Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ ԴՈԼԱՐԻ ԿՈՒՐՍԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Հունիս 08,2006 00:00

Այդ է վկայում 300 խոշոր հարկատուների ցանկը

Մոտ երկու ամիս է, ինչ Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 300 խոշոր հարկատուների ցանկը: Այն մինչ օրս շարունակում է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Ցանկը հասարակության ուշադրությունը գրավում է այն առումով, թե մեր օլիգարխներից ովքեր են ամենապարտաճանաչ հարկ վճարողները, ում գործերն են լավացել կամ նախորդ տարվա համեմատ ովքեր են իրենց դիրքերը զիջել եւ դուրս եկել խոշոր հարկատուների ցուցակից: Մինչդեռ ցանկն ուսումնասիրելով՝ կարելի է մի շարք այլ ուշագրավ փաստեր հայտնաբերել: Օրինակ, նախորդ տարվա համեմատությամբ մի շարք արտահանող ընկերություններ խոշոր հարկատուների ցանկում իրենց դիրքերը նկատելիորեն զիջել են եւ փոխարենը՝ վերին հորիզոնականներում են հայտնվել ներմուծողները: Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում արտահանողներին խոչընդոտող պայմաններ կան, եւ սա իր բացատրությունն ունի: Արտահանողների գործին առաջին եւ ամենամեծ հարվածը հասցնում է դոլարի արժեզրկումը, որովհետեւ ներմուծողները հայտնվում են անհամեմատ ավելի լավ դիրքերում, իսկ տեղական արտադրողները, չկարողանալով մրցակցել ներմուծողների հետ, տակ են տալիս: Չնայած ազգային տարադրամի կայունությունը պատկան մարմինները դիտարկում են որպես Հայաստանի տնտեսության հզորացման նշան, իրականում այդ քաղաքականությունն ավելի շատ վնաս է պատճառում մեր տնտեսությանը:

Նախորդ տարվա համեմատ՝ հարկատուների ցանկում ավելի քան տասնյակ նիշով իրենց դիրքերը զիջել են հատկապես ծխախոտ, գինի եւ կոնյակ արտադրող ընկերությունները, որովհետեւ նրանց արտադրանքի ներքին սպառման ծավալներն այնքան էլ մեծ չեն, եւ բիզնեսի հաջողությունը մեծամասամբ պայմանավորված է արտահանումով: Օրինակ, Երեւանի կոնյակի գործարանը 2005-ի առաջին եռամսյակում հարկատուների ցանկում 14-րդ տեղում էր, իսկ այս տարի՝ 20-րդ: «Վեդի ալկո» ընկերությունը 16-րդ տեղից իջել է մինչեւ 60-րդ, «Էրեբունի ալկոն»՝ 20-ից մինչեւ 47-րդ, Պռոշյանի կոնյակի գործարանը՝ 46-ից 77, իսկ Շամպայն գինիների գործարանը՝ 14-ից՝ 35-րդ հորիզոնական: Այս տարի կրկնակի քիչ է հարկ վճարել նաեւ «Արաբկիր ալկո լիկյորի, օղու գործարանը»՝ 49-րդ տեղից 300 հարկատուների ցանկում գրավելով ընդամենը 112-րդ տեղը: Բացի օղիներից, նույն ռեգրեսն են ապրում նաեւ գարեջուր արտադրող ընկերությունները, որոնք նույնպես իրենց արտադրանքի զգալի մասը արտահանում են, եւ, ըստ հարկատուների ցանկի, տարեցտարի ավելի ու ավելի քիչ շահույթ ստանում: Խոսքը, օրինակ, «Երեւանի գարեջուր» ընկերության մասին է, որն իր դիրքերը զիջել է 88 նիշով՝ գրավելով 132-րդ հորիզոնականը: Ծխախոտ արտադրող «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը», ի տարբերություն նախորդ տարվա 9-րդ տեղի, այս տարի գրավել է 11-րդ հորիզոնականը:

Մեր երկրում արտահանող ընկերություններից են նաեւ պահածոների գործարանները, որոնց արտադրանքից միայն տոմատն է հիմնականում սպառվում Հայաստանում, իսկ մնացած արտադրանքն իրացվում է արտերկրում: Պահածոների գործարանի վճարած հարկերն էլ տարեցտարի պակասում են, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ դոլարի փոխարժեքի տատանումներն իսկապես ծանր վիճակի մեջ են դրել տեղական արտադրողներին:

Ցեմենտի շուկայում գործող ընկերություններից մեկի՝ «Միկա-ցեմենտի» բիզնեսն էլ, ըստ հարկատուների ցանկի, ահավոր անհաջող է այս տարի սկսվել: Այս ընկերությունն էլ արտահանող է, եւ 300 խոշոր հարկատուների ցանկում նրա անունն ընդհանրապես բացակայում է: Նախորդ տարվա առաջին եռամսյակում «Միկա-ցեմենտը» ցանկում 193-րդ հորիզոնականում էր, իսկ վերջին եռամսյակում արդեն՝ 292-րդ:

Այն, որ դոլարի փոխարժեքի տատանումները վնասել են արտահանող հարկատուներին, պարզ երեւում է նաեւ ներկրողների՝ ցանկում ավելի բարձր հորիզոնականներ զբաղեցնելուց: Նրանք այս տարի գրավել են արտահանողների տեղերը: Օրինակ՝ վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերությունը 38-ից հասել է 4-րդ տեղը, իսկ կոսմետիկա ներկրող հայտնի «Օրիֆլեյմ» ընկերությունը՝ 196-ից 59-րդ տեղում է:

Այս ամենից զատ, ցանկում կան ընկերություններ, որոնք ոչ արտահանող են, ոչ ներմուծող, եւ չնայած նրան, որ գործունեությունն ընդլայնում են, սակայն տարեցտարի ավելի քիչ հարկ են վճարում: Խոսքը, օրինակ, «Ռաֆայել-Տաթեւ» ընկերության մասին է, որը հայտնի է Մալաթիայի տոնավաճառ անունով: Թեեւ այս տոնավաճառի տարածքը վերջերս մի քանի անգամ մեծացել է եւ միաժամանակ թանկացել է տեղի վարձը, այդուհանդերձ, խոշոր հարկատուների ցուցակում այս տարի հայտնվել է 100-րդ տեղում, մինչդեռ նախորդ տարի առաջին եռամսյակում 36-րդ տեղում էր:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել