Նրանց
հայտնաբերելու համար հայ տղաները ստիպված նոր մեխանիզմներ են մշակել «Վաճառում
ենք բարձրորակ նամուս, պահպանման ժամկետը 3 օր», «կուսության արագ եւ որակյալ վերականգնում՝
մատչելի գներով. ժամանակավորապես մոռացեք վավաշոտ անցյալի մասին»: Մի քիչ վառ երեւակայություն
ունենալու դեպքում հենց այսպես կարելի է գովազդել վերջին տարիներին Հայաստանում մեծ
տարածում գտած կուսության վերականգնումը: Որքան էլ հայ տղաները ցույց տան,
թե ժամանակակից են ու պնդեն, թե կարեւորը սերն է՝ ոչ թե աղջկա կույս լինելը, միեւնույն
է, ամուսնանալուց առաջ աղջկա անցյալը «ռազվեդկա» են անում: Տվյալներ են հայթայթում
հարեւաններից, դպրոցից եւ նույնիսկ մանկապարտեզից: Հետաքրքրվում են՝ մանկապարտեզում
ում հետ է նստել-վեր կացել, հաց կերել, դպրոցում ով է կողքը նստել, ինչ «ուզողներ»
է ունեցել եւ այլն: Սակայն ըստ կուսաթաղանթ վերականգնող բժիշկ-մասնագետների, կասկածամտությամբ
տառապող հենց այդ տղաներն են ամենից շատ խաբվում ու վերականգնված կուսաթաղանթով աղջիկների
հետ ամուսնանում: Ընդունված է կուսությունը վերականգնել հարսանիքից երկու օր առաջ,
որովհետեւ այն պահպանվում է ընդամենը 2-3 օր: Այս ամենի մասին տեղեկացրին գործին
գիտակ բժիշկները, երբ այցելել էինք տարբեր բուժհիմնարկներ՝ թեմայի շուրջ զրուցելու:
Հաշվի առնելով հայկական մենթալիտետը, որեւէ հիվանդանոցի, բժշկի եւ հաճախորդի անուն
չենք նշում: Ըստ բժիշկների, կուսաթաղանթի վերականգնումն արժե 50-100 դոլար:
Բուժհիմնարկի ազդագրում այս ծառայության արժեքը պաշտոնապես ֆիքսված չէ: Բայց դա դեռեւս
չի նշանակում, որ այնտեղ նման միջամտություն չի կատարվում: Դա այցելուի եւ բժշկի
գաղտնիքն է: Մեզանից մեծ ջանքեր էր պահանջվում կուսաթաղանթի վերականգնման մասին որեւէ
տեղեկություն ստանալ բժիշկներից: Ըստ բժիշկների, պատկան մարմինները կփորձեն կուսաթաղանթի
բիզնեսն էլ հարկային դաշտ բերել: Բացի հարկայինից, բժշկին օրուգիշեր հանգիստ չեն
տա ոչ միայն հաճախորդները, այլեւ ոստիկանության աշխատակիցներն ու տաքարյուն փեսացուները,
իսկ դա ավելորդ գլխացավանք է: Պարզվում է՝ բժշկական այս ծառայությունը մատուցվում
է նաեւ տնային պայմաններում: Թեեւ մասնագետները կարծում են, որ դա խիստ
վտանգավոր է, քանի որ կուսաթաղանթի վերականգնումը համարվում է կոսմետիկ վիրահատություն,
եւ տնային պայմաններում այն իրականացնելը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ
դառնալ: Տանը կուսաթաղանթ վերականգնող բժիշկները հիմնականում սպասարկում են մարմնավաճառներին,
քանի որ վերջիններս խուսափում են հիվանդանոցներից ու պոլիկլինիկաներից: Մեր հարցին,
թե մարմնավաճառների ինչի՞ն է պետք կուսության վերականգնումը, բժիշկներն այսպես բացատրեցին.
«Կան տղամարդիկ, որոնք կույս աղջկա համար պատրաստ են հազարներով փող թափել»: Սակայն
մարմնավաճառները չեն կարող կուսաթաղանթը պարբերաբար կարել ու բիզնես անել, քանի որ,
ըստ բժիշկների, այն կարելի է վերականգնել առավելագույնը 2-3 անգամ, այն էլ՝ կախված
կնոջ օրգանիզմից: Մասնագետների կարծիքով՝ Հայաստանում ներկայումս տղաների
դեֆիցիտ է: Հենց դրանից էլ բխում է աղջիկների «կուսազրկվելու» պատրաստակամությունը:
Նրանք հաճախ համաձայնում են ինտիմ կապերի՝ հարսանիքից առաջ հարցերը լուծելու հույսով:
Կարինեն մեզ պատմեց, որ ինքն էլ ստիպված է եղել նման քայլի գնալ. «Ընկերս չորով դրեց,
որ իրա հետ քնեմ, ապացուցեմ, որ կույս եմ: Ես էլ քանի որ սիրում էի՝ քնեցի: Հարսանիքից
երկու օր առաջ ընկերս փող տվեց, ու ասաց, որ գնամ կարեմ, որ տնեցիները չիմանան՝ կույս
չեմ: Թե չէ ապագա սկեսուրս անընդհատ երեսով կտար՝ ինձ էլ, տղուն էլ»: Մեկ այլ հաճախորդի
պատմելով էլ՝ «եթե ամուսնանալուց առաջ փեսացուս իմանար, որ կույս չեմ, երբեք հետս
չէր ամուսնանա, դրա համար էլ ստիպված էի խաբել: Հարսանիքից մեկ օր առաջ գնացի բժշկի
եւ հարցերս լուծեցի: Այժմ ունեմ երջանիկ ընտանիք»: Շատերի կարծիքով, հիմա
մարդիկ ավելի թեթեւ են վերաբերվում կույս լինել-չլինելուն: Այդուհանդերձ, բժիշկները
խորհուրդ են տալիս այդ հարցին մատների արանքով չնայել, քանի որ հետեւանքները առողջության
համար երբեմն կարող են ճակատագրական լինել: Ըստ նրանց, հասուն աղջիկը պետք է սեռական
նորմալ կյանքով ապրի, իսկ կուսաթաղանթի վերականգնումն ընդամենը ինքնախաբեություն
է: Ի դեպ, մեր հասարակությունում այնքան է տարածվել «անմեղությունը» վերականգնելու
երեւույթը, որ հայ տղաներն արդեն իրենց ընտրյալին ստուգելու համար նոր մեխանիզմ են
մշակել. իմանալով, որ վերականգնված կուսաթաղանթը «ուժի մեջ է» ընդամենը 2-3 օր՝ փեսացուները
ամուսնական գիշերը տարբեր պատճառաբանություններով ձգձգում են, համոզվելու՝ իր կինը
իսկականի՞ց կույս է, թե՞ ոչ: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ