Հայ ոստիկանները աշխատեցնում են նաեւ տուժող կողմին՝ առաջարկելով գողոնը ազատ ժամերին փնտրել Վերնիսաժում, շուկաներում, նույնիսկ «քրջի բազարում»:
«Մորքուր ջան, արխային, գողին բռնող ենք: Քո համար հանգիստ ապրի, էլի, մենք քեզ կծնգցնենք»,- երեք ամիս շարունակ Էրեբունու ոստիկանությունից նմանատիպ սփոփիչ պատասխաններով տուն են ճանապարհում 69-ամյա միայնակ թոշակառու Ասյա Սարհատյանին, որը բնակվում է Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 23 հասցեում:
Մարտի 19-ին տիկին Ասյան աշխատանքից վերադարձել է տուն եւ տեսել, որ ամբողջ բնակարանը թալանվել է՝ պատշգամբից գիշերը հանել են հեռուստացույցը, գորգերը, մի խոսքով՝ այն, ինչ կարող է ունենալ սովորական թոշակառուն: «Զանգեցի ոստիկանություն, մի ժամից նոր եկավ օպեր Արամը: Քաղցր խոսքերով հանգստացրեց, հետո երկու ժամ էլ սպասեցինք մինչեւ հետաքննող խումբը գար, որ մատնահետքեր վերցնեին: Այդ ընթացքում նրանք պատմում էին, թե ինչքա՜ն լավ են աշխատում իրենք, քանի գործ են բացահայտել այս տարի եւ այլն: Ցավոք, իմ գործի մասով այդ լավ աշխատանքը մինչ օրս չի զգացվում»: Ա. Սարհատյանի ներկայացմամբ, ի սկզբանե նա ոստիկաններին հայտնել է կասկածյալի անունը. «Այդ մարդը փախուստի մեջ էր, տեղն էլ ասացի: Բայց հետո զգում էի, որ թաղայինն ու քննիչը ձգձգում են: Նրանց ասածները իրար չի բռնում»: Թաղային տեսուչ Սեյրան Մինասյանն ասում էր, որ այդ մարդուն դեռ ման են գալիս, իսկ իմ գործով քննիչ Հայկ Թումանյանն էլ համոզում է, որ 99 տոկոսով այդ մարդը չի»:
Էրեբունու այդ շենքերում կենցաղային բնույթի գողությունները վաղուց սովորական երեւույթ են: Դրանց մեծ մասը, որպես կանոն, չի բացահայտվում: Տարածքի բնակիչների հետ զրույցի ժամանակ կարծիքները կրկնվում էին. «Դա գողերի մի խումբ է, որ մշտապես համագործակցում ու փող է մուծվում միլիցեքին: Ո՞նց կարան բռնեն ոստիկանները: Եթե բռնեն՝ փող չեն ստանա»,- ասաց բնակիչներից մեկը, որի անունը չենք նշում: Նկատենք, որ, օրենքի համաձայն, դեպքից երկու ամիս անց գործը կասեցվում է: Սակայն ոստիկանները թոշակառուին առաջարկել են «ունիվերսալ» տարբերակ. «Տատի ջան, որ չհասցնեն ապրանքդ ծախեն, շաբաթ-կիրակի օրերին գնա Վերնիսաժ, կարող ա քո վեշերից ճանաչես»: Գործի ձգձգման պատճառը տուժող կողմն այսպես բացատրեց. «Տեսնում են, որ միայնակ եմ, մեջքիս մարդ չկա, քաղցր խոսքերով գործը քնացնում են»:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ