Ըստ
ճանաչված վարսահարդարի, դա միշտ չէ, որ լավ է Ճանաչված վարսահարդար Գուրգեն
Ղազարյանը մասնագիտության ընտրության հարցում չի սիրում ասել՝ մանկուց երազել եմ,
որոշել եմ, սիրել եմ: Ժամանակին ավարտելով Պետրոպավլովսկի երկաթուղային ուսումնարանը,
նա դիպվածով է դարձել վարսահարդար, սիրահարվել այդ գործին ու աշխատել շուրջ 40 տարի:
Մասնագիտական բարձր որակների համար նա շատ հեշտ աշխատանքի է անցել Երեւանի
«Զեփյուռ» գեղեցկության տանը: «Այն ժամանակ պետք է հրաման լիներ նախարարությունից,
վարչությունից եւ Վարսավիրների միությունից՝ այդտեղ աշխատանքի տեղավորվելու համար:
Միակ աշխատողն էի, որ «մաղարիչ» չեմ արել, այդ պատճառով էլ աշխատանքի ընդունման օրից
ադմինիստրացիան այդպես էլ ինձ չսիրեց»,- պատմում է վարպետ Գուրգենը: Նա ցավում է,
որ այժմ վարսավիրությունը հասու է բոլորին եւ դրանով զբաղվում են նաեւ տանը՝ հակահիգիենիկ
պայմաններում: Մինչդեռ խորհրդային տարիներին չէր թույլատրվում անգամ խալաթները տուն
տանել, իսկ եթե վարսավիրը չէր աշխատում, արգելվում էր գործիքները տանը պահել: «Այժմյան
վարսավիրանոցներում աշխատում են մի քանի հոգի, հաճախորդը ընտրության սահմանափակ հնարավորություն
ունի: Իսկ մեր ժամանակ նույն սրահում 15-18-ն էինք: Հաճախորդը սպասելիս հետեւում
էր յուրաքանչյուրի աշխատանքին եւ այդ ընթացքում կողմնորոշվում՝ ում դիմի: Հիմա վարսավիրները
աշխատում են գովազդի վրա, նայողը երբեւէ չի մտածում՝ ցուցադրանքը բնակա՞ն է, թե՞
օտար երկրներից թխած լուսանկար, նախշուն հարդարանքների լուսանկարներ են կպցնում պատերին
ու աշխատում»,- ասում է վարսահարդարը: Նա քանիցս սանրվածքների ֆոտոմրցույթ է կազմակերպել,
գտնում է, որ լուսանկարներն են միակ մնայուն փաստը մասնագետի լավ աշխատանքի: Վարսահարդարը
նկատեց, որ շատ երկրներում գոյություն ունեն վարսահարդարությանը նվիրված ամսագրեր,
ինչով չենք կարող պարծենալ Հայաստանում: Իսկ սնկի նման աճող վարսավիրանոցների
մասին նշեց, որ ինչքան կենսամակարդակը ցածրանում է, այնքան շատանում են սպասարկման
ոլորտները, որովհետեւ այդ ժամանակ մարդիկ ստիպված են դառնում սպասարկող: Այսօրվա
հաճախորդներին էլ վարպետ Գուրգենը բաժանեց մի քանի խմբի՝ ունեւորներ, ովքեր ունեն
իրենց սեփական վարսավիրանոցները եւ սպասարկվում են անվճար: Խավ, որոնց մինչ այժմ
դժվարանում է ինչ-որ անուն տալ՝ դրանք «շուտ-շուտ» սպասարկվողներն են: Երրորդ խմբում
մարդիկ են, ովքեր դիմում են՝ ում պատահի. «չկա շենք, մուտք, ուր վարսավիր չլինի,
ու մի մասն էլ դիմում է նրանց՝ հարմար գներով սպասարկվելու համար»: ԱՐԵՎ
ԲԱՐՍԵՂՅԱՆ