Երեկ՝
Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կայացավ մեծ կոմպոզիտորի անվան թավջութակահարների մրցույթի
մրցանակակիրների պարգեւատրման արարողությունն ու գալա համերգը: «Արամ Խաչատրյան»
համերգասրահում մայիսի 30-ին մեկնարկած մրցույթում 13 երկրից ժամանած 17 թավջութակահար
մրցում էր՝ այս հեղինակավոր մրցույթում դափնիներ շահելու համար: Ժյուրիի կազմում
էին անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը (նախագահ), Մեդեա Աբրահամյանը, Վոլֆգանգ
Բյոտչերը (Գերմանիա), Վահրամ Սարաջյանը (ԱՄՆ), Իվան Մոնիգետտին (Շվեյցարիա): Առաջին
մրցանակը շնորհվել է Նարեկ Հախնազարյանին, երկրորդը կիսել են Ռուսլան Վելինսկին (Լատվիա),
Ինդիրա Ռահմատուլլան (Թուրքիա), երրորդը՝ Սերգեյ Կոսեմյանը եւ Տիգրան Մուրադյանը:
Առաջին փուլից հետո համերգասրահում ներկա մասնագետները միաբերան առաջին մրցանակակիր
տեսնում էին Նարեկ Հախնազարյանին: Մեզ հետ զրուցած պատվավոր հյուրերը՝ Վադիմ Շուբլաձեն
(Վրաստան), Ջոն Գեւորգյանը (ԱՄՆ), Ինո Միրկովիչը (Խորվաթիա) եւ Մոնիկ Դոուվը (Ֆրանսիա)
չսխալվեցին իրենց կանխատեսումներում: Արտերկրից ժամանած հյուրերը հատկապես նշեցին
թավջութակի դպրոցի հայ ներկայացուցիչներին: Մոնիկ Դոուվի փոխանցմամբ. «Լսել էի այս
մրցույթի մասին, բայց պետք է ասեմ, որ մասնակիցների նման մակարդակ չէի սպասում: Ֆրանսիա
հասնելուն պես կոլեգաներիս կպատմեմ հայ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող մրցույթի
մասին եւ անպայման կկազմակերպեմ առաջին մրցանակակիր Նարեկ Հախնազարյանի հյուրախաղերը
մեր երկրում»: Պատվավոր հյուրերը հատկապես գոհ էին մրցույթի կազմակերպչական աշխատանքներից:
Վ. Շուբլաձեի եւ Ի. Միրկովիչի խոսքերով՝ «թեեւ մասնակցել ենք տարբեր հեղինակավոր
մրցույթների, բայց զարմացած ենք այս մրցույթի կազմակերպչական աշխատանքներով»: Նույն
կարծիքին էին նաեւ մասնակիցներից Գիերմո Պաստրանան (Իսպանիա), Պաոլո Անդրիոտին (Իտալիա),
Ինդիրա Ռահմատուլլան (Թուրքիա): Վերջինից փորձեցինք հետաքրքրվել իր երկրում դասական
երաժշտության մակարդակի մասին: Ինդիրայի խոսքերով. «Ազգությամբ ուզբեկ ծնողներս գնացել
են Թուրքիա փող վաստակելու, որտեղ եւ 1988-ին ծնվել եմ: Այժմ սովորում եմ Հյուսթոնի
համալսարանում եւ իմ կարիերան պատկերացնում եմ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում:
Ունեմ հիանալի հայ երաժիշտ ընկերներ»: Զրույցի հրավիրեցինք անվանի կոմպոզիտորի
որդուն՝ Կարեն Խաչատրյանին: Նա երախտապարտ էր իրեն մատուցած անակնկալից, այն է՝ մրցույթի
շրջանակներում օրերս Խաչատրյանի տուն-թանգարանում իր մոր՝ կոմպոզիտոր Նինա Մակարովայի
100-ամյակին նվիրված երեկոյի համար: «Հայրս որպես դիրիժոր հանդես է եկել աշխարհի
ավելի քան 30 երկրում՝ իր ստեղծագործությունների մեկնաբանմամբ, բայց առիթի դեպքում
միշտ հիշում էր երեւանյան համերգները: Վերջին անգամ 72-ին է մորս հեղինակային երեկոն
այստեղ կայացել, իսկ 45-ին կազմակերպվել էր ծնողներիս հեղինակային երեկոն: Հայրս
իր մանկության ու պատանեկության տարիները անցկացրել է Թիֆլիսում, ընդամենը 1937-ից
է պարբերաբար եղել Հայաստանում, սակայն դրանով հանդերձ նա իր մեջ շատ հայեցիություն
ուներ, որը փոխանցվել էր նաեւ մորս»,- նշեց Արամ Խաչատրյանի որդին: Հետաքրքրությանը՝
սովորաբար հայկական ընտանիքներում ժառանգաբար փոխանցվում է ծնողների մասնագիտությունը:
Ձեր դեպքում այդ ավանդույթը խախտվել է, ինչո՞ւ, Կ. Խաչատրյանը պատասխանեց. «Ինքս
էլ չգիտեմ, թե ինչու է այդպես: Մի կողմից հայրս ավանդապահ էր, մյուս կողմից էլ ինձ
թողնում էր ազատ բոլոր հարցերում: Մասնագիտությունս, չեմ կարծում, թե շատ հեռու է
ծնողներիս մասնագիտությունից: Ես արվեստաբան եմ, ինչն իր մեջ ներառում է նաեւ երաժշտարվեստը»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ