Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍԵՆԱՏՈՐԻ» ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Հունիս 07,2006 00:00

Կալմիկիայից նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի հայաստանցի գործընկերները չեն հավատում, թե նա կաշառակեր է:

ՌԴ հատուկ ծառայությունները հետաքննելով այն տեղեկությունը, թե խոշոր չինովնիկները կաշառք են վերցնում Հաշվիչ պալատի ստուգման նյութերից փաստերը հանելու համար՝ 300 հազար դոլար էին առգրավել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում Կալմիկիան ներկայացնող Լեւոն Չախմախչյանից: Վերջինս պնդել էր, թե սա իր դեմ ուղղված արշավի մի մասն է, եւ նշել էր անգամ սադրանքի կազմակերպչին՝ «Տրանսաէրո» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պլեշակովին:

«Շատ լավ ճանաչելով Չախմախչյանին՝ համոզված եմ, որ նա այնքան մեծ ինքնասիրություն եւ հպարտություն ունի, որ իրեն թույլ չէր տա գնալ ոմն Պլեշակովի մոտ, նրանից գումար, այն էլ՝ կաշառք վերցնելու համար: Գտնում եմ, որ դա կազմակերպված սադրանք է Լեւոն Չախմախչյանի նկատմամբ»,- «Առավոտին» ասաց Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպանի տեղակալ Ռաֆիկ Մխիթարյանը: Վերջինս Լեւոն Չախմախչյանին ճանաչում է դեռ համալսարանական տարիներից. «Ես ԵՊՀ կոմերիտմիության կոմիտեի քարտուղարն էի, նա էլ՝ իմ ուսանող կոմերիտականներից: Մենք հետո միասին ենք աշխատել ՀՍՍՀ կենտկոմում՝ ես կազմբաժնում էի, նա՝ պրոպագանդայի: Հետո դարձավ սեկտորի վարիչ, հետո՝ Կենտկոմի 1-ին քարտուղարի օգնական»: Խնդրեցինք ճշտել հրապարակված այն լուրերի իսկությունը, թե կուսակցական համակարգում աշխատելու տարիներին Լեւոն Չախմախչյանին ցանկացել էին դատի տալ ՀԿԿ կենտկոմի գույքի հափշտակության մեղադրանքով, քանի որ անհետացել էին բազմաթիվ թանկարժեք կտավներ, հին գորգեր, հնաոճ իրեր եւ այլն: «Այդպիսի բան չի եղել: Իր աշխատանքի բնույթով նա գործ է ունեցել միայն թղթերի հետ՝ բյուրոյի որոշումներ եւ այլն: Եվ նյութական արժեքների հետ առնչություն չի ունեցել ի պաշտոնե,- ասաց Ռաֆիկ Մխիթարյանը:- Նյութական արժեքների հափշտակության մեջ ժամանակին մեղադրել էին գործերի կառավարիչ Լեւոն Յոլչյանին»:

Լեւոն Չախմախչյանը ձերբակալությունից օրեր առաջ՝ հունիսի 2-ին ընտրվել էր Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի՝ ԱՐԱԴԵՍ-ի ռուսական կողմի նախագահ: Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ ԱՐԱԴԵՍ-ի հայկական կողմի նախագահ Վլադիմիր Բադալյանին: Նա օրերս էր վերադարձել Մոսկվայից, ուր կայացել էր ԱՐԱԴԵՍ-ի հերթական տարեկան ժողովը. «Օրակարգում մեր ապագա գործունեության ծրագիրն էր եւ կազմակերպական հարց: Այն է՝ ռուսական կողմի նախագահ Նիկոլայ Ռիժկովը նամակ էր գրել, թե լինելով հասարակական 7 կառույցների նախագահ, Դաշնային խորհրդի անդամ՝ ծանրաբեռնվածության պատճառով ստիպված է խնդրել, որ մնա կառույցում միայն իբրեւ վարչության պատվավոր անդամ: Առաջարկ եղավ, որ ապահովելու համար շարունակականությունը՝ նրա տեղակալներից մեկը գլխավորի Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիան: Առաջարկվեց Լեւոն Չախմախչյանի թեկնածությունը, եւ նա էլ ընտրվեց: Ժողովի ավարտից հետո գիշերը վերադարձել եմ Երեւան: Եվ հետո ծագած հարցերի մասին տեղեկացել եմ միայն մամուլից»:

Մամուլն արդեն իսկ «արկածախնդիր» է որակել Լեւոն Չախմախչյանին, որը պարծենում էր, թե կբացի աբխազական երկաթուղին, կմեծացնի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը, կգործարկի Կովկաս-Փոթի լաստանավը եւ այլն: ԱՐԱԴԵՍ-ի հայկական կողմի նախագահը ժխտեց. «Լեւոն Չախմախչյանը, որպես Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի անդամ, բացարձակապե՛ս չի զբաղվել աբխազական երկաթուղուն առնչվող խնդիրներով: Նա ուներ իր պարտականությունները՝ կազմակերպական հարցեր: Ասոցիացիայի ռուսական մասն իր տնտեսական ու քաղաքական գործունեությունն է ծավալում, հայկական կողմը՝ իրենը, եւ մենք այդ կապակցությամբ ոչ մի հարցով իրար հետ նույնիսկ չենք առնչվում: Լեւոն Չախմախչյանը դեր չուներ նաեւ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացնելու գործում: Այստեղ հիմնականում դեր է ունեցել Նիկոլայ Ռիժկովը, որի հետ երկուսով ենք զբաղվել ե՛ւ երկաթուղու, ե՛ւ լաստանավի խնդիրներով»:

Հիշեցնենք, որ անցած տարի, երբ «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալության հրավերով Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ այցելել էին Ռուսաստանի մայրաքաղաք՝ Լեւոն Չախմախչյանը նրանց տրված ասուլիսում համոզմունք էր հայտնել, թե Ռոբերտ Քոչարյանն ամենալավ նախագահն է Հայաստանի համար, քանի որ ընդդիմության մեջ, ըստ նրա՝ չկա որեւէ արժանի փոխարինող: Նշել էր, թե Ստեփան Դեմիրճյանին ճանաչում է դեռ մանկությունից, քանի որ եղել է Կարեն Դեմիրճյանի օգնականը: Եվ Լեւոն Չախմախչյանը հայտնել էր իր «հեղինակավոր» կարծիքը. «Ստեփան Դեմիրճյանը լավ մարդ է, բայց ոչ ավելին»: Բաժին էր հասել նաեւ Արտաշես Գեղամյանին. «Իհարկե, Գեղամյանը կայացած քաղաքական գործիչ է, բայց ամեն ինչ ունի իր սահմանը, եւ չի կարելի նման միջոցներով եւ ճանապարհներով գնալ իշխանության»: Չախմախչյանը քննադատել էր նաեւ Արամ Զ. Սարգսյանին եւ պնդել, թե իրեն հայտնի են մի շարք դեպքեր, երբ վարչապետ Արամ Սարգսյանը նշանակել էր հանդիպում, սակայն չէր ընդունել մարդկանց, իսկ նրա թիկնազորը պատասխանել էր, թե շեֆը քնած է՝ պետք է 1 ժամ սպասել: Եվ վերջապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին էլ ասել էր, թե իբր նա ժամանակին կազմակերպել է մի շարք հոդվածների տպագրումը Լեւոն Չախմախչյանի դեմ՝ այդ գործը հանձնարարելով Բորիս Նավասարդյանին:

Ռոբերտ Քոչարյանին գովերգող եւ ընդդիմադիր գործիչներին փնովող համանման հայտարարություններով Լեւոն Չախմախչյանը հանդես է գալիս 2003-ից ի վեր: Եվ զարմանալի չէ, որ նրա ձերբակալության կապակցությամբ լուր հրապարակվեց, թե մինչ Բուխարեստ մեկնելը Ռոբերտ Քոչարյանը զանգահարել էր Մոսկվա եւ խնդրել չհրապարակայնացնել Չախմախչյանի գործը: Այս վերջին տեղեկությունը ճշտելու մեր խնդրանքին ի պատասխան Վլադիմիր Բադալյանը (հիշեցնենք, որ նա Ռոբերտ Քոչարյանի խնամին է) ասաց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Բացարձակապես տեղյակ չեմ»:

ԱՐԱԴԵՍ-ի հայկական կողմի նախագահը եւս վերապահությամբ էր վերաբերվում այն բացահայտմանը, թե Չախմախչյանը կաշառք է վերցրել. «Ես չեմ հավատում, թե կարող էր նման բան լինել: Քանի որ Լյովան այսօր հասել էր իր բարձունքին: Եվ իրոք գործ էր անում Հայաստանի եւ Ռուսաստանի հետ կապված, ավելի շատ՝ ռուսական տարածքում էր ծավալել իր գործունեությունը: Նրա բնավորությունը խորությամբ չեմ ուսումնասիրել, բայց կասկածում եմ, թե իրոք կարելի է մեղադրել նրան: Քննություն է գնում՝ չարժե առաջ ընկնել, կասկածել»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել