Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են վերահսկելու «ԿՊԶ»-ները

Հունիս 03,2006 00:00

ՀՀ ոստիկանապետի 2005թ. հունվարի 14-ի հրամանով հաստատվել էր «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը»: Խմբի պատասխանատու Ջիվան Հակոբյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին:

– Ովքե՞ր կարող են լինել հասարակական դիտորդ:

– Ստեղծված խմբի անդամները մարդիկ են, որոնց երաշխավորել են այնպիսի հասարակական կազմակերպություններ, որոնք առնվազն մեկ տարի արդեն իրականացրել են մարդու իրավունքների պաշտպանությանը միտված գործունեություն, գիտեն իրավական դաշտը եւ իրենց գործունեության մասին պարտավոր են հաշվետու լինել իրենց երաշխավորած հ/կ-ներին: Նրանք պարտավոր են իրազեկել հասարակությանը իրենց կատարած աշխատանքների մասին: Խմբի կազմում նախապատվություն է տրվել այն անձանց, ովքեր ունեն իրավաբանի, բժշկի, մանկավարժի, հոգեբանի մասնագիտություն եւ իրենց դրսեւորել են որպես բարձր բարոյականություն ունեցող անձնավորություններ:

– Դիտորդների խմբի մեջ մտնում է նաեւ ձեր հիմնած «Իրավապահների միություն» հ/կ-ն, որի անդամները ուժային կառույցների նախկին աշխատակիցներ են: Արդյո՞ք նախկին կապերը չեն ազդի նրանց գործունեության վրա:

– Ուժային կառույցների նախկին աշխատակիցներից շատերը հաճախ դառնում են օտար՝ յուրայինների մոտ եւ չեն դառնում յուրային՝ օտարների մոտ: Նախկին կապերը այդ դեպքում չեն կարող ազդել խմբի գործունեության վրա: Ավելին, նախկին ոստիկանների ձեռք բերած ծառայական փորձը եւ գիտելիքները կարող են միայն օգուտ տալ հասարակությանը: Գործունեության ծավալման կարգը առաջադրում է հաշվետվությունների եւ զանգվածային իրազեկման ձեւեր, որոնք ապահովում են կանխարգելման, բացահայտման, արձանագրման եւ կասկածելի փաստի մասին ահազանգման հնարավորություններ: Խմբի անդամի ոչ անաչառ վերաբերմունքի կամ որեւէ հանցավոր կապի կասկածի դեպքում՝ թեկնածու առաջադրած կազմակերպությունը իրավասու է փոխել իր ներկայացուցչին:

– Սահմանված է, որ դուք առաջնորդվելու եք «խմբի գործունեության էթիկայի կանոններով»: Կա՞ն այդ կանոնները:

– Խմբի էթիկայի կանոնակարգը նախապատրաստված է միջազգային կազմակերպությունների փորձից ելնելով եւ նախատեսում է դիտորդի վարվեցողության կարգն ու ձեւը: Խմբի էթիկայի կանոնակարգը օրինական ուժ կարող է ստանալ նիստի կողմից հաստատվելուց հետո՝ անդամների 2/3-րդի հավանության դեպքում: Քննարկումը նախատեսվում է իրականացնել նախապատրաստական դասընթացների ավարտից հետո, որն այսօր ընթանում է:

– Պարոն Հակոբյան, ոստիկանապետի հրամանի 18-րդ կետում սահմանված է, որ «խմբի արտահերթ նիստը կարող է հրավիրել ՀՀ ոստիկանապետը»: Բնականաբար, վերջինս չի ցանկանա, որ համակարգի ենթակայության ԿՊԶ-ներում իր հրամանով ստեղծված դիտորդն իրեն «լավ զգա»: Կա՞ն երաշխիքներ, որով դիտորդը կգործի անկաշկանդ:

– Դիտորդը իրեն կարող է «լավ զգալ» միայն օրենքի պահանջները կատարելիս: Արտահերթ նիստի հրավիրման մասին ՀՀ ոստիկանապետի արտոնությունը արդարացված է՝ հատուկ նշանակության կառույցում գործառույթ իրականացնելու առանձնահատկությունից ելնելով: Ինչպես թեկնածու առաջադրած հ/կ-ները, այնպես էլ ՀՀ ոստիկանապետը իրավասու են պահանջել հաշվետվություններ խմբի գործունեության վերաբերյալ: Արտահերթ նիստը կարող է ոչ միայն կանխարգելել մարդու իրավունքների խախտումների ակնառու երեւույթները, այլեւ կարող է անմիջական գործնական օգնություն ցուցաբերել խմբի անկաշկանդ աշխատանքներին: Ոստիկանապետի ցուցումով, կարող են հրավիրվել ծառայություն իրականացնող անմիջական պաշտոնատար անձինք՝ պետեր եւ աշխատակիցներ եւ կարող են առաջադրել էական լուծումներ կոնկրետ փաստերի վերաբերյալ: Խմբի անկաշկանդ գործունեության երաշխիքները հանդիսանում են թեկնածու առաջադրած հասարակական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները մասնակցում են խմբի աշխատանքներին:

Հարցազրույցը՝ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել