Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզչի գործն ավելի դժվար է

Հունիս 07,2006 00:00

Տոնական
այս թոհուբոհի մեջ մի տեսակ «ստվերում» է մնացել հավաքականի գլխավոր մարզիչը՝ գրոսմայստեր
Տիգրան Նալբանդյանը, ով թիմին այս ընթացքում նախապատրաստել է օլիմպիադային: Թուրինում
նույնպես որպես գլխավոր մարզիչ նրան միացել է Հունգարիայից ժամանած Արշակ Պետրոսյանը,
ով իր հարուստ փորձով ու գիտելիքներով մեծապես նպաստեց հաջողությանը: Մարզչի գործը
պակաս դժվար ու պատասխանատու չէ: Նա է որոշում, թե տվյալ տուրում ո՞վ է խաղալու եւ
ո՞ր խաղատախտակի առջեւ: Մարզչի մեկ սխալը ճակատագրական է ամբողջ թիմի համար: –
Տիգրան, շնորհավորում ենք այս փայլուն հաղթանակի առիթով: Դու, որպես գլխավոր մարզիչ,
ի՞նչ ես զգում այս պահին: – Նախ ասեմ, որ հավաքականը երկու գլխավոր մարզիչ
ուներ. ես եւ Արշակ Պետրոսյանը: Մենք տարբեր տարիների ենք մարզել հավաքականը: Այս
անգամ որոշվեց մոբիլիզացնել բոլոր ուժերը եւ, ինչպես տեսնում եք, հոյակապ ստացվեց:
Այս պահին երեւի մինչեւ վերջ չեմ պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում: Անչափ շնորհակալ
եմ մեր բազմաթիվ երկրպագուներին ջերմ աջակցության համար: Չգիտեմ ինչպե՞ս էին իմանում
մեր իտալական հեռախոսահամարները: Զանգում էին Երեւանից, սփյուռքից, ոգեւորում…
Ցանկանում եմ, որ այս հաղթանակը մտնի յուրաքանչյուր հայի օջախ, որ ամեն մի ընտանիքում
մեծացող երեխա իմանա ու հպարտանա, որ հայ է: – Այստեղ մեծ ափսոսանքով ընդունեցին
Լեւոն Արոնյանի կրած միակ պարտությունը Վլադիմիր Կրամնիկից: Դու եղել ես Կրամնիկի
մարտավկաներից մեկը: Այնպես որ՝ երկուսին էլ լավ ես ճանաչում: Քո մեկնաբանությունը:
– Ես հիմա էլ Կրամնիկի մարտավկաներից եմ: Բայց բնական է, որ ուզում էի, որ
Լեւոնը հաղթի: Երեւի տեղյակ եք, որ Կրամնիկը հոդերի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ
ունի: Հիմա, կարծես, վիճակը մի փոքր լավացել է: Նա օլիմպիադայում ցույց տվեց լավագույն
արդյունքներից մեկը: Արոնյանի հետ նա խաղում էր սպիտակներով: Իսկ սպիտակներով խաղացող
Կրամնիկը սարսափելի է՝ անկախ ամեն ինչից: Լեւոնի խաղն այս անգամ չստացվեց: Բայց դրանից
ողբերգություն սարքել պետք չէ: Դրա փոխարեն Գաբրիել Սարգսյանը հրաշալի հաղթանակ տարավ
Մորոզեւիչի նկատմամբ: Դրանից հետո մտածում էինք. եթե ռուսներին չպարտվեցինք, ապա
այստեղ ո՞վ կարող է մեզ հաղթել: – Կարծես հնարավորություններից թույլ հանդես
եկավ Կարեն Ասրյանը: – Բացարձակապես համաձայն չեմ: Ընդհակառակը, Կարենն իսկական
հերոս է: Մեկնարկից առաջ նա լուրջ հիվանդացավ: Շատ բարձր ջերմություն ուներ: Նրա
բացակայությունը թիմի համար անդառնալի կորուստ կլիներ: Եթե օլիմպիադայում բարձր տեղ
պիտի գրավեինք, ապա անպայման հիմնական չորս շախմատիստների մասնակցությամբ: Կարենը,
երկու-երեք տուր չխաղալուց հետո, իր մեջ ուժ գտավ ու պայքարի մեջ մտնելով Ռուսաստանի
հետ մրցամարտում՝ շարքում մնաց մինչեւ վերջ: Հարցն անպայման հաղթանակներ տանելը չէ,
այլ կայուն, թիմակիցներին վստահություն ներշնչող թեւ տվող խաղը: Մի շատ կարեւոր հանգամանք
էլ. նա ուժեղագույն երկրների հետ խաղացել է միայն սեւերով ու ոչ մի պարտություն չի
կրել: Դա անգնահատելի ներդրում է թիմի ընդհանուր հաղթանակի գործում: – Գաբրիել
Սարգսյանի, Վլադիմիր Հակոբյանի մասին ի՞նչ կասես: – Ասելու բան, կարծում եմ,
արդեն չկա: Գաբրիելն իր խաղով ամեն բան ասաց: Նրանով հիացած են բոլոր երկրների մասնագետները:
Գաբին մինչ այդ հաղթել էր երկու խոշոր մրցաշարերում: Հիմա էլ հրաշալի հանդես եկավ:
Նա կայացած, կայուն գրոսմայստեր է: Հավատացած եմ, որ 2007-ին Գաբրիելն իր գրոսմայստեր
տիտղոսին կավելացնի «սուպեր» նախածանցը: Ինչ վերաբերում է Վովային, նա այնպես էր
խաղում, որ մտածում էի՝ տուն կվերադառնա վարկանիշային դասակարգման աղյուսակի առաջին
տասնյակում տեղ զբաղեցրած: Թուրինում նրան «սեւ արքա» էինք կոչում, որովհետեւ Վովան
էլ խաղում էր սեւերով ու բոլորին հաղթում: Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել