թե չի կարելի թույլ տալ, որ ամեն
ինչ հիմնված լինի նեղացածության վրա. «Լրագրողները եւ խորհրդարանականները պետք է
նպաստեն, որ երկու երկրների նախագահների երկխոսությունը դրական արդյունք տա: Ե՛վ
հայ, ե՛ւ ադրբեջանցի ժողովուրդն արժանի է խաղաղության»: Մ.
Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել