Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆԻ ԶԱՎԱԿԸ՝ ՌԵԿՏՈՐ

Հունիս 03,2006 00:00

Երեկ
Երեւանի ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) 29 կողմ եւ 1 դեմ ձայնով ռեկտոր
ընտրվեց բուհի նախկին պրոռեկտոր, նախկին դեկան, ԿԳՆ 1999թ. փոխնախարար, դաշնակցական
Ոստանիկ Մարուխյանը, ով միակն էր, որ ռեկտորի պաշտոնի համար հայտ էր ներկայացրել:
Դաշնակցական լինելու հանգամանքը բուհի խորհրդի անդամները երեկ բնավ չէին կապում
նրա ռեկտոր դառնալու հետ: Ինքը՝ Ո. Մարուխյանն այս մասին ասաց. «Լրատվամիջոցներում
Ոստանիկ Մարուխյանի կողքին անպայման կուսակցականության հանգամանքը նշվում էր, բայց,
ասենք, մյուս ռեկտորների դեպքում՝ ոչ: Ես վստահության քվե եմ ստացել իմ մասնագիտական
կարողությունների, իմ նախորդող ամբողջ գործունեության եւ իմ ակտիվ հասարակական դիրքորոշման
ու կենսակերպի արդյունքում: Իմանալով իմ վարկանիշը, իմ պոլիտեխնիկականի զավակ լինելու
հանգամանքը, շատ մարդիկ չեն մոտեցել եւ չեն հավակնել այս պաշտոնին»: ԿԳ նախարար Լեւոն
Մկրտչյանը մեր այն դիտարկմանը, թե այնպես է ստացվել, որ բուհերը ղեկավարում են հիմնականում
հանրապետականները եւ մասամբ՝ դաշնակցականները, ի պատասխան ասաց. «Չեմ կարծում, որ
Ճարտարագիտականի այս ընտրությունը պետք է դիտարկել կուսակցական տեսանկյունից»: Ելնելով
այն փաստից, որ ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդը Ո. Մարուխյանն էր, արդյո՞ք ընտրության
հարցում ամեն ինչ կանխորոշված չէր: «Սա իսկապես Ճարտարագիտական համալսարանի ընտրությունն
է եւ արդարացված ընտրություն է, որովհետեւ նախ՝ համալսարանը հայտնի է իր սկզբունքներով
եւ մեր բուհական համակարգի առաջատարներից մեկն է, եւ համարյա բոլոր դեպարտամենտները
պաշտպանել էին նրա թեկնածությունը,- ասում է Լ. Մկրտչյանը:- Կային իսկապես շատ արժանի
թեկնածուներ, բայց որ այդ մարդիկ չէին դրել իրենց թեկնածությունը, սա վկայում է,
որ նրանք կոնսենսուսային որոշում են կայացրել, որովհետեւ Ոստանիկ Մարուխյանն ինքը
Ճարտարագիտական համալսարանի ծնունդն է՝ իր կենսագրությամբ ու վաստակով: Նա համարյա
բոլոր վերջին 15-20 տարիների բարեփոխումների գործընթացին մասնակից է, եւ կարող է
շարունակականություն ապահովել Յուրի Սարգսյանից հետո: Այս իմաստով սա իսկապես երեւի
ամենահաջողված ընտրություններից էր»: Բուհի խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանն
էլ է կարծում, որ սկզբնական շրջանում ռեկտորի պաշտոնին հավակնող թեկնածուներն ի վերջո
մտածել են, որ իրենք ավելի քիչ շանսեր ունեն ընտրվելու: «Ըստ երեւույթին, այդ մարդիկ
հաշվեցին, թե իրենք ինչ հնարավորություն ունեն ընտրվելու, թե ինչպես կարող են աշխատանքը
կազմակերպել: Այստեղ աշխատելն էլ շատ դժվար է: Ամեն մարդ պետք է մտածի, արդյոք Յուրի
Սարգսյանից հետո կկարողանա՞ աշխատել: Հաշվեցին իրենք իրենց եւ հրաժարվեցին»: Դեռեւս
ամիսներ առաջ բուհի նախկին՝ 18 տարվա ռեկտոր ակադեմիկոս Յուրի Սարգսյանը մեզ հետ
զրույցում թափանցիկ ակնարկ արեց, որ իրենից հետո տեսնում է հենց Ոստանիկ Մարուխյանին,
եւ երեկ մեր հիշեցմանն ի պատասխան ասաց, որ գուցե իր արտահայտած կարծիքն էլ է ուղղորդող
նշանակություն ունեցել այս հարցում: «Բայց, կարծում եմ, հիմնական պատճառը պետք է
որոնել նրա շատ հաջող գործունեության մեջ մեր համալսարանում՝ ամենատարբեր պոստերում,
նա չի ունեցել որեւէ ձախողում, նկատելի թուլություն, դա արժեւորված առաջընթաց էր»:
Իսկ Յուրի Սարգսյանը կվերադառնա պրոֆեսորի կարգավիճակին՝ մեխանիկայի եւ մեքենագիտության
դեպարտամենտում, կվերադառնա այն սենյակ, որտեղից սկսել է իր վարչական գործունեությունը.
«Այնտեղ պահպանվել են իմ գրադարանը, կիսավարտ մենագրությունները, շատ գործեր դեռ
պետք է վերականգնեմ: Չգիտեմ՝ համալսարանից դուրս կաշխատեմ, թե ոչ, բայց պոլիտեխնիկում
հաստատ կմնամ՝ կամ մասնակի, կամ լրիվ»: Յու. Սարգսյանը նույնպես այս ընտրությունը
չի դիտում կուսակցականության տեսանկյունից: Ավելին՝ «Երբ դաշնակցությունն արգելված
էր եւ նրանց հալածում էին Տեր-Պետրոսյանի օրոք, Մարուխյանը շարունակեց աշխատել մեզ
մոտ, եւ ես ատամներով պաշտպանեցի նրան: Այդ ժամանակ էլ թույլ չեմ տվել որեւէ քաղաքականացում,
շեղումներ, ուսանողներին հանել փողոցներ»: Բուհի ուսխորհրդի նախագահ, խորհրդի
անդամ Հայկ Ակարմազյանը, բացառելով, որ դաշնակցական ռեկտորը բուհում իր գաղափարախոսությունը
կտարածի եւ բուհն էլ կքաղաքականացվի, իր կողմից խոստացավ, որ երբ որոշի քաղաքականությամբ
զբաղվել, կհրաժարվի ուսխորհրդի նախագահ լինել: «Այն ժամանակ, երբ բոլոր բուհերի ուսխորհուրդները
միանգամից գնում էին ՀՀԿ, ես այն ժամանակվանից անկուսակցական եմ եւ կշարունակեմ նաեւ
դաշնակցական ռեկտորի օրոք մնալ անկուսակցական: Ես ծառայում եմ ուսանողներին, եւ իմ
կուսակցական չլինելն օգնում է այսօր զբաղվել ուսանողների խնդիրներով»: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Մոտ մեկ շաբաթ առաջ փոփոխություն է եղել Պոլիտեխնիկի խորհրդի
կազմում: Սերգո Երիցյանը, որն առայժմ պետական պաշտոնյա չէ, ԿԳՆ ցուցակից դուրս է
եկել եւ տեղափոխվել կառավարության ցուցակ՝ Արտաշես Թումանյանի փոխարեն: Նրա տեղում
ԿԳՆ ցուցակով հանդես է գալիս Յուրի Սարգսյանը, իսկ ԿԳ նախկին փոխնախարար Արտակ Սահրադյանի
տեղը զբաղեցրել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Իսկ Սերգո Երիցյանը
երեկ ասաց, որ հաճույքով հանգստանում է, որովհետեւ 3 տարի չի հանգստացել, եւ չի շտապում
որեւէ պաշտոնում նշանակվելու հարցում, թեեւ դրանում կարծես թե համոզված էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել