Թուրինում
ընթացող շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում երեկ տղամարդկանց 150 եւ կանանց
108 ազգային հավաքականներին հանգստի վերջին հնարավորությունն էր ընձեռվել:
10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որը թիմային ոչ մի պարտություն
չունի, 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով Չինաստանի նկատմամբ՝ 29,0 միավորով
ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքերը եւ պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնական
«ոսկին» նվաճելու ճանապարհին եւս մի վճռական քայլ կատարեց: Մեր թիմի հաշվարկին հաղթական
միավորը բերեց երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը: Նա առավելության
հասավ Չժան Չժոնի նկատմամբ: 10 տուրից հետո տղամարդկանց մրցաշարային աղյուսակի առաջին
տասնյակն այսպիսի տեսք ունի. 1. Հայաստան 29,0 միավոր 2. Չինաստան 27,0 3. Ռուսաստան
26,5 4. Չեխիա 26,5 5. Ֆրանսիա 26,0 6. ԱՄՆ 25,5 7. Կուբա 25,0 8. Ուզբեկստան 25,0
9. Վրաստան 24,5 10. Ուկրաինա 24,5 Եզրափակիչ երեք տուրերից առաջ հայաստանցի բոլոր
տղաներն էլ, բացառությամբ Կարեն Ասրյանի, դրական հաշվեկշիռ ունեն: Այսպես, առաջին
խաղատախտակի առջեւ Լեւոն Արոնյանը մասնակցած ութ պարտիաներում վաստակել է 5,0 միավոր:
Նա տարել է երեք հաղթանակ, երկու խաղ ավարտել է ոչ-ոքի եւ ընդամենը մեկ անգամ է ճաշակել
պարտության դառնությունը: Ըստ խաղատախտակների հաջորդականության, մեր մյուս գրոսմայստերների
ցուցանիշներն այսպիսին են. Վլադիմիր Հակոբյան. 9-ից՝ 7,5 (+6, =3, -0), Կարեն Ասրյան.
7-ից՝ 3,0 (+0, =6, -1), Սմբատ Լպուտյան. 3-ից՝ 2,5 (+2, =1, -0), Գաբրիել Սարգսյան.
10-ից՝ 8,5 (+7, =3, -0), Արտաշես Մինասյան. 3-ից՝ 2,5 (+2, =1, -0): Այսօր Հայաստանը
հանդիպելու է Չեխիայի հետ: Մեր աղջիկները 10-րդ տուրում պարտվեցին Չինաստանին՝ 1,0:2,0
եւ 19,0 միավորով 9-րդն են: Լավագույն անհատական արդյունք ունի երկրորդ խաղատախտակի
առջեւ հանդես եկող Էլինա Դանիելյանը: Նա խաղացած 9 պարտիաներում իր անվան դիմաց գրանցել
է 7,5 միավոր (+5, =3, -0): Լիլիթ Մկրտչյանի ցուցանիշներն են. 9-ից՝ 5,5 (+3,=5,
-1): Այնուհետեւ գալիս են. Սիրանուշ Անդրիասյան. 8-ից՝ 4,5 (+4, =1, -3), Նելլի Աղինյան.
4-ից՝ 1,5 (+1, =1, -2): 11-րդ տուրում մեր շախմատիստուհիների մրցակիցը Ֆրանսիայի
հավաքականն է: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ