Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԴԵՌ ՊԱՐԶ ՉԵՆ

Հունիս 02,2006 00:00

Իսկ
«Ժողպատգամավորը» առայժմ պետք է իշխանությանը՝ «կուսական» վիճակում ՕԵԿ-ի՝
կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՀ կառավարությունը համալրվեց ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչներով,
սակայն գործադիրի աշխատանքի արդյունավետության մասին կարծիքները միանշանակ չեն: «Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի համոզմամբ, ակնհայտ է, որ կառավարությունը
բնականոն աշխատել չի կարող: «Գուցե անհեթեթ հնչի, բայց ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս
գալն էապես թուլացրեց կառավարությունն ու նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դիրքերը»,-
ասաց «Առավոտին» Ս. Սուրենյանցը՝ նկատի ունենալով այն, որ թեեւ ՕԵԿ-ի տեղը կառավարությունում
համալրել է ՄԱԿ-ը՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կիսելով կառավարության գործունեության պատասխանատվությունը,
այդուհանդերձ, զուտ ֆորմալ առումով այս պահին անգամ «կոալիցիա+ ՄԱԿ» ձեւաչափը փաստացի
խորհրդարանական մեծամասնություն չի կազմում. նրանք միասին ԱԺ-ում ունեն ընդամենը
56 ձայն: Ս. Սուրենյանցի համոզմամբ, սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը
ցանկացած պահի կարող է հայտարարել կառավարության փոփոխության մասին, եթե դա անհրաժեշտ
լինի նախագահին: «Այդ դեպքում նախագահականից նույնիսկ կարող են արհեստական ճգնաժամ
հարուցել խորհրդարանում, եւ հիմա Ա. Մարգարյանը պաշտոնավարում է բացառապես Քոչարյանի
«բարի» կամքի շնորհիվ»,- նկատեց նա: Բայց որքանո՞վ է ռեալ այդ հեռանկարը,
եւ որքանո՞վ է դա համապատասխանում Ռ. Քոչարյանի շահերին: Ս. Սուրենյանցի կարծիքով,
դա կախված է այն բանից, թե Ռ. Քոչարյանն ինչ ծրագրեր ունի՝ կապված 2007թ. խորհրդարանական
ընտրությունների հետ: «Մասնավորապես, պարզ չէ՝ նախագահի նստավայրում ուզո՞ւմ են,
որ 2007-ին էլ ՀՀԿ-ն մնա դոմինանտ ուժ խորհրդարանում, թե՞ ոչ: Եթե Քոչարյանը Հանրապետականին
զսպելու խնդիր ունենա՝ միայն «Բարգավաճ Հայաստանի» գործոնը դրա համար բավարար չէ:
Դրա համար նախագահականից պետք է փորձեն սահմանափակել նաեւ ՀՀԿ-ի վարչական ռեսուրսների
կիրառման հնարավորությունները: Բայց որ ԱԺ-ում եւ կառավարությունում ձեւավորված ներկայիս
կոնֆիգուրացիայով Ռ. Քոչարյանը կառավարությունը լուծարելու շանս է ստացել՝ ակնհայտ
է: Ավելին, ես նույնիսկ կարծում եմ, որ Ռ. Քոչարյանն առանձնապես ջանքեր էլ չգործադրեց,
որ կառավարության հենարանը խորհրդարանում ավելի կայուն եւ ամուր լինի: Ես չեմ պատկերացնում,
որ եթե նախագահականում շատ ուզեին՝ նաեւ «Ժողպատգամավորը» մասնակից չդառնար կառավարության
ձեւավորմանը: ՀՀ խորհրդարանում, բացառությամբ ընդդիմադիր խմբակցությունների, ես չգիտեմ
այլ խմբակցություն, որը սկզբունքորեն չգործի այն խաղի կանոններով, որոնք թելադրվում
է նախագահական աշխատակազմից: Կարծում եմ, այս իմաստով նախագահի նստավայրում որոշ
մարդիկ փորձում են ինչ-ինչ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառել, որոնք անհրաժեշտության
պահին կարող են պետք գալ նախագահականին»,- կարծիք հայտնեց Ս. Սուրենյանցը: Այդուհանդերձ,
«Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը մի քանի անգամ է հայտարարել, որ
իրենց առաջարկվել են պորտֆելներ, բայց իրենք չեն համաձայնել, որովհետեւ ԱԺ նոր ընտրություններին
մեկ տարի է մնացել եւ իրենց ներկայացուցիչների գործունեությունը կառավարությունում
արդյունավետ լինել չէր կարող: «Ես չեմ ուզում Կ. Կարապետյանի անկեղծությունը
կասկածի տակ դնել, բայց մյուս կողմից՝ չեմ ուզում կարծիք ստեղծվի, թե մեկ տասնյակից
ավելի գործարարները, որոնք միավորված են այդ խմբում, այնքան գաղափարաքաղաքական ընդհանրական
հենքի վրա են միավորվել, կամ այնքան անկախ են, որ նրանցից մի մասի կամ մեկ-երկուսի
միջոցով հնարավոր չէր լինի «Ժողպատգամավորին» ներքաշել կառավարության ձեւավորման
մեջ, եթե, իհարկե, նման ցանկություն նախագահական ապարատում կար»,- հակադարձեց կուսակցականը:
Ս. Սուրենյանցը միաժամանակ իր տեսակետն ուներ այն հարցում, թե ինչու Ռ. Քոչարյանը
չի պնդել, որ «Ժողպատգամավորը» մասնակից դառնա կառավարության ձեւավորմանը: «Որքան
ինձ հայտնի է ԶԼՄ-ներից, այդ կուսակցության («Միավորում հանուն Հայաստանի»- Ն. Մ.)
նկատմամբ քաղաքական «պապայությունը» տակավին վիճարկման փուլում է: Բանն այն է, որ
դեռեւս պարզ չէ, թե այդ կուսակցության նկատմամբ վերահսկողության առումով ով է դոմինանտը՝
ՀՀ գլխավոր դատախա՞զը, Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կրեմլին մոտ կանգնած ռուսահայ գործարար
շրջանակը: Իսկ այս իրավիճակում, երբ առնվազն երկու-երեք խաղացողներ կան, որոնք հավակնություններ
ունեն այդ կուսակցության նկատմամբ, նրանցից որեւէ մեկին պաշտոն առաջարկելը կուսակցությունում
իրավիճակն էլ ավելի կխճճեր եւ չի բացառվում, որ հանգեցներ դեռեւս նոր ձեւավորվող
քաղաքական այդ միավորման տապալմանն ընդհանրապես: Իսկ իշխանություններին այդ կուսակցությունը
պետք է լինելու ապագայում «կուսական» վիճակում»,- իր տեսակետն այսպես ձեւակերպեց
Ս. Սուրենյանցը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել