Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ԳՆԱ ՆԱՎԹ ԾԱԽԻ»

Հունիս 08,2006 00:00

Ադրբեջանի
նախագահ Հեյդար Ալիեւին երեկ հեռակա առաջարկեց Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Վահան Հովհաննիսյանը: «Առավոտ». Մինչ Բուխարեստ մեկնելը՝ Ռոբերտ Քոչարյանը
հայտարարեց, որ հույսեր կան, եւ մի տարբերակ է քննարկվում, որը «հնարավորություն
է տալիս ունենալ երկարատեւ եւ խաղաղ կարգավորում»: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների
հանդիպումից հետո ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտնեց, թե «հանդիպումներն անցան
բավական լավ մթնոլորտում, դժբախտաբար, նախագահներին չհաջողվեց լրացուցիչ առաջընթաց
արձանագրել»: Ձեր կարծիքով, ո՞ր կողմի դիրքորոշումը խոչընդոտ դարձավ, որ այդ լավ
մթնոլորտում հնարավոր չեղավ գալ համաձայնության: – Միանշանա՛կ Ադրբեջանի:
Եթե մարդկային լեզվով ներկայացնենք այս ամբողջ բանակցային գործընթացը մի նախադասությամբ,
կստացվի՝ Հայաստանն ասում է. ես պատրաստ եմ փոխզիջումների, Ադրբեջանն ասում է՝ ես
պատրաստ եմ փոխզիջումների, որոնք կանեն միայն հայերը: Կամ՝ Ադրբեջանն ասում է. ես
պատրաստ եմ փոխզիջումների, բայց հարցի լուծումը պետք է լինի միայն մեր տարածքային
ամբողջականության շրջանակներում: Այսինքն՝ ասում է. ես պատրաստ եմ զիջումների, բայց
չեմ անելու զիջումներ: Սա է պատճառը, թե ինչու են հանդիպումներն ամեն անգամ անցնում
այդպիսի ջերմ մթնոլորտում, բայց առանց որեւէ արդյունքի: «Ժամանակ». Ինչպե՞ս
եք մեկնաբանում այն, որ թեեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում 2005-ի
հոկտեմբերին խոսում էր ԼՂ-ում կրկնակի հանրաքվե անցկացնելու մասին, բայց Ռոբերտ Քոչարյանը
նախընտրում է գնալ բանակցությունների՝ «ինքնորոշում կամ վերամիավորում Հայաստանին»
կարգախոսներով: – Դա միայն Սերժ Սարգսյանը չի ասել: Դա Հայաստանի պաշտոնական
տեսակետն է: Մենք կանցկացնենք կրկնակի հանրաքվե միայն այն պայմաններում, եթե Ադրբեջանը
նախապես ասի, որ ինքը ճանաչելու է այդ հանրաքվեի արդյունքները, այսինքն՝ ճանաչելու
է Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը: Այսինքն՝ Ադրբեջանը հիմիկվանից պետք
է ասի, որ համաձայն է ճանաչել հանրաքվեի արդյունքները, նույնիսկ եթե դրանք նրան դուր
չգան: Սա է նրանց զիջումը, որ պիտի անեն ու չեն անում: Սա է պատճառը, թե ինչու են
բանակցություններն այսպես անարդյունավետ: «Առավոտ». Իլհամ Ալիեւն անընդհատ
հայտարարում է, թե երբեք, թեկուզ 100 տարի հետո, չեն համաձայնի որեւէ լուծման, որի
արդյունքում Ղարաբաղը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմից դուրս: – Դե, ուրեմն՝
հաջողություն նրա աշխատանքներին: Թող գնա նավթ ծախի: «Երկիր». Ինքնորոշման
եւ տարածքային ամբողջականության սկզբունքների բախման վերջն ի վերջո ի՞նչ է լինելու:
– Այդ սկզբունքների համատեղման եւ հավասարակշռման լավագույն տարբերակները
բալկանյանն են: Իմիջիայլոց, ասեմ, որ մենք հետխորհրդային տարածքում առաջինն էինք,
որ կիրառեցինք միակողմանի ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի ճանապարհով, այսինքն՝
միջազգային նորմերի շրջանակներում: Սակայն այն ժամանակ աշխարհի հասարակական կարծիքը
դեռ պատրաստ չէր ամբողջությամբ ընդունել նման մեխանիզմը: Ժամանակը ցույց տվեց, որ
այդ մեխանիզմը շատ գործուն է՝ Արեւելյան Թիմոր, Էրիթրեա, հիմա արդեն՝ Չեռնոգորիա,
վաղը թերեւս՝ Կոսովո: Այսինքն՝ մեխանիզմը սկսում է դառնալ կիրառելի, մտնում է միջազգային
քաղաքական պրակտիկայի մեջ: Ինչո՞ւ պիտի այդ մեխանիզմը չաշխատի Ղարաբաղում՝ մեզ համար
հասկանալի չէ: Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ուղղակի քաղաքակիրթ երկիր չէ: Օրինակ,
Չեռնոգորիան հանրաքվե արեց: Բնական է, չէ՞, որ Սերբիան դժգոհ էր արդյունքներից, բայց
ճանաչե՛ց դրանք: Այնինչ Ադրբեջանը չի ճանաչում նախորդ հանրաքվեն եւ չի էլ պատրաստվում
ճանաչել այս մեկը: Ուրեմն էլ ինչո՞ւ պետք է մենք անցկացնենք նոր հանրաքվե: «Առավոտ».
Մինչեւ Բուխարեստ մեկնելը Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ՄԱԿ-ը ստեղծելուց հետո
չկա մի դեպք, երբ անկախությունը փաստացի ձեռք բերած «որեւէ ժողովուրդ փոխի իր այդ
որոշումը, վերադառնա այն պետության կազմը, որից դուրս է եկել»: – Ես էլ չեմ
լսել նման օրինակ: «Առավոտ». Սակայն արտաքին քաղաքականության նախկին պատասխանատուներից
մեկը նշեց, թե այդ երկրներն անկախություն են ստացել ապագաղութացման հետեւանքով, եւ
այդ նախկին գաղութների անկախությունը ճանաչվել է: Այս առումով՝ մի քիչ չի՞ կաղում
համեմատությունը Ղարաբաղի հետ: – Չեմ կարծում, որ շատ է կաղում: Գաղութները
տարբեր կարգավիճակներ են ունեցել, տարբեր ձեւով են հայտնվել մետրոպոլիայի կազմում:
Օրինակ՝ Ֆրանսիան նվաճել է Ալժիրը, Բելգիան՝ Կոնգոն, Բրիտանիան՝ Քենիան: Այդ երկրները
հետո անկախություն են ստացել: Ադրբեջանը Ղարաբաղը չի նվաճել, բայց նվեր է ստացել
բոլշեւիկներից: Տարածքի ձեռքբերման մեխանիզմը տարբեր է, բայց արդյունքը դարձել է
նույնը: Ուստի ԼՂ ազատագրումը նաեւ ազգային-ազատագրական պայքար էր եւ ապագաղութացման
գործընթացի բաղկացուցիչ մաս: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել