Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌԸ ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱՄԻՏ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԷԻՆ

Հունիս 03,2006 00:00

Ասում
է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը – Ժամանակին ՀՀՇ-ն
ներկայացնող որոշ գործիչներ ԱԺ կանոնակարգում փոփոխություն արեցին, ըստ որի՝ պատգամավորը
պահպանում է մանդատը, եթե դուրս է գալիս այն կուսակցության խմբակցությունից, որի
համամասնական ցուցակով է ընտրվել: Առնետավազքի համար սողանցք ապահովող այս նախաձեռնությունը
քաղաքական դաշտում շարունակում է ավերածություններ գործել, եւ վերջին զոհն էլ դարձավ
ՕԵԿ-ը: – Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ հիմա չեմ կարծում, թե այդ օրենքն է դրա պատճառը:
Խնդիրը մի քիչ ավելի խորքային է՝ ձեւավորվել է անգաղափար, անծրագիր, զուտ նոմենկլատուրային
պատգամավորների ինչ-որ քանակ, որը տարբեր կոնֆիգուրացիաներով ներխուժում է Ազգային
ժողով: Հիմա էլ, պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ կորոշվի վերին ատյաններում՝
ԱԺ խմբակցությունները կարող են ունենալ տարբեր կոնֆիգուրացիաներ՝ մի խմբակցությունից
կգնան մյուսը, կգան այստեղ: Կարեւորն այդ չէ, այլ այն, որ որոշակի քանակի պատգամավորներ
պտտվում են իշխանության շուրջ, դրանից կերակրվում, օգտվում հարկային, տնտեսական,
քաղաքական եւ այլ արտոնություններից: Եվ այս առումով ոչ թե «ԱԺ կանոնակարգ» օրենքն
է թույլ տալիս այդ ամենը, այլ քաղաքական այն իրավիճակը ու ընտրությունների որակը,
որը գոյություն ունի վերջին տարիներին: – Իշխանությունը կարողացավ խորհրդարանում
եղածներից «կարկատել» նոր մեծամասնություն: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ըստ այդմ՝
հաջողվեց խուսափել քաղաքական ճգնաժամից, եւ խորհրդարանը շարունակում է իր բնականոն
օրենսդրական գործունեությունը: – Ընդհանրապես, տեսականորեն, եթե երկրի 2-րդ
դեմքը՝ Ազգային ժողովի նախագահը հրաժարական է տալիս, եւ ավելին՝ խորհրդարանում մեծությամբ
երկրորդ խմբակցությունը միանգամից դառնում է փոքրամասնություն, դա արդեն իսկ քաղաքական
ճգնաժամ է՝ բոլո՛ր բաղադրիչներով: Եթե նույնիսկ հուշագիրն ուսումնասիրենք՝
կարելի է արձանագրել, որ այսօր գոյություն չունի կոալիցիա: Եվ որպեսզի այդ «կարկատածը»
լինի՝ պետք է ստորագրվի նոր հուշագիր: Բայց քանի որ այս ամենը ոչ քաղաքական դաշտում
է, այլ ընկերային, քավոր-խնամիական պայմանավորվածությունների շրջանակում՝ այստեղ
մի քիչ այլ խնդիրներ են պետք փորձել գտնել: Եթե դրսից ես նայում Հայաստանի
ներքաղաքական իրավիճակին՝ ընդհանրապես անհնար է որեւէ բան հասկանալը: Իմ կարծիքով,
այսօր պահը չէր քաղաքական ճգնաժամ հրահրելու, մանավանդ այն իրողությունների լույսի
ներքո, որոնք մյուս ամիս տեղի են ունենալու Բուխարեստում, կամ ՌԴ պաշտպանության նախարարի
եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների վերջին, շատ հետաքրքիր հայտարարությունները հաշվի
առնելով: Այսինքն՝ երբ վերլուծում ես այս ընդհանուր ֆոնը, տեսնում ես, որ այս ամենի
պատճառը Արթուր Բաղդասարյանի երկու միամիտ արտահայտությունները չէին: – Իսկ
Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու կոալիցիայի փլուզումն առավել հանգիստ տարավ իշխանությունը,
սակայն սա դարձավ ընդդիմության տարբեր հատվածների միջեւ հրապարակային բախումների
առիթ: – Դա էլ անհասկանալի է, իհարկե, եթե չփորձես վերլուծել այն, որ, ըստ
էության, «Օրինաց երկիրը» մասնակցել է ե՛ւ 2003-ի նախագահական ու խորհրդարանական
ընտրություններին՝ իր հանձնաժողովի նախագահ-քարտուղարներով, ե՛ւ սահմանադրության
հանրաքվեին: Եվ ինձ թվում է՝ դա ուղղակի այն հակազդեցությունն էր, որ ցուցաբերեց
պաշտոնական, խորհրդարանական ընդդիմությունը, որը պայքարելով ընտրությունների եւ հանրաքվեի
ընթացքում թույլ տրված խախտումների դեմ՝ տեսել էր, որ ՕԵԿ-ը ուշադրություն չի դարձնում
դրանց վրա: Խնդիրներն այստեղ են: Այս պարագայում նաեւ երեւի կա ինչ-որ կասկած, թե
«Օրինաց երկիրն» ինչ-որ չափով կզբաղեցնի այն տեղը, որ հիմա զբաղեցնում է այդ ընդդիմությունը:
– Այս օրերին շատ են վերլուծությունները, թե փորձ կարվի ձեւավորել աջ ազատական
դաշինք, որին մաս կկազմեն ինչպես ՕԵԿ-ը, «Հանրապետությունը», «Ժառանգությունը», այնպես
էլ՝ գուցե ՀՀՇ-ն: Ինչպե՞ս եք վերաբերվում նման համագործակցության հնարավորությանը:
– Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի
հետ, որոնց առաջին քայլը, նվազագույնը ծրագիրն այն է, որ պատրաստ են պայքարել երկրում
կարգուկանոն հաստատելու համար՝ ինչպես ասում է Ստեփան Դեմիրճյանը: Համագործակցություն
կլինի այն պարագայում, եթե մենք հստակ զգանք այդ պատրաստակամությունը: Ինչ վերաբերում
է աջ ազատական դաշինքին՝ հիմա Հայաստանում, երեւի թե՝ բացի կոմկուսից, բոլորն իրենց
համարում են աջ ու ազատական: Եվ երբ գա պահը ու հասարակությունը փորձի իր համար ճշտել,
թե ովքե՞ր են իրական աջ ազատականները կամ այն սոցիալական շերտը, որն իրոք հասկանում
է այդ արժեքների կարեւորությունը՝ այդ ժամանակ դաշտը կհստակեցվի, եւ պարզ կլինի,
թե ով ում հետ է համագործակցում: Հայաստանում այսօր չկա քաղաքական կյանք ու պայքար,
որ մենք կարողանանք գաղափարական սկզբունքներից կամ ծրագրային հիմնադրույթներից ելնելով
վերլուծենք՝ կարո՞ղ ենք համագործակցել, թե՞ ոչ: Խնդիրը նաեւ այլ է. Հայաստանում
ստեղծվել է մի իրավիճակ, երբ որեւէ կուսակցություն կամ նույնիսկ քաղաքական ուժերի
դաշինք միայնակ չի կարող փոխել որեւէ բան: Հասարակությունն ինքը պետք է իր միջից
ծնի առաջնորդներ եւ կարողանա պաշտպանել սեփական իրավունքները: Զրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել