Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոտերը խանգարում են

Հունիս 07,2006 00:00

Բողոքում են Բաղրամյան փողոցի բնակիչները

Եթե այսօր ոմանց համար մայրաքաղաքի կենտրոնում ապրելը երազանք է, ապա Բաղրամյան 25 շենքի բնակիչների խոսքերով՝ իրենց համար «իսկական մղձավանջ» է: Շենքի առաջին հարկում «Շերլոկ Հոլմս» ռեստորանն է, որն իր համար գլխավոր մուտքից բացի, շենքի շքամուտքի կողմից, վերելակի հարեւանությամբ դուռ է դրել, որը բացելով օդափոխում է ռեստորանը, քանի որ օբյեկտը օդափոխման համակարգ չունի: Արդյունքում՝ շենքի բնակիչները քաջատեղյակ են դառնում ռեստորանի կերակրացանկին, նրանք դա գուշակում են ճաշատեսակների բույրից: Իրենց անդորրը վերականգնելու համար բնակիչները դիմել են պատկան մարմիններին՝ թաղապետարան, քաղաքապետարան, Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն: Վերջիններս խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն:

Թիվ 25 շենքի խնդիրներն այսքանով չեն վերջանում: Շենքի հարեւանությամբ ծաղկի խանութ կա, որը բնակիչներին «խանգարում է»: Ճիշտ է, նրանք չեն դժգոհում, թե ծաղիկներից վատ հոտ է գալիս կամ բույսերն իրենց «լավ չեն պահում», բայց բնակիչներից մեկի՝ Սվետլանա Մալինցյանի ներկայացմամբ, ծաղկի խանութի տեղում նախկինում կոշկակարանոց է եղել, որն ընդամենը ունեցել է 3,2 քմ տարածք: Այն գնելով՝ ծաղկի խանութի տերն այժմ ապօրինի թե օրինական ճանապարհով տարածքն ընդլայնել է եւ դարձրել 32 քմ:

Ծաղկի խանութի առնչությամբ Արաբկիրի թաղապետարանից հայտնեցին, որ իրենք այդ խնդրով ժամանակին զբաղվել են. «Պարզելով, որ այն ապօրինի է՝ քանդել ենք»: Այժմ այդ իրավասությունը քաղաքապետարանինն է, որի թույլտվությամբ էլ խանութը վերակառուցվել է:

Բնակիչները կոմունալ սպասարկումից եւս դժգոհ էին. «Կոմունալ մուծումները կատարում ենք, բայց սպասարկում չի իրականացվում: Շաբաթը 2 անգամ աղբը ռեստորանի տերն է տանում, վերելակը փչանում է՝ մենք ենք վերանորոգում, առնետների դեմ էլ ինքներս ենք պայքարում, շենքը 23 տարի է՝ չի վերանորոգվել, միջանցքների պատուհանները կոտրված են, շքամուտքը չի մաքրվում»:

Շենքի կոմունալ սպասարկման հետ կապված՝ Արաբկիր համայնքի համատիրությունների նախագահ Վլադիմիր Ղազարյանը պարզաբանեց, որ հունիսի մեկի դրությամբ բնակիչները 1 մլն 407 հազար դրամ պարտք են պետությանը, «չնայած դրան, նախորդ տարի տանիքի վերանորոգման համար 1 մլն 476 հազար դրամ է հատկացվել, իսկ պատուհանները 16 հարկում էլ փոխվել են, պարզապես բնակիչների անփութության հետեւանքով կրկին կոտրվել են: Աղբահանություն էլ կատարվում է երեք օրը մեկ»:

ԼՈՐԱ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել