Թերեւս քչերին է հայտնի, որ մինչեւ 1995թ.-ին պատգամավոր դառնալն ու «Օրինաց երկիր» կուսակցություն ստեղծելը, առավել եւս՝ մինչեւ ԱԺ նախագահ լինելը Արթուր Բաղդասարյանը եղել է նաեւ Երեւանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: Դա 1993-ին էր:
«Առավոտի» տեղեկություններով, հենց այդ պաշտոնում աշխատելու ընթացքում Ա. Բաղդասարյանը Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում «վետերոկ», իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ ռեստորան կառուցելու նպատակով հողատարածք էր հատկացրել իր մտերիմներից մեկին, որին այսօր շատերը գիտեն «3-րդ մասցի Գագո» անունով: Ըստ որոշ տեղեկությունների, այդ օբյեկտում որոշակի մասնաբաժին է ունեցել նաեւ Ա. Բաղդասարյանը:
«ՌիմԳարուն» անունը կրող օբյեկտը ժամանակին կառուցվել եւ ինչ-որ ժամանակ անգամ գործել էր ըստ նշանակության: Վերջին տարիներին, սակայն, այդ օբյեկտը, բնակիչների ասելով, ըստ էության, չի գործել, իսկ դրա տարածքն այսօր ամբողջովին գտնվում է աղբի ու ընդհանրապես հակասանիտարական ու անբարեկարգ վիճակում: Իհարկե, վերջին շրջանում, մեր աղբյուրների փոխանցմամբ, օբյեկտի տերն այստեղ նորից շինարարություն է սկսել, բայց այն ժամանակ առ ժամանակ ընդհատվել է, ինչպես, օրինակ՝ այս պահին: Բանն այն է, որ խորհրդարանական կոալիցիան լքելուց հետո ոչ միայն հանրապետական, այլեւ քաղաքային իշխանությունները ՕԵԿ-ի «կուլակաթափության» գործընթաց են սկսել: Այսպես, մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետը օրերս այս օբյեկտը քանդելու որոշում է պատրաստել, որն, ըստ լավատեղյակ աղբյուրների, կարող է մոտ օրերս հրապարակվել: Քանդելու որոշումն, ամենայն հավանականությամբ, հիմնավորվելու է կառույցի անօրինական լինելու հանգամանքով, որովհետեւ ի սկզբանե տարածքի հատկացման որոշման մեջ քաղաքապետարանում լուրջ բացեր են «հայտնաբերվել»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ