ՀՀ-Ն
ԿԴԱՌՆԱ՞ ԵՄ ԱՆԴԱՄ Երբ դեռեւս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը
Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի
ապագան Եվրամիությունն է, ՀՀԿ խորհրդի անդամներից մեկը նման պնդումները համարեց հիմնազուրկ՝
հիշեցնելով, թե այդ կառույցն այլեւս չի ընդլայնվելու: Սակայն Եվրախորհրդարանի
փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթը, որը համակարգում է ԵՄ անդամ-պետությունների, նոր
հարեւանություն ծրագրում ընդգրկված երկրների հարցերը՝ երեկ Հայաստանի ԱԺ-ում հայտարարեց.
«Գործնականում ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու Հայաստանը չպետք է դառնա Եվրամիության
անդամ առաջիկա 10 տարիների ընթացքում»: Նաեւ նշեց, որ անձամբ ինքը «բաց է Հայաստանի
եւ ՌԴ անդամակցության խնդրի առջեւ, երբ պատշաճ ժամանակը գա»: Եվրախորհրդարանի փոխնախագահն
ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանի այլ անդամների պես՝ ինքը եւս վերապահումներ ունի
ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության կապակցությամբ: Ըստ նրա, Եվրամիությունը
փակ կազմակերպություն չէ, պարզապես նոր երկրների անդամակցության համար որոշակի խնդիրներ
ստեղծեցին ամիսներ առաջ Հոլանդիայում եւ Ֆրանսիայում անցկացված ԵՄ Սահմանադրության
հանրաքվեի բացասական արդյունքները: Բավական մեծ թվով եվրոպացիներ, այդ թվում վերոհիշյալ
երկու երկրներում, մտահոգված են Եվրամիության ընդլայնման եւ հատկապես Թուրքիայի հնարավոր
անդամակցության կապակցությամբ: Այդուհանդերձ, նոր երկրների անդամակցության գործընթացը
բավական ակտիվ է: Նշենք նաեւ, որ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ԵՄ-Հայաստան
միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Գրիգոր Ղոնջեյանը նկատել
էր, թե հանձնաժողովում ընդունված ոչ մի փաստաթղթում Հայաստանը ներկայացված չէ որպես
ԵՄ հնարավոր անդամ՝ անգամ հեռավոր ապագայում: Այս պայմաններում նա կանխատեսում է
որոշակի դժվարություններ տնտեսական օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու
գործընթացում: Պրն Սքոթն ի պատասխան նշել է, թե ԵՄ-ում այսօր շրջանառվում է երկու
մոդել: Ֆրանսգերմանական մոդելով նախատեսվում է ԵՄ-ի ընդլայնման բավական մեծ տարածք:
Միաժամանակ հունվարին որոշում է ընդունվել, որով Ուկրաինան համարվում է ԵՄ անդամակցության
ճանապարհին գտնվող երկիր: Այս պարագայում՝ ինչո՞ւ ոչ Հայաստանը, Վրաստանը կամ Ադրբեջանը՝
հարցրել էր ԵԽ փոխնախագահը: Ա. Ի.