Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր Ժուանի նեղուցը

Հունիս 03,2006 00:00

Մեզանում այնպես է ստացվել, որ ոչ միայն լավ մոռացված հինն է նոր, այլեւ՝ հաստատ, նախկինն՝ ապագա, ու այդպես շարունակ…

Սակայն դրանում էլ, ցավոք (բարեբախտաբար), մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ, առավել եւս, միակը: Հա. ու ոչ էլ՝ վերջինը: Օրինակները բազմաթիվ են: Սակայն նրանց մեջ հատկապես առանձնանում է Նապոլեոնի վերադարձը: Եվ բնավ էլ ոչ այն պատճառով, որ այդ վերադարձը 100 օր տեւեց՝ շատերը կերազեին իրենց 100 տարվա կյանքը փոխել նապոլեոնյան մեկ օրվա հետ, այլեւ, եւ առաջին հերթին նրանով, թե ինչ տրիումֆով աքսորված տիրակալը մտավ Փարիզ:

Մնացյալը՝ արդյունք, հետեւանք, պատճառներ՝ քննարկելիք ու չորոշելիք խնդիրներ են, ու հենց դրան էլ կոչված են հաջորդ սերունդների որոշակի խմբեր՝ քննարկելու եւ …չորոշելու, քանզի յուրաքանչյուր ժամանակաշրջան իր ուրույն դիտանկյունն ունի եւ իր շահի դիրքերից է քննում անցյալը:

… Իրավիճակն այսօր խիստ նման է 1815 թվականի ֆրանսիական իրավիճակին, երբ ժողովրդի շրջանում օրավուր ավելի ու ավելի էր աճում դժգոհությունը Բուրբոնների իշխանության հանդեպ:

Եվ Նապոլեոնը Նապոլեոն չէր լինի, եթե չօգտագործեր այդ պահը: Եվ՝ բնավ էլ ոչ անձնական հավակնություններից ելնելով: Որոշվում էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ գրեթե ողջ Եվրոպայի ճակատագիրը, որոնց հանդեպ նա երբեք եւ բնավ անտարբեր լինել չէր կարող: Որովհետեւ ինքը, պարզապես, Նապոլեոնն էր:

Անշուշտ՝ նա չէր պատկերացնում, որ Բուրբոնների՝ իր դեմ ուղարկվող զորախմբերը հենց այնպես՝ միանգամից, ոգեւորությամբ, սիրով կանցնեն իր կողմը. այսինքն՝ նա պատրաստ էր նաեւ պայքարի:

Սակայն Ժուանի նեղուցում ափ իջնելուց անմիջապես հետո եւ մինչեւ Փարիզ ժողովուրդը ցնծագին ու ոգեւորությամբ էր ընդունում աքսորյալ կայսերը, իսկ Բուրբոնների կողմից իր դեմ ուղարկվող բոլոր զորագնդերն էլ միանգամից մտնում էին նրա դրոշի տակ: Ուշագրավ եւ բնավ էլ երկրորդական չէ մամուլի արձագանքը. «Մոնիտյորը», որը այսօրվա չափանիշներով կարելի է նաեւ պաշտոնաթերթ համարել, Նապոլեոնի՝ Կաննում ափ իջնելուց մեկ շաբաթ անց միայն տեղեկացրեց իր ընթերցողներին դրա մասին, որի համար ընդամենը երրորդ էջում տեղ գտավ: Հետո, իհարկե, աստիճանաբար իր տեղեկատվությունը փոխադրեց, երկրորդ, ապաեւ՝ առաջին էջ. եւ դրան գրեթե համարժեք էլ փոխվում էին հաղորդումների տոնը եւ ոճը:

Եթե առաջին հաղորդման մեջ ասվում էր, որ «Կորսիկացի հրեշը ափ է իջել Ժուանի նեղուցում», ապա երկրորդն ավելի «մեղմ» էր. «Մարդակերը շարժվում է դեպի Գրաս»: Երրորդ հաղորդումը հետեւյալն էր. «Բռնակալը մտավ Գրենոբլ», որին արդեն հետեւեց շատ ավելի քաղաքակիրթ լուրը. «Բոնապարտը գրավեց Լիոնը»: Ապաեւ՝ «Նապոլեոնը մոտենում է Ֆոնտենբլոյին»: Եվ վերջապես՝ «Նորին կայսերական մեծությանը այսօր սպասում են իրեն հավատարիմ Փարիզում»: Իսկ 1815 թվականի մարտի 21-ին փաստեց. «Արքան եւ արքայազունները փախան գիշերվա քողի ներքո: Նորին Կայսերական Մեծությունը երեկոյան 8-ին ժամանեց իր Տյուիլրի պալատը»:

Ասել, որ Կաննից Փարիզ ընկած ճանապարհը Բոնապարտն անցավ առանց պայքարի եւ կորուստների, նշանակում է խեղաթյուրել պատմական ճշմարտությունը: Այսինքն՝ ցանկացած «Ժուանի նեղուցում» ափ իջնող պետք է պատրաստ լինի պայքարի, քանզի առանց դրա ոչինչ էլ չի կարող տրվել: Բայց ակնհայտ է նաեւ. որպեսզի քո կողմն անցնեն քո հակառակորդին ծառայողները, եւ որպեսզի դանդաղ, բայց հետեւողականորեն փոխվի մամուլի եւ հասարակական կարծիքի վերաբերմունքը, պետք է նախ… ու պարզապես ափ իջնել Ժուանի նեղուցում:

Եվ՝ ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի, այլ՝ ՀԱՆՈՒՆ:

Որովհետեւ, ի վերջո, տեսնելու համար նայելը պարտադիր պայման չէ, այն պարտադիր պայման է… չտեսնելու դեպքում:

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930