Երեկ
Երեւանում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ Երեկ երեխաների իրավունքների
պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական կավճանկարների մրցույթն էր օպերայի
բակում: Միջոցառումը կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության
հարցերի ու կրթության վարչությունը: Կավճանկարների քաղաքային մրցույթին մասնակցում
էր 100 երեխա, ովքեր առաջին փուլում ընտրվել էին դպրոցներում կազմված հանձնաժողովների
կողմից: Համերգային ծրագրում ներգրավված էր շուրջ 200 երեխա: «Մասնակցում են նաեւ
հանրակրթական դպրոցներից աշակերտներ, սակայն հիմնականում մրցույթը կենտրոնացրել էինք
Միքայել Մարությանի, Ղազարոս Սարյանի, Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցներում,
Մանկապատանեկան քաղաքային կենտրոնում եւ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում»,-
ասաց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Անահիտ Մարկոսյանը: Միջոցառումը ոգեւորել
էր նաեւ ծնողներին: Նրանցից Արմինե Ասատրյանն ասաց, որ մի քանի օր պատրաստվում էին
մրցույթին: Այդ մթնոլորտը այնքան էր ազդել նրա դստեր տրամադրության վրա, որ որոշված
Արարատ լեռան փոխարեն աղջիկը շփոթմունքից նկարել էր թիթեռնիկ: Ժյուրիի կազմում արվեստի
դպրոցներից ընտրված երեք բարձր դասարանցիներ էին: Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները
ստացան խրախուսական նվերներ՝ նկարչական ալբոմ, տետր, ջրաներկ: Պատվոգիր ստացավ 9
երեխա, երկուսը՝ Հակոբ Կոջոյանի անվան, 4-ը՝ Դանիելյանի եւ 3-ը՝ Մարությանի անվան
կրթահամալիրներից: Նվերները տրամադրել էին ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ Երեւանի քաղաքապետարանը:
Կավճանկարների քաղաքային մրցույթը հետաքրքրել էր նաեւ որոշ կազմակերպությունների:
Օրինակ, «Փյունիկ» հաշմանդամ երեխաների կենտրոնից 12 երեխա կամովին մասնակցել էր
միջոցառմանը: Երեկ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվեց նաեւ գեղանկարչական ցուցահանդես,
որտեղ ներկայացված էր երեխաների շուրջ 82 աշխատանք: Իսկ «Հանուն խաղաղության
եւ մշակութային բազմազանության» ակցիայի շրջանակներում հայ երիտասարդության նրեկայացուցիչները
չմուշկներով երթ անցկացրին Երեւանի փողոցներում: Նրանք բոլոր անցորդներին բաժանեցին
գունավոր փուչիկներ ու թռուցիկներ՝ երեխաների իրավունքների մասին: Անվավոր չմուշկներով
երթի մասնակիցները այցելեցին մանկատներ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան
նվիրված միջոցառումները այսքանով չեն սահմանափակվում: Կասկադի տարածքում երեկոյան
մեկնարկեց «Օրրան» եւ «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունների ավանդանկան դարձած
շքեղ տոնահադեսը, իսկ այսօր, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կբացվի հաշմանդամ
երեխաների նկարների ցուցահանդեսը: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ