Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի գործարքն էլ է գաղտնի

Հունիս 03,2006 00:00

Սպառողների պաշտպանները հույսները դրել են Մարդու իրավունքների պաշտպանի վրա

Ջրի սակագնի բարձրացման իրական պատճառները բացահայտելու նպատակով երեկ սպառողների իրավունքների պաշտպանները քննարկում էին կազմակերպել, սակայն, ինչպես պարզվեց, թանկացման իրական պատճառներն իրենց էլ հայտնի չէին, քանի որ մինչ օրս հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ կառավարության՝ «Երեւան ջուր» ընկերության հետ կնքած պայմանագրին: Բանն այն է, որ կառավարությունը չի ապահովել այս պայմանագրի հրապարակայնությունը, ուստիեւ հասարակությունը գործարքի մանրամասներին տեղյակ չէ: Թեեւ արդեն «Երեւանի ջրմուղ-կոյուղին» վարձակալության է հանձնվել ֆրանսիական «Ժեներալ դեզո» ընկերությանը, հաստատվել է ջրի նոր սակագինը, բայց մինչ օրս գաղտնի է պահվում՝ ջրամատակարարող նոր ընկերությունն ի՞նչ պարտավորություններ է ստանձնել, որքա՞ն ներդրում է անելու, ինչպե՞ս է անվտանգությունն ապահովելու եւ ընդհանրապես ի՞նչ պլաններ ունի: Ըստ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի, «նախկին օպերատորի դեպքում մենք տեսանք, որ նախատեսված ծախսերն այդպես էլ չկատարվեցին, որովհետեւ միայն 21.1 մլն դրամ գովազդային ծառայությունների համար էին վճարել, արդյունքում՝ նույնիսկ 4 ժամ ջրամատակարարում ունեցողների 10-12 տոկոսը ջրի երես չի տեսել»:

Պարոն Պողոսյանը հավատացած է, որ թեեւ հրապարակվում է, թե այժմ ջրամատակարարմամբ ապահովված է մեր բնակչության 80 տոկոսը, բայց իրականում 30 տոկոսն էլ նորմալ ջուր չի ստանում: Բանախոսները նաեւ կարծում էին, որ գինը բարձրացնելն ավելի թանկ է նստում ջրամատակարարող ընկերության վրա, քանի որ բնակիչները սկսում են ավելի քիչ ծախսել, ջրի ճնշումը մեծանում է, եւ խողովակները հերթով պայթում են, կորուստներն էլ՝ մեծանում:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանի դիտարկմամբ՝ «Երեւան ջուր» ընկերության հետ կնքած պայմանագրի մանրամասներին տեղյակ է նաեւ Համաշխարհային բանկը, քանի որ ջրամատակարարման ոլորտը բարելավելու համար ՀՀ կառավարությանը 35 մլն դոլարի վարկ է տրամադրել, մինչդեռ ՀԲ-ն էլ, որը կոչ էր անում ապահովել թափանցիկություն ու հրապարակայնություն, ջրի գործարքը բացահայտելու ուղղությամբ ձեն-ձուն չի հանում: Նկատենք, որ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը ԲԷՑ-երի վաճառքից հետո արած հայտնի հայտարարությունից հետո ընդհանրապես մեր իշխանությունների գործերին չի խառնվում, առավել եւս հիմա, երբ նրա պաշտոնավարման ժամկետը մոտեցել է ավարտին, դժվար թե ուզենար վատամարդ դուրս գալ, ուստի այն, որ սպառողների պաշտպանները հույսը կապել էին Ռոբինսոնի հետ, ավելի քան միամտություն է:

Պաշտպանների մյուս՝ ամենակարեւոր հույսը Մարդու իրավունքների նոր պաշտպանն է, որին էլ նրանք պատրաստվում էին դիմել երեկ: Արմեն Պողոսյանի իդեալում Արմեն Հարությունյանն օգնելու է ջրի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու. «Մեկ-մեկ հրաշքներ պատահում են, օրինակ՝ վերջին հրաշքներից էր այն, որ Հայաստանի սպառողները դատարանում հաղթեցին «ԱրմենՏելին» եւ չեզոքացրին նույնիսկ 4.500 դոլարի հասնող պարտքերը»: Դա Արշակ Սադոյանի՞, թե՞ ձեր շնորհքն էր հարցին նա պատասխանեց՝ «մեր դերը այնտեղ կար»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել