Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ԽՍՏԱՑՄԱՆ ԳՆԱՑ

Հունիս 03,2006 00:00

Ցմահ դատապարտված նախկին զինծառայողների փաստաբանները շարունակում են փաստարկներ բերել ընդդեմ դատավճռի:

ԼՂՀ Մարտակերտի ՊՆ N զորամասի զինծառայողներ Մուսա Սերոբյանին, Ռազմիկ Սարգսյանին եւ Արայիկ Զալյանին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման: Եթե նրանք չբողոքարկեին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավճիռը, որով 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել, ապա պատժաչափը, հավանական է, չէր փոխվի: Մինչդեռ այս գործով կան երկու իրարամերժ պնդումներ. մեղադրանքի կողմը, հանձին մեղադրող Անահիտ Եղիազարյանի, գտնում է, որ զորամասից փախած Հովսեփ Մկրտումյանը եւ Ռոման Եղիազարյանը սպանվել են վերոնշյալ զինվորների կողմից, իսկ վերջիններիս պաշտպանները՝ Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Ոսկանյանը պնդում են, որ նրանք կապ չունեն կատարված ոճիրի հետ:

Ըստ մեղադրող Անահիտ Եղիազարյանի ճառի, 2003թ. դեկտեմբերի 24-ին Մատաղիս գյուղի ջրանցքի հարեւանությամբ կիսաքանդ շինությունում ամբաստանյալները վեճի են բռնվել Ռոմանի ու Հովսեփի հետ, «առանձին դաժանությամբ, սպանելու դիտավորությամբ հարվածել են նրանց, որոնք տեղում մահացել են»: Կատարվածը դժբախտ պատահարի անվան տակ ներկայացնելու համար զինվորները նրանց դիակները, Ռ. Սարգսյանի առաջարկով, գցել են հարակից ջրանցքը: Սակայն պաշտպանական կողմը (նրանց ճառը 34 էջից էր բաղկացած) պնդում է, որ Հովսեփն ու Ռոմանը անհետացել են դեկտեմբերի 24-ին, նրանց սպանության գործը հարուցվել է հունվարի 9-ին՝ Մկրտումյանի դիակը հայտնաբերվելուց հետո: Ռ. Եղիազարյանին գտել են հաջորդ օրը: Ըստ դեպքի վայրի արձանագրության, այնտեղ «արյան հետքեր չեն հայտնաբերվել», ինչը հակասում է Ռ. Եղիազարյանի վերաբերյալ փորձագիտական եզրակացությանը, թե դիակի վրա եղել է տարբեր չափի 25 վերք: Պարզվել է նաեւ, որ Հովսեփ Մկրտումյանը ծեծի չի ենթարկվել. «նրա մահը վրա է հասել միանգամյա պրոֆեսիոնալ մահացու հարվածի հետեւանքով», ասել է թե՝ նրանք մահացել են տարբեր օրեր, տարբեր հանգամանքներում:

Ըստ Ռազմիկ Սարգսյանի հարցաքննության արձանագրության, որը պաշտպանական կողմի կարծիքով ձեռք է բերվել բռնություններով, շինությունում Ռոմանը ասել է իրեն. «տուլիկը տու», ինքը չի տվել ու դրա համար քաշքշել են միմյանց: Սակայն ըստ փաստաբան Զ. Փոստանջյանի, Հովսեփն ու Ռոմանը վախեցած են եղել ինչ-որ բանից եւ, բնականաբար, «տուլիկի» համար վեճի մեջ չէին մտնի: Մանավանդ որ տուժողները հեռացել էին զորամասից 10-12 օր առաջ: Ի դեպ, հարցաքննության ընթացքը տեսագրվել է: Մեղադրանքի կողմը դա հաճախ շեշտում է: Պաշտպանական կողմն էլ հարցնում է. «Ինչպես է օպերատորը հայտնվել զինդատախազությունում, գործում չկա քննիչի կողմից օպերատորին ներգրավելու մասին որոշում, արձանագրությունները չեն ստորագրված օպերատորի կողմից»: Հետեւաբար, Ռ. Սարգսյանին տեսագրելը, ըստ մեղադրող կողմի, եղել է ապօրինի:

«Որպես մեղադրողի ինձ հետաքրքրեց, թե
ինչպես կարող էին միեւնույն տեղից գցած զինվորներին հայտնաբերել տարբեր տեղերից: Ջրասույզներից մեկը՝ Տիգրան Ալեքսանյանը հայտնեց, որ դա հնարավոր է մի դեպքում, երբ մեկին ուղղակի ջրամբարի մոտ հրելով գցեին, մյուսին՝ շպրտեին»,- ասում է մեղադրողը: Բայց հենց դա էլ պնդում են պաշտպանները: Ի դեպ, դատարանում փաստաբաններն իրենց ճառում ասացին մի բան, որի վրա քչերն են ուշադրություն դարձրել. «Այս քրեական գործով ՀՀ զինվորական դատախազությունը եւ մի շարք անձինք, որոնք սպառնում էին մեզ տարբեր պաշտոնատար անձանց անուններով՝ կարող են հուսախաբ լինել»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել