Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երիտասարդները փորձեցին բանավիճել

Հունիս 07,2006 00:00

Եվ վերջապես բացահայտել 10 կոռումպացված դասախոսներին

Երեկ «Հայելի» ակումբը կազմակերպել էր բանավեճ՝ «Կոռուպցիան երիտասարդների տեսակետից» թեմայով: Բանավեճին հրավիրված էին ՕԵԿ, ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների երիտասարդական թեւերի ղեկավարները եւ Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբը: Բանավեճի սկզբում ՕԵԿ Երիտասարդական միության ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ ՀՀԿ Երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը սկսեցին վիճել հանդիպման առիթի հետ կապ չունեցող թեմաներով, իսկ այդ ընթացքում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության անդամ Իշխան Սաղաթելյանը նրանց մեջտեղում նստած չէր միջամտում: Լրագրողներից մեկը նկատեց, որ մեր օրերին բնորոշ սովորական քաղաքական խաղ է՝ ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն վիճում են, իսկ ՀՅԴ-ն լուռ է: Վերջապես ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները հիշեցին շուրջ մեկ ու կես տարի առաջ ՀՀ բուհերում «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից կազմակերպված մոնիտորինգը, որը նպատակ ուներ հայտնաբերել բուհերում առկա կոռուպցիոն երեւույթները: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի հրապարակած սոցհարցումների պատասխանները Բժշկականի ուսանողների սրտով չէին, նույնիսկ այս առիթով նրանք ասուլիս էին հրավիրել, որտեղ փորձում էին ապացուցել, որ իրենց բուհն այդքան էլ կոռումպացված չէ, ինչպես հարցումներն էին ցույց տվել:

Ի. Սաղաթելյանը պատմեց, որ մինչ այդ, նախօրոք, երիտասարդական տարբեր կառույցներին կլոր սեղանի շուրջ են հավաքել եւ առաջարկել մասնակցել բուհերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման իրենց ծրագրին: Այդ հանդիպման ժամանակ ներկայացվել են տարբեր բուհերում կատարված սոցիոլոգիական հարցումների պատասխանները եւ դրանց հետ մեկտեղ նամակներ են ուղղված եղել բուհերի ռեկտորներին, որտեղ խնդրել են օգնել իրենց այս գործում: Իրենց աջակցությունը գրավոր, ստորագրությամբ հաստատել են մի շարք բուհերի եւ երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, սակայն 2 օր անց ստորագրությունների մեծ մասը հետ է վերցվել, այդ թվում՝ Բժշկական համալսարանի, Ֆիզկուլտինստիտուտի եւ Ագրարային համալսարանի (նախկին Գյուղակադեմիա) ներկայացուցիչներինը: Երիտասարդական քաղաքական գործիչների ակումբի նախագահ Արման Վարդանյանն առաջարկեց ՀՅԴ երիտասարդներին շարունակել այդ ծրագիրը հիմա, երբ ԿԳ նախարարը դաշնակցական է:

Ի. Սաղաթելյանից բանավեճի ներկաները պահանջում էին հրապարակել այն մարդկանց անունները, ովքեր բուհերում ամենակոռումպացվածն են: Սակայն Սաղաթելյանը հրաժարվեց անուններ տալ, քանի որ փաստացի ապացույցներ չուներ, եւ հետագայում իր ասածները կարող էին զրպարտություն դիտվել: Նա ասաց. «Երբ դատախազությունը կամ բուհերի ղեկավարությունները մեզանից անուններ են պահանջում, դա անիմաստ մի բան է դառնում, քանի որ իրենք էլ լավ գիտեն, թե ովքեր են կոռումպացված եւ կաշառակեր դասախոսները»:

Հանդիպման ավարտին երիտասարդները առաջարկեցին կոռուպցիայի դեմ իրենց պայքարի միջոցները: Ս. Ֆարմանյանը առաջարկեց սեփականաշնորհման ոլորտում ուսումնասիրություններ կատարել: Ա. Վարդանյանն էլ ավելացրեց, որ կարելի է մասնավորապես ուսումնասիրել, թե ինչպես են սեփականաշնորհվել ՀՀ շատ մանկապարտեզներ կամ ինչպես են կառուցվել այս կամ այն դղյակները. «Հետո կպահանջենք, որ դրանք վաճառեն եւ հասույթը տրամադրեն նորաստեղծ ընտանիքներին, որոնք բնակարան չունեն»: Ի. Սաղաթելյանը նախ առաջարկեց ուսումնասիրել բուհերում ուսանողների փոխանակման ծրագրերը եւ պարզել, թե որ ուսանողներն են գնում արտերկիր սովորելու՝ խելացինե՞րը, թե՞ տվյալ բուհի ռեկտորի կամ պրոռեկտորի բարեկամները: Այնուհետեւ նա 2-րդ տարբերակ առաջարկեց. մոնիտորինգ անել եւ բացահայտել յուրաքանչյուր բուհի 10 կոռումպացված դասախոսներին. «Ուսումնասիրության արդյունքները կարելի է դատախազություն ներկայացնել, չնայած Լեւոն Մկրտչյանն է ԿԳ նախարար»: Վերջին առաջարկությունը հետաքրքրեց բանավեճի բոլոր մասնակիցներին, որոնք որոշեցին հանդիպել 2 ամիս անց՝ արդեն կատարված ուսումնասիրությունների արդյունքներով:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե երիտասարդների կարծիքով իրենց կուսակցություններում կա՞ն, արդյոք, կոռումպացված դեմքեր: ՀՀԿ ներկայացուցիչը կարճ պատասխանեց՝ «այո՛», Ի. Սաղաթելյանը նշեց, որ ինքը ՀՅԴ-ում նման մարդկանց չի ճանաչում, իսկ ՕԵԿ անդամն ասաց, որ բոլորը սուրբ լինել չեն կարող:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել