Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ
սկսվեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի քննությունը
ընդդեմ Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի: Հայցվորը վիճարկում էր
վարձակալության երկւու պայմանագրերը՝ անվավերության հետեւանքները կիրառելու մասին:
2002թ. սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով նա պահանջում էր որպես վարձ վճարված գումարների
բռնագանձում, Վ. Սարգսյան 7 հասցեում իրենց կողմից կատարված վերանորոգման եւ բարեկարգման
աշխատանքների հատուցում եւ առանց որեւէ իրավական հիմքի որպես վարձ վճարված գումարներից
(անհիմն դրամական հարստացում) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված
տոկոսների բռնագանձում: Սակայն երեկ հայցվոր կողմը հանդես եկավ նաեւ երկրորդ հայցով՝
գույքի տիրապետման եւ օգտագործման իրավունքի խախտումները, որոնք զուգորդվել են տիրապետումից
զրկվելու հետ վերացնելու պահանջի մասին հայցով: Հայցվորը պնդել էր, որ իբրեւ գրասենյակ,
Վ. Սարգսյան 7 հասցեում գտնվող 168 քմ մակերեսով տարածքի կապակցությամբ անցյալ տարի
նույն այս օրը կնքվել է 1 տարով վարձակալության պայմանագիր՝ Կոմեդիայի թատրոնի եւ
իր միջեւ: Սակայն թատրոնի տնօրինությունը «ինքնակամորեն եւ ապօրինաբար» փոխել է վերոնշյալ
հասցեի 168 քմ մակերեսով տարածք մուտք գործելու մուտքերի փականները, խոչընդոտելով
տարածքը օգտագործելու, իր սեփական գույքը՝ գրասենյակային, փաստաթղթային, կնիքներ,
տիրապետելու հնարավորությունից: Հայցվոր կողմի ներկայացուցիչն էր փաստաբան Վահագն
Գրիգորյանը, իսկ Կոմեդիայի թատրոնը ներկայացնում էր (ոչ բեմական նշանակությամբ) տնօրեն
Կարո Շահբազյանը: Դատարան էր ներկայացել նաեւ պետական գույքի վարչությունը: Հայցվորի
ներկայացուցիչը միջնորդեց լրացուցիչ պահանջել վարձակալության պայմանագրի բնօրինակը,
գրագրությունները եւ հայտարարեց. «Հիմքեր կան երկյուղելու, որ անհրաժեշտ ապացույցներ
ներկայացնելը կարող է անհնարին կամ դժվարին դառնալ, քանի որ մնացած փաստաթղթերը գտնվում
են ԴԱՀԿ-ի կողմից կնքված տարածքում»: Թատրոնի ներկայացուցիչը հայտնեց, որ մեկ ժամ
է իրեն անհրաժեշտ, որպեսզի դատարան բերի 10 ամսվա ամսական վճարների անդորրագրերը
(յուրաքանչյուր ամիս՝ 201.600 դրամ), սակայն մեկ շաբաթ ժամանակ էլ իր հերթին խնդրեց
պետական գույքի վարչությունը, հայտնելով, որ իրենք մայիսի 29-ին են ստացել հայցադիմումը
եւ հնարավորություն չեն ունեցել լրացուցիչ ապացույցներ ներկայացնել: Դատարանը հարգեց
միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ