Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի ընտրությունը

Հունիս 03,2006 00:00

Ավելի քան մեկ տարի է, ինչ Միացյալ Նահանգներն
աշխատում էր ձեւավորել միջազգային կոնսենսուս այն հարցի շուրջ, որ չպետք է թույլատրվի,
որ Իրանը, չնայած խաղաղ նպատակով միջուկային էներգիա ունենալու իր իրավունքին, մշակի
ատոմային զենքեր: Միացյալ Նահանգներն աջակցել է Իրանի հետ Եվրամիության եռյակի
կողմից վարվող բանակցություններին, իսկ հիմա պատրաստ է միանալ նրանց, եթե Իրանը կատարի
իր միջազգային պարտավորությունները՝ դադարեցնելով ուրանի հարստացման ու վերամշակման
աշխատանքները, ինչպես պահանջվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության
կառավարիչների խորհրդի ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից: Սա հնարավորության
մի պահ է, ու Ամերիկան ամեն ինչ անում է, որպեսզի դիվանագիտությունը հաջողությամբ
պսակվի: Հիմա Իրանը հստակ ընտրության առաջ է կանգնած: Դրական ընտրությունը
Իրանի ժողովրդին, տարածաշրջանին ու ողջ աշխարհին բազմաթիվ օգուտներ կբերի ու կմեծացնի
անվտանգությունը: Բացասական տարբերակը, այսինքն այն, որ Իրանը շարունակի ընթանալ
ներկայիս ճանապարհով, կհանգեցնի մեծ վնասների ու միջազգային մեկուսացման խորացման:
Դրական կամ խաղաղ տարբերակը ենթադրում է ուրանի հարստացման ու վերամշակման աշխատանքները
կասեցնելու պարտավորության ստանձնում ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության
հետ լիակատար համագործակցության վերսկսում: Այս տարբերակի ընտրության դեպքում կլինեն
բանակցություններ, որոնք կապահովեն Իրանի ժողովրդի համար միջուկային էներգիայի խաղաղ
նպատակներով օգտագործման ու աշխարհի մնացած մասի հետ տնտեսական համագործակցության
ընդլայնման հնարավորություններ: Հինգշաբթի օրը Վիեննայում պետքարտուղար Ռայսը
հանդիպում ունեցավ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Եվրամիության, Ռուսաստանի
եւ Չինաստանի իր գործընկերների հետ՝ ամփոփելու այն փաթեթը, որն ուղղված է խրախուսել
Իրանին, որպեսզի վերջինս կատարի ճիշտ ընտրություն ու դադարեցնի ուրանի հարստացման
աշխատանքները: Սա աշխարհի առաջ իր մտադրությունները հստակեցնելու մի հնարավորություն
է Իրանի համար: Եթե Իրանը խաղաղ նպատակներով է առաջնորդվում, ապա կընտրի միջազգային
հանրության հետ բանակցությունների ճանապարհը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ
բանակցություններին մասնակցելու մեր պատրաստակամությունը չի նշանակում, որ Իրանի
հետ մեր հարաբերությունները կարգավորվում են, քանի որ միջուկային ծրագրերը մեր հարաբերությունների
բարելավման միակ խոչընդոտը չեն: Մենք արմատական տարաձայնություններ ունենք Իրանի
վարչակազմի հետ: Իրանի կառավարությունը պետական մակարդակով ահաբեկչության առաջատար
հովանավորն է, մասնակից է Իրաքում ընթացող բռնություններին ու խոչընդոտում է Լիբանանի
լիակատար ինքնիշխանության վերականգնմանը: Իրանյան վարչակազմը մերժում է իր ժողովրդի
հիմնարար իրավունքներն ու ճնշում է ժողովրդավարական ակտիվիստներին ու ռեֆորմիստներին:
Այս քաղաքականությունը համահունչ չէ միջազգային հանրության պահանջներին ու խոչընդոտ
է իրանյան, ամերիկյան ու աշխարհի մյուս ժողովուրդների միջեւ դրական հարաբերությունների
զարգացման ճանապարհին: Մենք հուսով ենք, որ Իրանը դրական ընտրություն կկատարի
ու բարեխղճորեն կվերադառնա բանակցելու միջուկային ծրագրերի շուրջ, որպեսզի միջազգային
հանրությունը կարողանա հստակեցնել հարցերի այս երկար շղթան: Նախագահ Բուշը ԱՄՆ-ի
ու Իրանի ժողովուրդների միջեւ նոր եւ դրական հարաբերություններ է կամենում ձեւավորել,
որոնք շահավետ կլինեն կրթական, մշակութային փոխանակումների, սպորտային, տուրիստական,
առեւտրային ու ներդրումային գործունեության համար: Եթե Իրանն ընտրի բանակցությունների
ուղին, մենք այսօր պատրաստ ենք 25 տարվա մեջ առաջին անգամ ուղղակի բանակցությունների
մեջ մտնել Իրանի հետ՝ մեր մյուս գործընկեր պետությունների հետ միասին: Սա ներկայացնում
է դիվանագիտական ուղով ընթանալու Միացյալ Նահանգների կուռ ձգտումն ու վերացնում է
Իրանի կողմից շահարկվող վերջին փաստարկը: Հիմա Իրանը հնարավորություն ունի կատարել
լուրջ ու պատասխանատու ընտրություն՝ ելնելով իր ժողովրդի ու միջազգային հանրության
շահերից: ՋՈՆ Մ. ԷՎԱՆՍ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել