Լրահոս
Օրվա լրահոսը

Ցենտրիզմը համագործակցության գաղափարախոսություն է

Հունիս 03,2006 00:00

Մենք դատապարտված ենք նույն գործն անել

Ակնհայտ է, որ Հայաստանը վերջին տարիներին սպառել է ցնցումների բոլոր լիմիտները: Մեր դառը պատմական փորձը հանգեցնում է փոխզիջումների, սոցիալական կոմպրոմիսի անհրաժեշտությանը: Ազատական բարեփոխումներից հիասթափված ժողովուրդը չի ցանկանում վերադառնալ հին ժամանակներին, բայց մյուս կողմից, վախենալով նոր կամայականությունների բռնկումներից, այսօր ձգտում է էվոլյուցիոն զարգացման: Այսինքն՝ ցենտրիզմի: Եվ դա միակ ուժն է, որը դիմադրում է նրանց, ովքեր կոչ են անում զենք վերցնել եւ բարիկադներ բարձրանալ, իսկ ավելի հստակ՝ ցանկանում է անձնական հաշիվները մաքրել քաղաքացիական պատերազմի միջոցով:

Ցենտրիզմը գաղափարական քաղաքական հոսանք է, որն ընդունակ է հարթել հասարակության անհաղթահարելի հակասությունները: Դա համագործակցության հատուկ մշակույթ է, սոցիալական փոխըմբռնման եւ գործընկերության մշակույթ, որը մեզնից յուրաքանչյուրից պահանջում է գիտակցության բարձր մակարդակ: Դա գիտակցումն է այն բանի, որ մենք ապրելով նույն երկրում եւ նույն ժամանակահատվածում՝ դատապարտված ենք ընդհանուր գործ անել:

Ըստ վերջին տվյալների, Հայաստանի բնակչության 10-15%-ն այսօր քաղաքականությամբ հետաքրքրվում է ակտիվորեն, իսկ 20-25%-ը՝ պասիվորեն: Ուժերի նման դասավորության դեպքում միակ հույսը «կենտրոնն» է: Ինչո՞ւմ է ցենտրիզմի գաղափարախոսության իմաստը: Գաղափարախոսության՝ այդ բառի պարզունակ իմաստով, ժխտման մեջ: Աստված մի արասցե, որ ցենտրիստների գործունեության ուղղություններից մեկը դառնա, այսպես կոչված, լիբերալների կամ կոմունիստների գաղափարախոսությունների դեմ պայքարը: Միաժամանակ դա չի նշանակում, որ ցենտրիստները չարի եւ բարու նկատմամբ անտարբեր են: Ցենտրիզմի սկզբունքները հիմնվում են երկու հստակ «ոչ»-երի վրա. ո՛չ ցնցումներին եւ ո՛չ բռնապետությանը: Ցենտրիզմի գաղափարախոսությունը փորձում է միավորել բնակչության հսկայական զանգվածներ, ճնշող մեծամասնություն: Այդ գաղափարախոսության համար բնական է դաշինքներ կազմել եւ պայմանավորվածությունների գալ բոլոր ուժերի հետ՝ մերժելով միայն ծայրահեղականներին: Այդ պայմանավորվածությունների իմաստը ոչ այնքան միասին գործելն է, ինչը բավականին դժվար է, որքան իրար դեմ չգործելը, հասարակությունը չպառակտելը:

Հենց այս դժվարին պահին երկրի տարաբնույթ ուժերը պետք է միավորվեն հետեւյալ սկզբունքների շուրջ.

– կայունացում եւ սոցիալական ցնցումների բացառում,

– ստեղծագործ աշխատանքի իրական ազատություն,

– հրաժարում որեւէ մոդելի՝ «չինական բարգավաճման», «սինգապուրյան կապիտալիզմի», «շվեդական բարեկեցության» ընդօրինակումից.

պետք է ստեղծել սեփական մոդել,

– միավորող ուժ պետք է դառնան մեր փորձը, պատմությունը, ավանդույթները,

– ընդհանուր գաղափարն է պետական մտածողությունը եւ վաղվա մարտահրավերներին դիմակայելը:

Պետք չէ վախենալ զարգացման հատուկ ճանապարհից: Բոլորի համար ընդհանուր ճանապարհ պարզապես գոյություն չունի: Նույնիսկ կապիտալիզմը՝ ֆրանսիական, սինգապուրյան կամ ամերիկյան, տարբեր է: Ամեն մի երկիր, ամեն մի ազգ ունի իր ուրույն զարգացման ուղին՝ թեկուզ ընդհանուր հայեցակարգերի շրջանակներում: Հաշվի առնելով հայ ժողովրդի մենթալիտետը, նրա պատմական հիշողությունը՝ հնարավոր չէ իրականացնել Հայրենիքի վերածնունդը՝ առանց ժողովրդի կամքի, առանց նրա աջակցության: Ժամանակն է հրաժարվել հեղափոխություններից եւ կամայականություններից, ներքին եւ արտաքին թշնամիների դեմ պայքարի անիմաստ կոչերից: Ժամանակն է հասկանալ այսօրվա հոգեբանությունը:

Արեւելքից եւ Արեւմուտքից վերցնելով լավագույնը՝ մենք պետք է զգանք, մենք պետք է պահպանենք այն, ինչ տրվել է մեզ ի ծնե, այն, ինչ ստեղծվել է դարերի ընթացքում: Եվ «կենտրոնի» ստեղծումը հենց այն քայլն է, որի պահանջարկը հուշում է մեր դարավոր փորձը: Դա, ըստ էության, քաղաքացիական շարժման գաղափարի իրագործումն է եւ, թերեւս, ներկայիս Հայաստանի քաղաքական եւ տնտեսական հակասությունների լուծման լավագույն ձեւը:

ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930