«Հայկական ավիաուղիների» պարտքերի մեծ
մասը գրվել է սառույցին Արդեն երկու տարի է, ինչ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն
լուծարման գործընթացում է, եւ չնայած այս ընթացքում գույքի մի մասը վաճառվել է, սակայն
դրանցից գոյացած գումարներն, ըստ էության, պարտքերի չնչին տոկոսն են փակել, իսկ աշխատողներին
ունեցած պարտքը մարելու հերթը դեռ չի էլ հասել: Ընկերությունն այժմ շատ քիչ գույք
ունի, եղածն էլ հնամաշ է, շարքից դուրս եկած, եւ դրանց վաճառքից ստացված գումարները,
կարելի է ասել, պահանջատերերի ցուցակի վրա էական ազդեցություն չեն թողնի: Բանն այն
է, որ եթե նույնիսկ ընկերությանը հաջողվել է ինչ-որ բան վաճառել, գումարի մի մասը
չի ծառայել պարտքերի մարմանը, քանի որ վաճառված գույքի արժեքի միայն 20%-ը գանձվել
է որպես ԱԱՀ: Այսինքն՝ 200 հազար դրամանոց գույքի վաճառքի դեպքում ընկերությունը
միայն 40 հազար դրամը տվել է հարկայինին: «Հայկական ավիաուղիների» լուծարումը
հաստատվել է ՀՀ տնտեսական դատարանի 2004-ի վճռով, ըստ որի՝ ընկերությունը ճանաչվել
է անվճարունակ, եւ անվճարունակության գործով կառավարիչ է նշանակվել Հրանտ Ղամբարյանը,
որը պետք է զբաղվեր պարտատերերով: Երեկ պարոն Ղամբարյանից հետաքրքրվեցինք, թե ում
են պարտք մնացել: Պարզվեց՝ մեր հարցադրումն այնքան էլ ճիշտ չէր՝ ավելի շուտ պետք
է հարցնեինք՝ ո՞ւմ պարտքերն եք մարել, քանի որ այս երկու տարիների ընթացքում հարյուրավոր
պահանջատերերից միայն մի քանիսի հարցերն են լուծել: «Սնանկության մասին» օրենքը պարտքի
մարման համար սահմանում է առաջնահերթության կարգ, ըստ որի նախեւառաջ պետք է բավարարվեն
գրավով ապահոված պահանջները: Նման պահանջատեր եղել է մեկը՝ «Միկա լիմիթեդը», որին
ավիաընկերությունը պարտք է եղել 1 մլն 200 հազար դոլար՝ վառելիքի դիմաց: Վերջինիս
պարտքը մարվել է գույքի տեսքով. տվել են «ԻԼ 86» ինքնաթիռը: Սակայն նույնիսկ այս
դեպքում, երբ պարտքը մարվել է գույքով, կրկին ԱԱՀ է գանձվել՝ 240 հազար դոլար, որը
լուծարման գործով կառավարիչը փակել է՝ ուրիշ գույքերի վաճառքից ստացված գումարի հաշվին:
Ուսումնասիրելով առաջնահերթության գործող կարգը՝ ակնհայտորեն 335 աշխատողները կարող
են իրենց պարտք-աշխատավարձերի վրա (ընդհանուր գումարը՝ 258 մլն դրամ) խաչ քաշել,
որովհետեւ մինչեւ իրենց հերթը հասնի, կարգը անտեղի ծախսեր է նախատեսում: Օրինակ,
աշխատավարձերը եւ հաշմանդամ ու զոհված օդաչուների ընտանիքներին տրվող նպաստների գումարները
(որը կազմում է 3.5 մլն դոլար) տրվելուց առավել կարեւոր են համարվել կառավարչի ապարատի
աշխատակիցների եւ 500 հազար դրամի չափով դատարանի ծախսերը: Պարոն Ղամբարյանը
վստահեցրեց, որ ոչ մի լումա, առանց դատարանի որոշման, ինքը չի կարող ծախսել. «Ցանկացած
հավաքագրված գումար բաշխելու համար ես դատարան եմ ներկայացնում բաշխման ծրագիր, եւ
այդ կետերի համաձայն էլ վճարումները կատարվում են»: Պահանջատերերի գումարները գոյանում
են ոչ միայն գույքի վաճառքից, այլ նաեւ դեբիտորական պարտքերի հավաքագրումից: Իսկ
դեբիտորական պարտքերի մեծ մասը, կարելի է ասել, գրված է սառույցին: «Հայկական ավիաուղիներին»
միայն 322 մլն դրամ պարտք է ընկերության ԱՄՆ-ի ներկայացուցիչը, Ֆրանկֆուրտինն էլ
պարտք է 17 մլն դրամ: Չնայած ընկերությանը պարտք ունեցողներից մի քանիսն էլ ձերբակալված
են, բայց դրանից պահանջատերերի թիվը չի պակասում: Կառավարչի խոսքերով՝ անիմաստ է
արտասահմանյան դեբիտորների հետեւից ընկնել, քանի որ «նրանք նույնիսկ լայաղ չեն անում
մեր նամակներին պատասխանել»: Դատարանի միջոցով էլ նրանցից գումարներ գանձելը քիչ
հավանական է, քանի որ, ըստ Ղամբարյանի, նախ բացակայում են հիմնավոր փաստաթղթերը,
դրանց մի մասի համար գործում է վաղեմության ժամկետ, մյուսների դեպքում էլ պետք է
վեճը լուծեն տվյալ երկրի դատարանում. «Ի՞նչ երաշխիք կա, որ եթե 15-20 հազար դոլար
ծախսեմ, գնամ-հասնեմ Ֆիլիպիններ, դատարանում գործը կշահեմ»: Կառավարչի հաշվարկներով՝
եթե նույնիսկ դեբիտորական պարտքերն էլ հետ բերեն, գումարներն էլի չեն բավականացնի:
Ավիաընկերությանը 234 մլն դրամ պարտք է նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը:
Այս գումարները գոյացել են արտոնություններից օգտվողներին զեղչով տոմս տրամադրելուց,
որի ծախսերը պետք է հոգար ֆիննախը: Սակայն նախարարության ֆինանսական վերահսկողության
վարչությունը (ԽՀձ) ստուգումների արդյունքում պարզել է, որ արտոնություններից օգտվողների
մի մասը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, եւ, փաստորեն, ծառայությունից օգտվել են
մարդիկ, որոնք դրա իրավունքը չեն ունեցել, ուստի ֆիննախն էլ չի պատրաստվում այդ պարտքերը
մարել: Կառավարիչը նույնիսկ դատարան է դիմել՝ այդ կեղծարարներից գումարները հետ պահանջելու,
բայց դատարանը հայցը մերժել է: Ուշագրավ է, որ օրենքը պարտքը մարելու համար
ժամկետ չի սահմանում. մինչեւ վերջին գույքի իրացումը՝ կառավարչի ապարատի գործունեությունը
չի դադարեցվում: Ստացվում է, որ վաճառված գույքից ստացված գումարների մի մասն էլ
այս տարիներին ուղղվում է ապարատի աշխատակիցների աշխատավարձը փակելու վրա, ընդ որում,
մեր տեղեկություններով, նրանց աշխատավարձը բավականին բարձր է: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ