Այդպես է ՕԵԿ-ական նախկին պաշտոնների
բաժանումը որակել Վիկտոր Դալլաքյանը Խորհրդարանական մեծամասնությունը
երեկ «ախպերաբար» բաժանեց ՕԵԿ-ի հրաժարականներից հետո թափուր մնացած մյուս պաշտոնները
եւս (չընտրվեց միայն ԱԺ փոխնախագահ, այս հարցին խորհրդարանը կանդրադառնա աշնանը),
եւ իրարից գոհ ու երջանիկ «տղերքը» գնացին պաշտոնները վայելելու: ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների
նախագահների ընտրությունը միայն Հմայակ Հովհաննիսյանն էր փորձում վերածել շոուի,
սակայն նրա ասածների մեջ նաեւ ճշմարտություն կար: Նախ, պարոն Հովհաննիսյանը, որպես
այլընտրանք, Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
առաջարկեց հանձնաժողովի նախկին նախագահ Մհեր Շահգելդյանին: Վերջինս ԱԺ քարտուղարության
միջոցով ինքնաբացարկ հայտարարեց, սակայն պարոն Հովհաննիսյանը պնդում էր, որ այդ ինքնաբացարկը
ըստ Կանոնակարգի օրինական չէ, եւ քվեաթերթիկում անպայման պետք է գրվի Շահգելդյանի
անունը: Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի նախկին նախագահ
Գագիկ Մխեյանն էլ նույն կերպ տեղեկացրեց, որ հանկարծ իր թեկնածությունը եւս չառաջադրեն:
«Քարտուղարուհին չպետք է տեղեկացնի, այլ թեկնածուն անձամբ»,- աղմկում էր Հմայակ Հովհաննիսյանը:
«Քարտուղարությունն ու քարտուղարը բացարձակապես տարբեր բաներ են»,- Հմայակ Հովհաննիսյանին
իզուր փորձում էր բացատրել Տիգրան Թորոսյանը: Մինչդեռ որոշ պատգամավորներ, մասնավորապես
Հմայակ Հովհաննիսյանը եւ Վիկտոր Դալլաքյանը, այն կարծիքին էին, որ ԱԺ նորընտիր նախագահը
արդեն հասցրեց խախտել ԱԺ Կանոնակարգը, քանի որ պատգամավորը ինքնաբացարկ չի կարող
հայտնել որտեղ եւ ում միջոցով սիրտը ուզի, այլ՝ միայն ԱԺ դահլիճում: Տիգրան Թորոսյանն
էլ պնդում էր, որ նույն այդ Կանոնակարգում գրված չէ, թե ինչ պայմաններում է պատգամավորը
պարտավոր ինքնաբացարկ հայտնել: Ինչեւէ, քվեաթերթիկում գրվեց մեկական անուն, այն անունները,
ովքեր էլ ընտրվեցին, եւ այս իրավիճակի գնահատականը տալով՝ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց,
թե այս ամենը հիշեցնում է «1975-1976 թվականները: Երբ ամեն ինչ կանխորոշված է: Ասես
բրեժնեւյան տարիները լինեն: Իսկ ճահիճը վտանգավոր է բոլորի համար»: Մինչդեռ,
իշխանական մեծամասնությունը հաշտ ու խաղաղ բաժանեց տեղերը: Ոչ ոք մյուսից չնեղացավ,
Դաշնակցությունը ստացավ իր սրտի ուզածը՝ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 70 կողմ ձայներ ստացած Արամայիս Գրիգորյանն այսուհետ
կղեկավարի այն հանձնաժողովը, որի նախագահը մինչեւ վերջերս ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն
էր, իսկ դրանից առաջ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ խմբակցության
ղեկավար Հրայր Կարապետյանը հենց այդպես էլ ասաց. «ՀՅԴ-ն տեղյակ է Արամայիս Գրիգորյանի՝
որպես անկուսակցական պատգամավորի հայացքներին եւ տեսակետներին, այս կարեւորագույն
ոլորտների վերաբերյալ եւ կիսում է այդ հայացքները, հետեւաբար այս առումով մենք ինքներս
ենք առաջադրում Արամայիս Գրիգորյանի թեկնածությունը, եւ, վերջապես, ժամանակն է, որ
նաեւ նոր անուններին եւ նոր քաղաքական գործիչներին ասպարեզ տրամադրվի, եւ սա մեզ
համար նաեւ շանս է տալ այդ հնարավորությունը Արամայիս Գրիգորյանին, եւ մենք վստահ
ենք, որ նա այս շանսը հաջողությամբ կդրսեւորի այս նոր աշխատանքում»: Արամայիս Գրիգորյանն
իր հերթին մեզ հետ զրույցում ասաց. «Ես ավելի պարտավորված եմ եւ հպարտ, որ Դաշնակցության
նման հին, լուրջ կենսագրություն ունեցող կուսակցությունն է ինձ առաջադրել, եւ կարծում
եմ, ես նրանց հուսախաբ չեմ անի»: Սոցիալական, առողջապահության եւ բնության
պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում եղավ մեկ առաջադրում, ՄԱԿ
խմբակցության անդամ, նույն հանձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանը, որը իր
ելույթում հայտարարեց, որ իր աշխատանքը նորմալ է ընթացել հանձնաժողովի բոլոր անդամների
հետ, ինչպես նաեւ կառավարության հետ: Երկու թեկնածուներն էլ նշեցին, որ թեպետ ըմբռնում
են, որ կարճ ժամանակով են պաշտոնավարելու, սակայն գտնում են, որ անելիք կունենան:
ՄԱԿ խմբակցության քարտուղար Գրիգոր Ղոնջեյանը իրենց թեկնածուին ներկայացնելու ընթացքում
ձեռքի հետ էլ անդրադարձավ քաղաքական կյանքում ընթացող բանավեճերին եւ զրույցներին
եւ նկատեց, որ պառլամենտական ճգնաժամ, որպես այդպիսին, չկա երկրում. «Կա՞ արդյոք
քաղաքական ճգնաժամ, կա՞ արդյոք պառլամենտական ճգնաժամ, ի՞նչ է քաղաքական մեծամասնությունը,
ի՞նչ է կառուցողական մեծամասնությունը, ի՞նչ է դեստրուկտիվ մեծամասնությունը, որո՞նք
են այն պայմանները, որ կարող են դեստրուկտիվ մեծամասնությունը տրասֆորմացնել որպես
կոնստրուկտիվ մեծամասնության: Սրանք հարցեր են, որոնք մենք մեզնից վանել չենք կարող»:
Եվ կոչ արեց բանավիճել: Հրավերն անմիջապես ընդունեց Վիկտոր Դալլաքյանը եւ հայտարարեց՝
«Սա՞ է մեծամասնությունը, սա կարկատանային մեծամասնություն է: Որովհետեւ մեծամասնությունը
պիտի 66 հոգուց բաղկացած լինի խորհրդարանում, իրենք նույնիսկ կարկատաններով 57 հոգի
են, 40-ը՝ ՀՀԿ-ն է. 11-ը՝ Դաշնակցությունը եւ 6-ը՝ ՄԱԿ-ը: Եվ իրենց կոնստրուկտիվն
այն է, որ հավաքվում են հանձնաժողովում եւ հանրաքվեի արդյունքները կոնստրուկտիվ կեղծում
են, դա՞ է կոնստրուկտիվ մեծամասնության խնդիրը»: Իսկ նույն այդ պահին «կոնստրուկտիվ»
մեծամասնության ղեկավարը՝ Գալուստ Սահակյանը, դարձյալ զբաղված էր տղերքին «բերման»
ենթարկելու սուրբ գործով: Ի վերջո՝ 72 մարդ հավաքվեց: Նույնիսկ Լեւոն Սարգսյանն էր
(Ալրաղացի Լյովիկը) ժամանել եւ ինքն իրենից զարմացած հարցնում էր՝ «Էսքան աշխատել
կլինի՞, երկու օր է՝ ընտրում ենք»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ