Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐԻ «ՑԱՐԻ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ»

Հունիս 07,2006 00:00

ԱԺԿ
նախագահ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում ամեն ինչ դեպի լավն է գնում
Թեպետ մեր հարցերին պատասխանելով՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հերքել էր
ներիշխանական նոր սկանդալների եւ «իրար ուտելու» հավանականությունը, սակայն ակնհայտ
է, որ այն ուժերը, որոնք շարունակում են գոյատեւել կիսատ կոալիցիայի շրջանակներում,
միմյանց հետ կիսելու հարցեր ունեն եւ ընտրություններից առաջ հարկ են համարելու ոտքի
տեղն ավելի ամրացնել: Եվ քանի որ տեղը քիչ է, իսկ ցանկացողները՝ շատ, հասկանալի է,
որ իշխանական ուժերի միջեւ բախումն անխուսափելի է: Այս իրավիճակը ԱԺԿ նախագահ, ԱԺ
պատգամավոր Շավարշ Քոչարյանը յուրովի մեկնաբանեց: Նրա կարծիքով, այս գործընթացները
օրինաչափ են, քանի որ մինչեւ վերջերս Հայաստանում շարունակվում է մեկ անձի ձեռքում
իշխանության կենտրոնացումը: Մեր զրուցակցի կարծիքով, այսպես եղել է միշտ՝ 1991 թվականից
սկսած. «Իշխանությունը այդ պահից սկսած անվերահսկելի ձեւով կուտակվում էր մեկ անձի
ձեռքում, իսկ խորհրդարանը դառնում էր ընդամենը դակիչ եւ ոչ ավելին: Սահմանադրական
փոփոխությունները բացառիկ հնարավորություն տվեցին, որպեսզի իշխանության կենտրոնը
անձից տեղափոխվի դեպի ինստիտուտ, դեպի ներկայացուցչական մարմին: Բնական է, դա շատ
լավ գիտակցում են քաղաքական դաշտում բոլոր խաղացողները: Այստեղից էլ գալիս են այդ
բոլոր խմորումները: Այս ամենը կարող է արտաքուստ վտանգավոր թվալ, բայց իրականում
սա շատ դրական է: Այն հանգամանքը, որ կա հնարավորություն, վերջապես Հայաստանը ազատվելու
է անձնիշխանությունից, դա շատ բանի մասին է խոսում եւ շատ լայն հնարավորություններ
է ստեղծում»: Նկատեցինք, որ միեւնույն է, եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանալու
նախագահ առաջադրվել երրորդ անգամ, ապա անպայման ձգտելու է դառնալ վարչապետ, իսկ փոփոխված
սահմանադրությամբ վարչապետը շատ ավելի հզոր լծակներ ունի, քան նախագահը կարող է ունենալ:
Շավարշ Քոչարյանն այս սցենարը չի բացառում, սակայն գտնում է, որ այս պարագայում նույն
անձը, վարչապետ լինելով, չի լինի նույնքան անվերահսկելի, որքան էր նախագահ եղած ժամանակ.
«Ինչո՞ւ, նախ՝ նրա պաշտոնավարումը կախված է լինելու մեծամասնությունից, հիշենք, որ
նախագահից գրեթե անհնար է ազատվել սահմանադրական ճանապարհով, իսկ վարչապետի հարցը
ընդամենը քվեարկության խնդիր է լինելու, եւ հենց որ մեծամասնության տեղաշարժ լինի
եւ իշխանական դաշտը փոփոխվի, վարչապետը ցանկացած պահի կարող է պաշտոնանկ արվել: Սա
արդեն ինքնին ենթադրում է, որ այն բոլոր այլանդակ դրսեւորումները, որ մինչեւ հիմա
կային Հայաստանում, դրանով վերանալու են, քանի որ ոչ ոք չի ունենալու բացարձակ իշխանություն»,-
նշեց պարոն Քոչարյանը: Պատգամավորը նկատեց, որ եթե իշխանական դաշտում բոլոր
«խաղացողները» հասկացել են, թե ինչ է տեղի ունենում եւ ի վերջո ինչ է լինելու, ապա
ընդդիմության դաշտում դեռ չեն հասկացել, թե որքան կարեւոր են 2007-ի ԱԺ ընտրությունները:
Սակայն սա եւս ընդունելի չհամարեցինք, քանի որ այսօր արդեն պարզ է, թե ովքեր են առաջադրվելու
նույն այդ 2007-ի ընտրություններում՝ նույն «հեղինակությունները», նույն իշխանական
քաղաքական ուժերը, իսկ նրանց գործունեությունը եւ կենսագրությունը բոլորին հայտնի
են: Մեզ հետ իր հերթին չհամաձայնելով՝ Շավարշ Քոչարյանը նկատեց. «Հասկանում են, որ
խորհրդարանական յուրաքանչյուր տեղը կարող է որոշիչ դառնալ ապագայի համար: Այդ ներքին
պայքարը եւ ներքին վերահսկողությունը (ես խոսում եմ միայն իշխանական դաշտի մասին)
նպաստելու են, որ ընտրությունները լինեն ավելի արդար, իսկ ավելի արդար ընտրությունների
պարագայում ժողովուրդը հնարավորություն ունի նաեւ ընտրել նրանց, ում արժանի կգտնի:
Այս տեսակետից, ինձ թվում է, որ ամեն ինչ դեռ առջեւում է, եւ աշունը շատ բան ցույց
կտա»: Այս իրավիճակում եւ այս մարտահրավերներից առաջ պարոն Քոչարյանը խիստ
վտանգավոր է գնահատում ընդդիմադիր դաշտի վիճակը, քանի որ. «Մենք հայտնվել ենք շատ
տարօրինակ վիճակում՝ բացառիկ հնարավորություն՝ գնալ դեպի առաջ, եւ բացառիկ իրավիճակ,
որ հենց այս պարագայում ընդդիմությունը այս ամբողջ տարիների ընթացքում այսքան թույլ
եւ այսքան քիչ վստահություն վայելող չի եղել»: Նկատեցինք, որ թերեւս այսօրվա գործող
ընդդիմության համար տեղեր չեն էլ նախատեսվում նոր խորհրդարանում, քանի որ իշխանությունն
իր ներսից կարծես փորձում է նոր ընդդիմություն ծնել: Շավարշ Քոչարյանի կարծիքով,
խաղի կանոնները փոխվել են, եւ եթե մինչեւ վերջերս ընդունելի էր լավ թագավորի գաղափարը,
եւ ոմանք մտածում էին, թե անձերին փոխելով հարցերը կլուծվեն, այսօր այս մտայնությունը
ըստ էության չի կարող գործել, քանի որ խնդիրը համակարգային փոփոխությունն է: Եվ հիմա,
երբ այդ բուրգը սահմանադրորեն գրեթե վերացվեց, նշանակում է այդպիսի մոտեցումներով՝
միայն «սուրբ օծյալ» կամ «փրկիչ» ներկայանալով եւ ձեւ անելով, թե չեն ուտում, չեն
խմում եւ գիշեր-ցերեկ ժողովրդի մասին են մտածում, այլեւս հեռու չեն գնա. «Վերջապես
Հայաստանը պետք է հասնի այն բանին, որ մեր քաղաքական դաշտին բնորոշ լեզվակռվին փոխարինեն
ծրագրային մոտեցումների մրցակցությունը եւ գաղափարական պայքարը»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930