Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կդեֆորմացվեն

Հունիս 08,2006 00:00

Այդպիսի կարծիք հայտնեց ՍԻՄ նախագահը

Ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատրաստվում են առաջիկա ԱԺ ընտրություններին: ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի մատուցմամբ, ընդդիմությունը՝ ընդհանրապես, եւ ՍԻՄ-ը՝ մասնավորապես այսօր զբաղված են ներկուսակցական կազմակերպչական խնդիրներով՝ պատրաստ լինելու համար ինչպես արտահերթ քաղաքական գործընթացներին, այնպես էլ հերթական ԱԺ ընտրություններին: Ինչ վերաբերում է հերթական ընտրություններին, ապա խոսելով ընդդիմության դաշտում նոր միավորումների փնտրտուքի, ՍԻՄ-ի՝ որեւէ ուժի հետ բանակցություններ վարելու, որեւէ կուսակցության հետ միասին դաշինք կազմելու հնարավորությունների մասին՝ Հ. Խաչատրյանն ասաց, թե՝ «ընդդիմադիր նոր ձեւաչափերի մասին ավելի շատ խոսում են այն առաջնորդները, ովքեր փորձում են նախաձեռնել արտահերթ գործընթացներ», մինչդեռ ՍԻՄ-ը դրանք չբացառելով հանդերձ՝ ավելի շատ պատրաստվում է հերթականին, իսկ «հերթական ընտրությունների առումով կողմնորոշումների խնդիր քննարկելը դեռ ժամանակավրեպ է»:

Մեր զրույցի սկզբում նա ակնարկել էր ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հնարավոր խնդիրների վերաբերյալ: Մենք փորձեցինք մանրամասնել՝ դրանք ի՞նչ կանխատեսումներ են: «Ես կանխատեսումներ չունեմ, պարզապես գիտեմ, որ հանգամանքներն այնպիսին են, որ որոշակի դեֆորմացիաների պետք է ենթարկվեն նաեւ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ես արդեն վաղուց համոզմունք ունեմ, որ այսօրվա մաֆիոզ-կլանային համակարգը, որը փորձում է վերարտադրվել, խստացնում է իր պահանջները իշխանական կոալիցիայում ընդգրկվող քաղաքական միավորների նկատմամբ՝ դրանք ավելի կառավարելի, ավելի կանխատեսելի եւ պակաս քաղաքականացված լինելու իմաստով: Իսկ քանի որ ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն քաղաքականացված են՝ այդպիսի կուսակցությունները իշխանական հաջորդ կոալիցիայում, եթե կլանային համակարգը եւս մեկ անգամ պետք է հաղթի, իմ կարծիքով, տեղ չեն ունենալու: Ունենալու համար էլ, ըստ իս, ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն պետք է նման երաշխիքներ տան այսօրվա իշխանավորներին: Կարծում եմ, այդ պահանջներն արդեն իսկ ներկայացված են, բայց թե նրանք կհամաձայնեն, թե ոչ՝ պարզ կդառնա այս տարվա նոյեմբերի վերջին»:

Թե որ կուսակցությունները կլինեն ապագա ԱԺ-ում Ռ. Քոչարյանի հենարանը՝ պրն Խաչատրյանը դժվարացավ պատասխանել. «Ես ինչ-որ տեղ փորձում եմ համաձայնել Շավարշ Քոչարյանի առաջ քաշած «մոզաիկ խորհրդարանի» գաղափարի հետ, որտեղ ուժերը պետք է լինեն փոքր-փոքր, որպեսզի չկարողանան իրար հետ համաձայնության գալ, կամ դա դժվար լինի անել»: Նա միաժամանակ նկատեց, որ այն, ինչ փորձում է անել Ռ. Քոչարյանը գործարարների կամ հայրենակցական միությունների կողմից ստեղծվող կուսակցությունների միջոցով, հեշտ իրագործելի խնդիր չէ, որովհետեւ այդ կուսակցությունների ախորժակներն իրականում այնքան էլ փոքր չեն, եւ, ըստ նրա, դրանք առաջին հայացքից կարող են իմիտացիոն թվալ: Հ. Խաչատրյանի կարծիքով, հենց դա է պատճառը, որ որպես ապագա իշխանությունների հենարան՝ դրանք էլի չեն համապատասխանում Ռ. Քոչարյանի ցանկալի ձեւումներին, եւ դրա համար վեճը դեռեւս շարունակվում է հենց իշխանական դաշտում: «Համաձայնություններ տեղի չեն ունենում»,- արձանագրեց ՍԻՄ նախագահը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել