Որպես ԱԺ նախագահ՝ իր առաջին հարցազրույցում ասաց Տիգրան Թորոսյանը
– Կշարունակե՞ք մնալ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար:
– Կարծում եմ՝ ընդամենը մի քանի օր է մնացել մինչ նստաշրջան, այսօր դժվար է կտրուկ որոշումներ կայացնել, բայց կարծում եմ, մենք կգտնենք լավագույն լուծումները, որոնք կլինեն առավել օգտակար մեր երկրի համար:
– Դուք երբեւէ պատկերացնո՞ւմ էիք, որ կդառնաք ԱԺ նախագահ:
– Ես երբեք պաշտոնների մասին չեմ երազել եւ չէի կարող ենթադրել՝ ինչ կլինի եւ ինչպես կլինի: Կարծում եմ՝ ընդհանրապես կյանքը դժվար է կանխատեսել երկար ժամանակի համար, հատկապես այնպիսի մի ժամանակաշրջանի համար, ինչպիսին մենք ապրում ենք արդեն 15-20 տարի: Բայց կարեւորն այն չի՝ կանխատեսում էիր, թե չէիր կանխատեսում, պլանավորել էիր, թե ոչ, կարեւորը իրողություններն են: Որեւէ պաշտոն ստանձնելիս կարեւոր է մեկ բան՝ երբեք չմոռանալ, որ պաշտոնը ժամանակավոր է, պաշտոնը զբաղեցնելիս չանել այնպիսի բաներ, որ ստվեր կգցի այդ պաշտոնի վրա, որովհետեւ պաշտոնը որեւէ մեկիս սեփականությունը չի, պաշտոնը պետությանն է, եւ պահանջում է համապատասխան վերաբերմունք:
– Ինչպե՞ս եք նշելու ձեր պաշտոնավարման սկիզբը, կարծես դուք ոգելից խմիչք չեք օգտագործում: Այդ ուրախությունը ո՞նց եք արտահայտելու. «Հանրապետականները» պետք է խմե՞ն, դուք նայե՞ք:
– Ինչպես ամեն մի նորմալ մարդ, ես էլ նորմալ խմիչք խմում եմ, այդպես չի, որ ընդհանրապես ոչ մի խմիչք չեմ խմում:
– Ի՞նչ եք խմում:
– Կոնյակ: Բայց, անկեղծ ասած, ոգելից խմիչքների առանձնապես նախընտրություն չունեմ, կարեւորը առիթն է, ոչ թե բաժակի պարունակությունը:
Հարցերը՝ Մ. ԵՍԱՅԱՆԻ