Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐԸ ՊԻՏԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԻ

Հունիս 03,2006 00:00

Թե
չէ՝ կամ կնոջը գործից կհանեն, կամ սրճարան կառուցել թույլ չեն տա Նախկին
կոմունիստ, նախկին հնչակ, այժմ արդեն՝ նախկին ՕԵԿ-ական Մեխակ Մխիթարյանն այսօր ԱԺ
«Գործարար» խմբի քարտուղարն է: Իսկ որպես այդպիսին նա դարձել էր ոչ այնքան ՕԵԿ-ի
գաղափարախոսության շնորհիվ, որքան՝ Սերժ Սարգսյանի աջակցությամբ։ Եթե դու իշխանական
դաշտի ներկայացուցիչ ես, կարող ես չմտահոգվել, որ հարազատդ կամ կինդ կարող են յուղոտ
պաշտոններից պաշտոնանկ արվել: Համենայնդեպս Մեխակ Մխիթարյանը, ըստ մամուլում եղած
ու չհերքված հրապարակումների, այստեղ-այնտեղ պատմում է այն մասին, որ ինքը հեռացել
է ՕԵԿ-ից, քանի որ իրեն հասկացրել են, թե կարող են խանգարել իր դատավոր կնոջ գործունեությանը:
Հիշեցնենք, որ նրա կինը՝ Եվա Դարբինյանը, ժամանակին Արմավիրի մարզում էր դատավոր,
իսկ այսօր՝ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում: Իհարկե,
միայն կնոջ՝ դատավոր լինելու հանգամանքը նկատի ունենալով չէ, որ Մ. Մխիթարյանը նախընտրել
էր մասնակցել ՕԵԿ-ից «առնետավազքին»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ կուսակցությունում
մնալը կարող էր պատգամավորի համար ճակատագրական լինել նաեւ Արմավիրում ծավալած իր
բիզնեսի իմաստով: Բանն այն է, որ նախկին ՕԵԿ-ականը դեռ մի քանի ամիս առաջ Արմավիր
քաղաքում՝ հենց մարզպետարանի քթի տակ ու Մշակույթի պալատի անմիջական հարեւանությամբ,
բացօթյա «Բացատ» սրճարան կառուցելու թույլտվություն էր ստացել: Իսկ քանի որ սրճարանի
կառուցման համար ընտրված տեղում, ըստ քաղաքի հատակագծի, սրճարան կառուցելու համար
ուղղակի տեղ չկար, իսկ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն էլ ժամանակին ԱԺ պատգամավորի թեկնածու
Մ. Մխիթարյանի կատաղի մրցակիցն էր եղել, ըստ էության, դիմադրել էր սրճարանի համար
հողհատկացում անել, Մ. Մխիթարյանն ու նրա գործընկեր՝ սրճարանի համափայատեր, գործարար
Գուրգեն Վարդանյանը՝ «Պոնչիկ Գուգո», օգտագործել էին ԱԺ Հանրապետական պատգամավոր
Նահապետ Գեւորգյանի՝ «Նավո»-ի կապերը: Հիշեցնենք, որ Ն. Գեւորգյանը 2003թ.-ին Մ.
Մխիթարյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր ու հայտարարում էր, թե այդ ընտրություններում
Մ. Մխիթարյանի ընտրվելը ոչ թե նրա, այլ իր պատվի հարցն է: Իհարկե, եթե «Նավոն» էլ
չլիներ, արմավիրցիների ասելով, Մ. Մխիթարյանն էլի սրճարան կառուցելու թույլտվությանը
կհասներ, որովհետեւ ինքն այն ժամանակ իշխանական կուսակցությունից էր: Արմավիրի բնակիչներից
մեկ-երկուսը վստահ էին նաեւ, որ եթե Մ. Մխիթարյանը իշխանություն չունենար, նրան այդ
պուրակում հաստատ հողատարածք չէին տա: «Դե, թող մեզ տային, կտայի՞ն: Բա ո՞նց՝ չէ»,-
ասաց մեր զրուցակից արմավիրցիներից մեկը: Մի խոսքով, թույլտվությունը եղել
էր, հատկացվել էր մի քանի հարյուր մետր կանաչ տարածք՝ քաղաքի կենտրոնի կանաչ պուրակի
հաշվին (իհարկե, պատրաստի կանաչապատ տարածքը սրճարանի համար իսկն է. բա հո պատգամավորn
իր օրենսդրական գործը թողած՝ սրճարանը կանաչապատելով չէ՞ր զբաղվելու), եւ Մ. Մխիթարյանն
ու Գ. Վարդանյանն ընկերովի կտրել էին պուրակի, ոմանց ասելով՝ 9-12 ծառ՝ եղեւնիներ
եւ այլն, ու շինարարություն սկսել: Հետո իրավիճակը փոխվել էր, ՕԵԿ-ի գլխին սկսել
էին սեւ ամպեր կուտակվել: Արդեն շշուկներ էին տարածվել ՀՀ նախագահի եւ ԱԺ նախկին
նախագահի միջեւ առկա տարակարծությունների մասին: Մ. Մխիթարյանին Արմավիրում հասկացրել
էին, թե սրճարանը կարող է անավարտ մնալ: Շինարարական աշխատանքները որոշ ժամանակ դադարեցվել
էին: Դրանք մեծ թափով եւ Գ. Վարդանյանի անմիջական վերահսկողությամբ վերսկսվել են
ընդամենը վերջերս, երբ հայտնի դարձավ, որ ՕԵԿ-ի նախկին պատգամավորը մնում է իշխանական
դաշտում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930