Մոտ
օրերս Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազայում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները
«Առավոտը» տեղեկացրել է, որ այդ հսկայածավալ մարզահամալիրը վարձակալական հիմունքներով
մոտ 20 տարի ժամկետով տրամադրվել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ալբեր Բոյաջյանին,
ով մեր տեղեկություններով շուրջ $ 7 միլիոն գումար է ներդնելու եւ բացի դա՝ պարտավորվել
է շահագործման ընթացքում ստացված շահույթի 20 տոկոսը փոխանցել պետական բյուջե: Ի՞նչ
է արվելու հանրապետության մարզական այս ամենախոշոր կենտրոնում, հիմնանորոգումից հետո
ի՞նչ տեսքով է ներկայանալու այցելուներին: Այս, ինչպես նաեւ Ծաղկաձորում կառուցվող
չորրորդ ճոպանուղու մասին երեկ «Առավոտին» պատմեց ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան
Զաքարյանը: «Այս պահին նախապատրաստության վերջին փուլում ենք: Աշխատանքներն
իրականացնելու իրավունքի ցանկություն հայտնել են նախագծողների մի քանի խումբ եւ շինարարական
կազմակերպություններ, որոնք հետագայում աշխատելու են համատեղ: Կընտրվեն նրանք, ովքեր
ծրագրերը կներկայացնեն ժամանակին եւ առաջարկներն ավելի ընդունելի կլինեն: Ըստ
առաջնահերթության, անելիքները բաժանել ենք հետեւյալ հերթականությամբ: Աշխատանքներն
սկսվելու են հյուրանոցային համալիրի առաջին մասնաշենքում եւ դրա ու երկրորդ մասնաշենքի
ընդհանուր նախասրահում: Առաջին մասնաշենքում ամբողջապես փոխվում է սենյակների դասավորությունը:
Մարզիկների համար լինելու են 1-2 տեղանոց համարներ, ընտանիքներով հանգստացողների
համար յուրաքանչյուր հարկում հինգական կիսալյուքս տիպի, իսկ վերին հարկերում՝ չորսական
բարձրակարգ սենյակներ: Խոնավության գոտին մի փոքր բարձր լինելու պատճառով հյուրանոցի
առաջին հարկը հատկացվելու է վարչական անձնակազմին եւ սպասարկման ոլորտներին: Խոնավամեկուսացման
աշխատանքների ավարտից հետո առաջին հարկում կլինեն խորհրդակցությունների 2-3, մարզական
արդյունքների վերլուծության եւ բժիշկների սենյակներ, որոնք, բնականաբար, կկահավորվեն
անհրաժեշտ սարքավորումներով: Ինչ վերաբերում է սպասասրահին, այն նույնպես հիմնովին
կերպարանափոխվելու է: Եվ քանի որ այն գտնվում է երկու մասնաշենքերի միջեւ, դրա վերեւում
գործելու է 400 տեղանոց ճաշարան: Այս տարվա ծրագրի մեջ մտնում է նաեւ ըմբշամարտի
եւ ծանրամարտի դահլիճների հիմնանորոգումն ու կահավորումը: Դրանք, ինչպես նաեւ մյուս
դահլիճներն ունենալու են առանձին ջեռուցման համակարգեր (դա նախագծողների եւ շինարարների
միասնական մասնագիտական որոշումն է), առանձին շոգեբաղնիքներ: Սա է օլիմպիական
ավանի հիմնանորոգման այս տարվա հիմնական ծրագիրը: Աշխատանքները նախատեսում ենք ավարտել
մինչեւ տարեվերջ: Քանի որ Ծաղկաձորի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս արդյունավետ
շինարարություն ծավալել ընդամենը հինգ ամիս, աշխատանքները կատարվելու են երկու հերթափոխով:
Մի կարեւոր խնդիր էլ: Օլիմպիական ավանի տարածքում կա ֆուտբոլի երկու խաղադաշտ: Առաջարկ
կա այդ ստադիոնները շրջապատել տրիբունաներով: Ծաղկաձորը բարձրլեռնային դիրք ունենալու
պատճառով մրցումներ, այդ թվում նաեւ ֆուտբոլային, կազմակերպելու համար ծանր գոտի
է: Այդ ստադիոններն ավելի շատ նախատեսված են ուսումնամարզական հավաքների համար: Կարծում
եմ, ավելի նպատակահարմար է դրանք միայն ապահովել որակյալ կանաչ ծածկով, դաշտը պարուրող
թեթեւատլետիկական հատվածները կարգի բերել, ցանկապատել ու լուսավորել: Մյուս
տարվա ծրագրի մեջ մտնում են հյուրանոցային երկրորդ մասնաշենքի, մարզադահլիճների հիմնանորոգումը,
նոր ճանապարհների կառուցումը եւ ամբողջ օլիմպիական ավանի արտաքին հարդարումն ու լուսավորումը:
Չենք մոռացել նաեւ ժամանցի վայրեր ստեղծելու մասին: Խոսքը ռեստորաններ կառուցելու
մասին չէ, ինչպես անում են այսօր: Ծաղկաձորը նախ եւ առաջ հանգստի գոտի է: Հետեւաբար,
մարդկանց ու հատկապես երեխաների համար առողջությունը կոփելու, սպորտով զբաղվելու
հնարավորություններ են ստեղծվելու»: Կառուցվում է չորրորդ ճոպանուղին Սպորտի
պետական կառույցի ղեկավարի հետ զրուցեցինք նաեւ ճոպանուղու 4-րդ գծի կառուցման մասին:
– Ե՞րբ են սկսվելու աշխատանքները: – Դրանք արդեն ընթացքի մեջ են: «Լայթներ»
ընկերության մասնագետներն ուղարկել են ճոպանուղու շինարարության տեխնիկական ուսումնասիրությունների
ու հաշվարկների արդյունքները: Աշխատանքները կրկին վստահել ենք «Կապավոր» ընկերությանը,
որի՝ նախորդ ճոպանուղու աշխատանքի որակից գոհ ենք: – Այս ճոպանուղին լեռնադահուկային
սպորտի սիրահարներին մինչեւ ո՞ւր է հասցնելու: – Այն սկսվելու է գործող ճոպանուղու
առաջին գծի վերջի եւ երկրորդի սկզբի հատման վայրից եւ հյուսիսային ուղղությամբ ձորի
միջով բարձրանալու է դեպի օլիմպիական ավանի մոտ գտնվող սարի գագաթ: Այնտեղից երկու
դահուկուղի է իջնելու: Մեկը՝ դեպի օլիմպիական ավան, երկրորդը՝ գործող ճոպանուղու
առաջին հատվածի ստորոտ: Այս դահուկուղիները լեռնադահուկային սպորտի զարգացման առումով
նախորդների համեմատ որոշակի առավելություն ունեն: Նախ, այդ հատվածում ձյունը երկար
է պահպանվում, ապա՝ այստեղ քամիներ գրեթե չեն լինում: – Կառուցվող ճոպանուղին
տեխնիկական ի՞նչ տվյալներ ունի: – Երկարությունը լինելու է մոտ 980 մետր,
թողունակությունը՝ ժամում 600 մարդ, նստարանները երկտեղանոց են: – Նախորդ
ճոպանուղու շինարարության ընթացքում ծառեր հատվեցին, ինչը դժգոհությունների տեղիք
տվեց: Այս անգամ է՞լ են ծառեր հատվելու: – Անկեղծ ասեմ, այդ
դժգոհություններն արհեստածին էին եւ ուռճացված: Անցած տարի ճանապարհը լայնացնելիս
շինարարության իրականացման պահանջներով չնչին քանակությամբ պարտադրված ծառահատումներ,
իրոք, եղան: Նման դեպքերում դրանից խուսափել աշխարհի եւ ոչ մի երկրում հնարավոր չէ:
Բայց քչերը ցանկացան տեղեկանալ, թե անգամ մեկ ծառի չդիպչելու համար, եթե կար աննշան
հնարավորություն, շինարարների հետ միասին հընթացս որքան ենք շեղվել հաստատված նախագծից:
Ավելին, դրա փոխարեն անցած աշուն մենք նույն Ծաղկաձորի սարերում ավելի քան հազար
եղեւնի տնկեցինք: Այս տարի տնկելու ենք շուրջ 10 հազար՝ հայտարարելով ծառատունկի
աշուն: Այնպես որ, եթե բնապահպանական առումով ինչ-որ բան խաթարվել է, դա փոխհատուցվել
է բազմապատիկ: Ինչ վերաբերում է հնարավոր նոր ծառահատումներին, կարծում եմ, նման
բանի անհրաժեշտություն չի լինի, որովհետեւ այդ տարածքի գրեթե 80 տոկոսը ծառազուրկ
է, այնտեղ հիմնականում մանր-մունր մացառներ են: Իսկ եթե 1-2 ծառ էլ ճանապարհին հայտնվի,
էլի կաշխատենք անպայման դրանք շրջանցել: