Անցած
գիշեր բոլորս հպարտանում էինք՝ հայ լինելու համար «Զվարթնոց» օդանավակայան
էին եկել հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Զանգվածային լրատվամիջոցների
ներկայացուցիչներն այնքան շատ էին, որ օդանավից մինչեւ սպասասրահ՝ ասեղ գցելու տեղ
չկար: Սակայն հիմնական իրադարձությունները կատարվելու էին Ազատության հրապարակում,
որտեղ, չնայած գիշերվա ուշ ժամին, հավաքված հազարավոր մարդիկ համառ անհամբերությամբ
սպասում էին իրենց կուռքերին: Դիմավորումը, իրոք, սրտաբուխ էր: Հնչեցին շնորհավորական
ու շնորհակալական ջերմ խոսքեր: Սերժ Սարգսյան. Հայաստանի շախմատի ֆեդերացիայի
նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար: «Ուրախ եմ, որ հայ շախմատիստները ժողովրդի հույսերն
իրականություն դարձրին… Մեր տղաները 5-րդ տուրից ստանձնելով առաջատարի դերը՝ այն
պատվով տարան մինչեւ վերջ… Վստահեցնում եմ, որ նրանց համար Երեւանից ժողովրդի սատար
կանգնելը ամենակարեւորն էր: Եթե դուք ձեր զանգերով, տաք շնչով չսատարեիք, տղաները
դժվար թե կարողանային այդպես հստակ հասնել օլիմպիական բարձունք… Շնորհակալ եմ…
Ուզում եմ հավաստիացնել, որ սա առաջին լուրջ հաղթանակն է… Հաղթանակները դեռ առջեւում
են»: Իշխան Զաքարյան. ՀՀ սպորտպետկոմի նախագահ: «… Այսօր օլիմպիական ոսկե
մեդալների հետ Հայաստանի մայրաքաղաք է բերվել նաեւ ամենասիրելի, ամենափափագելի, ամենապատվաբեր
գավաթը, որը փառք կպարգեւեր ցանկացած երկրի… Շնորհակալություն եմ հայտնում ու շնորհավորում
գրոսմայստերական այս բույլին՝ գիգանտ պետությունների հանդեպ հաղթանակ տոնելու համար…
Ժողովուրդն այս նույն հրապարակում այսպես ցնծացել է ուղիղ 43 տարի առաջ՝ լեգենդար
Տիգրան Պետրոսյանի հաղթանակի առիթով: Տա Աստված, որ այսպիսի հաղթանակներ այս հրապարակում
հայ ժողովուրդը շատ տոնի»: Ազատության հրապարակում «Առավոտի» հետ իրենց ապրումները
կիսեցին ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր
Գասպարյանը: Տ. Սարգսյան. «Հիացած եմ: 43 տարի առաջ այս նույն հրապարակում
Տիգրան Պետրոսյանի պատմական հաղթանակի առիթով ժողովրդի ոգեւորությունն արժանի պտուղներ
է տվել: Հույս ունեմ, որ այս նոր հաղթանակն էլ հազարավոր նոր պտուղներ կտա մեր ժողովրդի
նոր հաղթանակների համար եւ ոչ միայն մարզական ոլորտում»: Վ. Գասպարյան. «Հայը
եւս մեկ անգամ ցույց տվեց իր մտավոր ունակությունները, մտքի հաղթանակը: Սա մեր բոլորիս
հաղթանակն է»: Հրապարակում մեծ թիվ էին կազմում երիտասարդները: Երբ մի խմբի
հարցրինք, թե այս պահին ի՞նչ ապրումներ ունեն, պատասխանեցին շատ հակիրճ. «Հպարտ ենք,
որ հայ ենք»: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններին պատշաճ մակարդակով Երեւան
հասցնելու նպատակով բերված արտասահմանյան մակնիշի շքեղ կաբրիոլոտներից «Դայմլեր Կրայսլերի»
տերը՝ Արսեն Սարգսյանը, ասաց. «Այստեղ գալու առաջարկը մեծագույն հաճույքով ընդունեցինք:
Այսպիսի հաղթանակներ ունենալու, այսպիսի տղաների դիմավորելու համար պատրաստ ենք այնքան
գիշեր լուսացնել, ինչքան պետք լինի»: Ընդ որում, նրանք ծառայության համար որեւէ վճարում
բացառում էին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ