Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե օրենքը չխախտեն՝ տակ կտան

Հունիս 08,2006 00:00

Թերթերի «առաքիչները», որպեսզի լիցենզիայի համար 5 մլն դրամ չմուծեն, զարտուղի ճանապարհներով են դրանք ընթերցողին հասցնում:

«Փոստային կապի մասին» օրենքի համաձայն, փոստային ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է տրանսպորտի եւ կապի նախարարությունից նախ համապատասխան լիցենզիա ստանան, նոր միայն կարողանան շուկայում գործունեություն ծավալել: Լիցենզիա ստանալու համար սահմանված գումարը 5 մլն դրամ է՝ մոտ 10 հազար դոլար: Հաշվի առնելով, որ փոստային ծառայություն է համարվում նաեւ թերթը մարզերի ընթերցողներին հասցնելը, փաստորեն, ոչ մի ընկերության ձեռնտու չի լինի նախապես նման խոշոր վճարում կատարել պետությանը, ռեսուրսներ ծախսել, հասնել գյուղեր, ասենք՝ 100 դրամանոց օրաթերթերն իրենց ընթերցողներին հասցնելու համար: Ուստի շուկայում գործող ընկերություններին մնում է կամ խախտել օրենքը եւ մատուցել այդ ծառայությունն առանց արտոնագրի, կամ մարզերում ընդհանրապես կզրկվեն թերթ կարդալու հնարավորությունից: Օրենքից տուժում են նաեւ թերթի խմբագրությունները, որովհետեւ ստիպված են բավարարել միայն մայրաքաղաքի ընթերցողների պահանջարկը: Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ այս առնչությամբ փոստային կապի ազգային օպերատորի՝ «Հայփոստ» ընկերության իրավաբան Մամիկոն Մինասյանը պաշտոնապես հայտարարեց, որ «այսօր շուկայում գործում են մի շարք ընկերություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի»: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի այն հարցին, թե ինչո՞ւ այդ խնդիրը չէիք բարձրացնում՝ մեղադրելու եւ պատժելու շուկայում ապօրինի գործող ընկերություններին, իրավաբանը պատասխանեց. «Դա իմ գործը չէ, թող պետությունը պատժի, ես ընդամենը ազգային օպերատոր եմ ու նման լիազորություններ չունեմ»:

Բանն այն է, որ «Հայփոստին» այդ տարբերակը ձեռնտու է, որովհետեւ փոստային կապի ծառայությունների շուկայում հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ շուկայում մի շարք ծառայությունների, օրինակ՝ ներպետական նամակագրության, հեռագրական, փոստային եւ սուրհանդակային ճեպընթաց կապի մատուցման գծով «Հայփոստը» չունի մրցակիցներ: Հետեւաբար հանձնաժողովը երեկվա նիստում ազգային օպերատորին այդ ծառայությունների շուկայում գերիշխող ճանաչեց: Հանձնաժողովի այդ որոշումը՝ ծառայությունների մատուցումից ցանկացած դժգոհության դեպքում կարող է «Հայփոստին» տուգանելու հարց առաջացնի, հետեւաբար ընկերության ներկայացուցիչն ամեն կերպ ուզում էր ապացուցել, որ իրենք շուկայում գերիշխող չեն, որ, իրենցից բացի, նման ծառայություն մատուցող մի շարք սուբյեկտներ կան: Հանձնաժողովի մասնագետների համար անհասկանալի էր՝ ինչո՞ւ է պետությունը սուբյեկտից պահանջում 5 մլն դրամ մի ծառայության համար, որն ավելի շատ պետության շահերից է բխում, երբ դեռ մի բան էլ ինքը պետք է շահագրգռված լիներ՝ սուբյեկտների համար շուկայում գործելու նորմալ պայմաններ ստեղծելու:

Հանձնաժողովը նաեւ գերիշխող դիրք ունեցող ճանաչեց «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղ-կոյուղի», «Լոռի ջրմուղ կոյուղի» եւ «Նոր ակունք» ընկերություններին:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել